Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն այսօր «Զարկերակ» ակումբում անդրադարձավ Ջեյմս Ուորլիքի՝ Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում տեղի ունեցած ելույթին:
Նրա խոսքով, Ուկրաինան վերածվում է մսաղացի, ամերիկացիները խնդիր ունեն իրենց դեմքը փրկելու, իսկ դրա համար ամենահարմար ճակատը Այսրկովկասն է: Քաղաքագետի ձեւակերպմամբ, Ռուսաստանին Այսրկովկասում կայունություն եւ հանգստություն է պետք, իսկ դրա իրագործման համար ամենահարմարը Հայաստանն է, ու «Ռուսական իշխանությունները 18-20 թթ բոլշեւիկների տհասությունը չպետք է կրկնեն»:
Լեւոն Շիրինյանը Ուորլիքի ծրագիրը համարում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր՝ հնչեցված կոնֆլիկտաբանության շրջանակներում. «Թվում է Ադրբեջանին են գովում, իրականում Ռուսաստանի են դեմ քշում… Ինչ վերաբերում է Ուորլիքի նշած վեց կետերին, կարծում եմ, որ դրանք մեր մահն են»:
Բանախոսը ողջունեց ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, թե ոչ մի թիզ հող չի տրվելու, Պաշտպանության նախարարի հայտարարությունն էլ զուսպ, բայց տեղին համարեց: Իսկ ամերիկացի համանախագահի «խաղերի» մասին էլ հետեւյալ հայտարարությունն արեց. «Մինչեւ ապրիլի 24-ը Ուորլիքն իրեն այնպես էր պահում, թվում էր, թե մաման հայ է, իսկ հետո՝ խնդրեմ…Պետք է ուշադրություն դարձնել նրա հայտարարության ժամկետներին, դա եւս ենթատեքստ ունի»: Քաղաքագետը հարցի լուծման իր «դեղատոմսն» ունի. «Մեր երկրի մոբիլիզացիոն ուժը պետք է մեծանա, արտագաղթը կասեցվի, հարկային, մաքսային դաշտը պարզեցվի, հայրենակիցների ներգաղթ կազմակերպվի, թեկուզ ուկրաինահայության, ազգային կապիտալի ներհոսք եւ բնակեցում՝ արեւելյան հատվածներում: Եթե այս հարցերը լուծվեին, որեւէ Ուորլիք նման հայտարարություն չէր անի»:
Կարդացեք նաև
Լեւոն Շիրինյանի համոզմամբ, պետք է Ռուսաստանին հասկացնել, որ Առաջին Հանրապետությունից առայսօր Հայաստանի դեմ իրականացված եւ իրականացվող ռուսական խարդավանքներից Ռուսաստանը ոչինչ չի շահել:
Նրա ձեւակերպմամբ. «Մեր դաշնակցային հարաբերությունը Ռուսաստանի հետ երբեք չպետք է վերածվի «Ուռա՜ Ռուսաստան»-ի»:
Ասուլիսի ժամանակ արձագանք եղավ Անաստաս Միկոյանի արձանի՝ Երեւանի կենտրոնում դնելու աժիոտաժին: Քաղաքագետը արձանը դնելու ոմանց ցանկությունն ու գործընթացը խրտվիլակային խաղ որակեց: Նա հայտարարեց, որ
1918-ին Միկոյանը Շահումյանի հետ կատարելով բոլշեւիկյան իշխանության պատվերը՝ հատուկ խաղ է խաղացել Հայաստանի գլխին, իսկ 18-ի օգոստոսին տառացիորեն փախել է: «Երբ հայ ժողովրդի ճգնաժամը տեղի ունեցավ Բաքվում՝ սեպտեմբերին, ո՞ւր էին հայ բոլշեւիկները, թող մնային ու կռվեին հանուն Բաքվի հայության, ինչպես դա արեցին Ռոստոմը, Աբրահամ Գյուլխանդարյանը, Համազասպը: Ի դեպ, Համազասպին քառահատեցին հանուն Բաքվի հայության կռվելու համար»:
Բանախոսը զայրանում է. « Եթե մեր սիմվոլները Ռոստոմի, Արամ Մանուկյանի ու մյուսների փոխարեն դառնում են միկոյանները, մեր զինվորն էլ ո՞ւմով է ոգեւորվելու: Ես զարմանում եմ նաեւ մեր հայ պատմաբանների լռության վրա: Ախր Միկոյանի հանցանքը նույնիսկ Բաքուն չէ, ՀՀ Առաջին հանրապետությունը կործանելու մեջ է: 1920 թ սեպտեմբերի 1-7-ը կայացած Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարում, որտեղ որոճում էին Հայաստանի կործանման ծրագիրը, դրանով զբաղված հրեա կոմունիստներ Բելա Կունի, Կարլ Ռադեկի ու Էնվեր փաշայի կողքին նստած էր նաեւ Միկոյանը…Երբ Հայաստանը հռչակվեց «Իմպերիալիզմի սպիտակ շուն», Միկոյանը այդտեղ էր: Նույնիսկ, երբ Ալիեւ կոչված մի չեկիստ սուրը հանել խփել էր գետնին ու ասել, որ մինչեւ Հայաստանը ծնկի չգա, սուրը պատյանը չի մտցնի, ծափահարողների մեջ էր նաեւ Միկոյանը»:
Լեւոն Շիրինյանը հետեւյալ կարծիքի է. «Եթե ռուսները երբեւէ Վլասովի արձանը կդնեն որեւէ տեղ, ուրեմն կարելի է մտածել՝ Միկոյանի արձանը Թիֆլիսում դնե՞ն թե ոչ, որովհետեւ Միկոյանը նպաստել է Վրաստանի բարգավաճմանը՝ Հայաստանի հաշվին…Ուղղակի զարմացած եմ՝ այսօր անգամ հայ ազատամարտիկների հավաքական արձան չկա Հայաստանում, մինչդեռ մեր աչքի առաջ են կռվել, դե նման արձան դրեք, ոչ թե հայրենիքը ծախողների»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ