Մայիսի 10-ը սեքսապաթոլոգների մասնագիտական տոնն է: Այս առիթով զրուցեցինք ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի հետ: Նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խնդիրներով են ավելի շատ դիմում իրեն:
«Սեքսապաթոլոգը մարդու սեռական առողջության պաշտպանն է: Մեզ դիմում են բոլոր այն խնդիրներով, որոնք վերաբերում են սեռական առողջությանը: Տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական հետեւյալ խնդիրներով՝ էրեկցիայի (պոտենցիայի) խանգարում կամ՝ ժողովրդական լեզվով ասած՝ իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ եւ ուշացած սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեքսուալ խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նեւրոզով եւ այլն, սեքսուալ աններդաշնակության հարցեր եւ այլն: Կանայք՝ անօրգազմիա, սեռական բավարարվածության բացակայություն, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեքսուալ աններդաշնակություն եւ այլն»,- ասաց մասնագետը:
Նրա ձեւակերպմամբ, Հայաստանում սեքսուալ կուլտուրան դանդաղ քայլերով, բայց աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից. «Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսապաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսապաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է, որը բուժում եւ կանխարգելում է սեքսուալ խանգարումները»: Մասնագետի հետ զրույցի մանրամասները՝ առաջիկա համարներից մեկում:
Գ. Հ.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ