Արդեն մի քանի տարի է, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը ավանդաբար կազմակերպում է տոնական միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին և Շուշիի ազատագրմանը, իր հարգանքը և խոնարհումը բերելով զոհված նախնիների և քաջարի ազատամարտիկների հիշատակին: Ավանդույթը չխախտվեց նաև այս տարի: Դեռևս մայիսի 8-ին, Երկրապահի օրվա առիթով, գործող բոլոր եկեղեցիներում կատարվեցին արցախյան հերոսամարտի զոհերի հոգեհանգստյան արարողություններ:
Ցավով ենք նշում, որ դիմելով բոլոր միջոցներին և օգտագործելով Վրաստանում ադրբեջանական համայնքի անդամներին, այդ թվում Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորներին, ադրբեջանական կողմը թբիլիսահայ համայնքի վրա սկսեց տեղալ սպառնալիքների տարափ, մայիսի 9-ին ծրագրված համերգը արգելելու պահանջով: Սահմաններն անցնելով, Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը, ճնշում գործադրեց ArtHall դահլիճի տնօրինության վրա դահլիճ չտրամադրելու պահանջով: Տնօրինությունը, խախտելով կենտրոնի հետ պայմանավորվածությունը, համերգից մի քանի ժամ առաջ մերժեց դահլիճի տրամադրումը:
Հակառակ ստեղծված իրավիճակի, «Հայարտունը» հաստատակամորեն կանգնեց մայիսյան տոները նշելու իր որոշման վրա: Այն իրականացնելուն չխանգարեց ոչ էլ անձրևային եղանակը: Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվեց բացօթյա համերգ, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ,Կոմանդոսի քույրը՝ տիկին Մարգարիտ Տեր-Թադևոսյանը, Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի ղեկավարությունը, համայնքային կառույցների պաշտոնյաներ, արժանավոր հայորդիներ:
Հավլաբար թաղամասում հավաքվեց հոծ բազմություն, որը մեծ խանդավառությամբ մինչև ավարտը ներկա գտնվեց համերգային ծրագրին: Տոնական հանդիսությունը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Ու տարածվեց ողջ Հավլաբար թաղամասով հաղթանակի և խաղաղության ոգով լիաշունչ հայոց ազգային երգը, պարը, ասմունքը, դուդուկի և դհոլի ոգեշնչող երաժշտությունը: Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տոնական ուղերձը: Համերգին մասնակցեցին հայկական պարային համույթները, անհատ կատարողներ, ասմունքողներ և «Հայարտուն» կենտրոնի մշակութային խմբակները:
Հավարտ համերգի օրհնության և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը արժևորեց իր հողի վրա խաղաղ ապրելու հայ ժողովրդի բարի կամքը, ինչպես նաև մյուս ազգերի հետ խաղաղ Կովկասում համերաշխ ապրելու հայերի պատրաստակամությունը: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց համերգի կազմակերպիչների, թեմի բաժինների ղեկավարների և մասնակիցների աշխատանքը:
Կարդացեք նաև
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը իր երախտագիտությունն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարությանը հանդիսության անխափան ընթացքն ապահովելու համար:Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին և Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական մեծ համերգը Թբիլիսիում ավարտվեց շքեղ հրավառությամբ:
Վրաստանի հայկական համայնք