ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին:
Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին եւ բարձր գնահատեց մարզպետի պաշտոնում նրա երկարատեւ աշխատանքը: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ նա իր փորձով ու գիտելիքներով հետագայում եւս օգտակար կլինի պետական կառավարման համակարգում:
Ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝ փոխվարչապետը նշեց, որ նա երկար տարիներ աշխատել է հանրապետական գործադիր մարմնում, ծանոթ է նաեւ մարզին ու մարզում առկա խնդիրներին: Հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք մաղթելով մարզպետին՝ փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ նա իր ջանքերը կներդնի խնդիրների լուծման, մարզում տարբեր ծրագրերի կենսագործման համար: Ա. Գեւորգյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում կայցելի մարզի համայնքներ՝ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին