Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժականն ունի 24 ժամ գործող ռադիո «Ֆամա»

Մայիս 10,2014 14:14

Մայիսի 7-ը՝ Ռադիոյի միջազգային օրը, Մանկավարժական համալսարանում նշանավորվեց բուհի ռադիոյի՝ Առաջին համալսարանական ռադիո «Ֆամա»-ի կայքի շնորհանդեսով:

Շնորհանդեսին ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ տարբեր բուհերից:

Շատերին անծանոթ «Ֆամա» եզրույթը հասկանալի դարձավ կայքի շնորհանդես-համերգի ընթացքում: Մանկավարժական համալսարանի ուսանողները հենց բեմում բացահայտեցին՝ այն հունա-հռոմեական դիցարանում աստվածուհի է, որն «ամեն ինչ լսում է, ամեն ինչ տեսնում է», ապա վստահեցրին՝ 24 ժամ եթերում նույն գործառույթը կկատարի նաեւ «Առաջին համալսարանական ռադիո»-ն:
Մանկավարժական համալսարանի հերթական ձեռքբերումն իրենց երաժշտական կատարումներով շնորհավորեցին էստրադային եւ ռոք երաժշտության աստղեր Սոնա Շահգելդյանը, Սոնա Ռուբենյանը, The Beautified Project խումբը, ինչպես նաեւ հեռուստատեսային տարբեր նախագծերից հայտնի անհատ կատարողներ:
«Նորություններ», «Ինչպես լսել», «Հաղորդումներ», «Ծրագիր», «Ֆրեշ», «Շուտով», «Մեր մասին». սրանք են ռադիո «Ֆամա»-ի կայքի հիմնական բաժինները, որոնց միջոցով կայքի այցելուները կծանոթանան համալսարանական եւ կրթական համակարգի խնդիրներին, նորություններին, երիտասարդներին հուզող տարատեսակ հարցերին:
Որպես լրատվական գործունեություն իրականացնող՝ ռադիո «Ֆամա»-ի առաջին հաղորդումը եղել է հենց լրատվական թողարկումների ապահովումը. օրվա ընթացքում երեք ժամը մեկ եթերում է օրվա լուրերի թողարկումը՝ 12:20, 15:00, 18:00 (գլխավոր թողարկում) եւ 21:00:

Ռադիոյի հաղորդացանցի այսօրվա բոլոր հաղորդումների հեղինակները հենց ուսանողներն են: Ռադիո «Ֆամա»-ի եթերում այսօր հնչում են ռադիոլուրեր, հայտարարություններ, «Երիտասարդության ձայն», «Կաթով սուրճ», «Մի երգի պատմություն», «Ռադիոարվեստ», այլ երիտասարդական հաղորդումներ:
Առաջին համալսարանական ռադիոն իրականացնում է ոչ պակաս կարեւոր գործառույթ` հարթակ հանդիսանալով համալսարանի հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողների` ապագա լրագրողների գործնական պատրաստվածությանը:
Ռադիո «Ֆամա»-ի կայքի ծնունդը շնորհավորեց եւ բարի երթ մաղթեց նաեւ ՀՊՄՀ Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը՝ նկատելով, որ այն վերացրեց ռադիոյի մասին շրջանառվող հայտնի տեխնոլոգիական առասպելը, թե համացանցը կխժռի ամեն ինչ՝ այդ թվում նաեւ ռադիոն:

Լեւոն Գալստյանը հույս հայտնեց, որ ռադիոն կարճ ժամանակում կստանա իր վերջնական կերպարանքն ու իր շուրջը կհամախմբի ուսանողներին ու դասախոսներին, հիմք հանդիսանալով նաեւ համալսարանական հեռուստատեսության ծնունդին:
Ռադիո «Ֆաման»  եթերում է 2013 թվականի նոյեմբերի 1- ից, սակայն կայքի պաշտոնական շնորհանդեսն արվեց Ռադիոյի միջազգային օրը:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարին says:

    Սեփական լրատվություն?Հարգելի Առավոտ,այդ երբվանից լրատվական մեկ այլ աղբյուրից լուր թռցնելն ու մի երկու նախադասություն կողքից կարկատելը,դարձավ սեփական լրատվություն///

    Երևի հուշեմ, որ նյութի աղբյուրն է https://aspu.am/news/n/2879/ln/am

  2. Դիանա Մարկոսյան says:

    Հարգելի Մարին, ՙԱռավոտ՚-ը նյութը հրապարակել է Մանկավարժական համալսարանի Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության խնդրանքով: Հրապարակումը բացարձակ օբյեկտիվ է: Չեմ կարծում, որ սա քննարկման հարց էր: Լավ կլինի հետեւողական լինեք անբարեխիղճ լրատվամիջոցների գործունեության հանդեպ եւ նման հետեւողականությամբ հետամուտ լինեք հեղինակային իրավունքի այլեւայլ դրսեւորումների: Սա էդ դեպքը չի: ՙԱռավոտը՚ միշտ աչքի է ընկնում իր պրոֆեսիոնալիզմով:

  3. Մարին says:

    Ես միայն ուրախ եմ, որ սա Լրատվականի խնդրանքով է տարածվել..ինձ համար պարզապես անհասկանալի էր սեփական լրատվություն եզրույթը,ուզում էի ճշտել…Ինչ վերաբերվում է Առավոտին,դա այն եզակի հարթակներից է, որից ես նախընտրում եմ ստանալ լրատվություն:
    😉

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031