Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սեքսապաթոլոգների միջազգային օրվա առանձնահատկություններից, նշեց, որ օրը նշանավորվում է այն հանգամանքով, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության էքսպերտները սեռական առողջության վերջնական սահմանումն են տվել:
«Սեռական առողջությունը, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության էքսպերտների, ընդհանուր առողջության բաղկացուցիչ մասն է, որը չի ենթադրում միայն սեռական խանգարումների բացակայություն , այլ ներառում է անհատի սոցիալական, կենսաբանական եւ բարոյական բարօրությունը, որն ապահովում է անհատի անկաշկանդ փոխհարաբերությունը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ ամուր ընտանիքի ստեղծման հիմքերը»,- մեջբերեց Սեւադա Հակոբյանը:
Բանախոսի պնդմամբ ՝միայն սեռապես առողջ անհատն է կարող ստեղծել անկաշկանդ սեռական հարաբերություններ, վարել ազատ սեռական կյանք եւ ստեղծել ամուր ընտանիք:
Պրն Հակոբյանի խոսքերով՝ սեռական առողջության պահպանման համար կարեւոր հանգամանք է հանդիսանում սեռակրթության առկայությունը: «Այս պարագայում պետք է առանձնացնել նորմաները. գոյություն ունեն բարոյական, վիճակագրական , կենսաբանական եւ այլ նորմաներ»:
Կարդացեք նաև
Բանախոսը, անդրադառնալով բարոյական նորմաներին, ասաց, որ տարբեր հասարակություններում տարբեր կերպ են դրանք դրսեւորվում: «Պարտադիր չէ մի հասարակության բարոյական նորմը համապատասխանի մեկ այլ հասարակության բարոյական նորմին: Այստեղ են առաջանում այն խնդիրները, որ եվրոպական հասարակության համար ընդունված արժեքները կամ մոտեցումները երբեմն ընդունելի չեն լինում մեր հասարակության համար: Յուրաքանչյուր երկրում սեռակրթության հիմունքները պետք է համապատասխանեցնել տվյալ հասարակության բարոյական նորմերին»:
Բանախոսը նշեց, որ սեքսապաթոլոգներին ավելի հաճախ դիմում են տղամարդիկ, քան կանայք: «Կանայք դիմում են միայն տղամարդկանց դիմելուց հետո: Կա կարծրատիպ, որ սեռական կյանքի թելադրող կողմը համարվում է տղամարդը : Սակայն ներկայումս իրավիճակը փոփոխվել է, եւ կինը ավելի ակտիվ կողմ է հանդիսանում ամուսնական եւ զուգընկերային կյանքում»:
Խոսելով Հայաստանում սեքսապաթոլոգների գործի առանձնահատկություններից, Սեւադա Հակոբյանը հայտնեց, որ Հայաստանում առկա է ամոթխածության խնդիրը. «Այսինքն` երբեք որեւէ անհատ չի ցանկանում, որպեսզի մեկ այլ մարդ իմանա իր խնդիրների մասին: Պրոբլեմը քողարկում են եւ մեկը մյուսին չեն ասում, որ ունեցել են որեւէ խնդիր եւ դիմել եմ բժշկի: Առանձնահատկություններից մյուսն էլ այն է, որ հիվանդը նստած բժշկի առջեւ խոսում է երրորդ դեմքով՝ կարծես թե խոսում է, իր ծանոթի, այլ ոչ թե ինքն իր մասին»,- նշեց սեքսապաթոլոգը:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ