ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը այսօր երիտասարդական կոնգրեսի համագումարի ժամանակ խոսեց մի հանցավոր կազմակերպության մասին:
«Մի հանցավոր կազմակերպություն, որը տարիներ շարունակ ահաբեկման է ենթարկել մի երկրի իրավապահ մարմիններին, բռնության ենթարկել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, խանգարել հասարակական անդորրն ու հանդարտությունը: Այս կազմակերպության դեմ շատ լուրջ պայքար է գնացել, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, բերման են ենթարկվել մարդիկ, ձերբակալել են, մարդկանց են բանտերում նստացրել, եւ այս հանցավոր կազմակերպության դեմ պայքարը շարունակվում է, ես խոսում եմ ՀԱԿ երիտասարդ թեւի մասին»,- ասաց պարոն Զուրաբյանը:
Հետո նա թվարկեց այդ «հանցավոր կազմակերպության» «խռովարարների» անունները՝ Տիգրան Առաքելյան, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններին, Սերգեյ Գասպարյան, Թաթուլ Սարոյան… «Այդ մարդիկ ինչպե՞ս դարձան կրկնահանցագործ սեփական երկրում, նրանք դարձել են հանցագործ, որովհետեւ մեր երկիրը շուռ տված է, ու մեր երկիրը կառավարում են ավազակներ, ավազակներն են ստանում բոլոր պաշտոնները , ստանում են հարգանքի տուրք, իսկ լուսավորյալ ու սկզբունքային երիտասարդները հայտնվում բանտերում կամ հետապնդվում պետության կողմից: Հասկանալի է դառնում մեր պայքարի հետագա բանալին: Ուրեմն պայքար, պայքար, պայքար մինչեւ վերջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև