Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար. «Երբեք ցույց չէր տա, որ ինչ-որ խնդիր ունի»

Մայիս 10,2014 14:20

«Վահեն դեռ մանկուց շատ ժպտերես էր, խոսելիս միշտ ժպտում էր: Բավական էր՝ կես բառ ասեիր, ինքն արդեն գնում էր անելու. չէր սպասում, որ իրեն խնդրեն: Հիշում եմ, որ ձեռքիս ծանր տոպրակով գալիս էի տուն, Վահեն վազում էր ու օգնում ինձ, -հիշում է հարեւանուհին` Անուշը, եւ ավելացնում, – էս ընտանիքի երեխաները մեր աչքի առաջ են մեծացել, երեքն էլ շատ դաստիարակված են, հնազանդ, մեծին հարգող: Շատ համերաշխ ընտանիք է»:

Վահրամ Մուրադյանը ծնվել է 1983թ. մայիսի 4-ին: Նա ընտանիքի միջնեկ զավակն է՝ ունի քույր եւ եղբայր: Մտերիմները Վահրամին Վահե են անվանում:
Վահրամի ծնողները պատմում են, որ թեեւ դպրոցում այդքան էլ բարձր առաջադիմությամբ չէր սովորում, սակայն մեծ ցանկություն ուներ դառնալ իրավաբան:
«Հորեղբայրն իրավաբան ա, ու ինքը շատ էր ուզում նմանվել նրան: Մի անգամ, երբ դեռ փոքր էր, փողոցից ինչ-որ մայորի հին փաստաթուղթ էր գտել, իրա նկարը կպցրել էր վրան ու խաղ էր անում»,- պատմում է Վահրամի մայրը՝ Ալիսը:

Vahrami-mayry_Alis-Manukyany

Տիկին Ալիսը հիշում է, որ որդին շատ մաքրասեր էր ու տունն այնպես էր հավաքում, մաքրում, որ շատերը զարմանում էին:

«Վահեն 8-րդ դասարանում էր սովորում, այդ ժամանակ ես գիշերվա հերթափոխով էի աշխատում: Մի օր առավոտյան եկա գործից, ու մամաս եկավ մեր տուն: Տունը շատ մաքուր էր: Մամաս չհավատաց, որ Վահեն ա մաքրել, դասավորել: Մամայիս ասեցի՝ դու ծաղկամանների տեղը փոխի, կտեսնես, որ Վահեն կնկատի: Վահեն եկավ տուն, ասեց՝ «բարեւ, տա՛տ… էդ ծաղկամանների տեղն ով ա՞ փոխել», -ժպիտով հիշում է Վահրամի մայրը:

Ծնողներին օգնելու նպատակով Վահրամն աշխատում էր հարեւանի խանութում ու բենզալցակայանում:

«Շատ կազմակերպված, խելացի ու ամաչկոտ երեխա էր: Խանութի բանալին ու ամբողջ ապրանքը միայն Վահեին էինք վստահում: Մեծերին շատ հարգում էր, միշտ օգնում էր բոլորին: Նույնիսկ, երբ ինքն էլ լիներ կարիքի մեջ, միեւնույն ա՝ կհասներ օգնության: Տղաս Վահեի հետ նույն դասարանում էր սովորում: Բոլոր դասընկերները շատ սիրում ու հարգում էին Վահեին»,-պատմում է հարեւանուհին՝ Գայանեն ու հավելում, որ Վահրամն ինչքան էլ տխուր լիներ, երբեք ցույց չէր տալիս, որ ինքն ինչ-որ բանի կարիք կամ խնդիր ունի:

«Մի անգամ ինչ-որ մարդիկ էին եկել ու բենզին էին ուզում առանց գումարի: Տղաներս բենզալցակայանում նստած էին, զգացի, որ Վահեն ամաչում ա, բայց փորձում ա իրա ուժերով լուծել խնդիրը: Չէր ուզում, որ ավելորդ խոսակցություն լինի: Սկսեց հումորներ անել, որ այդպես հարթի իրավիճակը ու հանկարծ վեճ չառաջանա: Էդպես իր հումորներով էլ կարողացավ առանց վեճի հարթել իրավիճակը»,- հիշում է Գայանեն:
Տիկին Ալիսն էլ ասում է, որ որդին շատ հարմարվող էր ու թեեւ ընտանիքն այդքան էլ լավ պայմաններում չի ապրել, սակայն նա ոչնչից չի բողոքել:

«Անընդհատ հաշվարկներ էր անում, մտածում էր ինչ առնի տան համար: Միշտ հոգ էր տանում մեր մասին: Երբեք չէր նեղանում: Հենց ջղայնանում էի վրան, հումորներ էր անում, որ ծիծաղեի ու անցներ բարկությունս: Տատիկին ու պապիկներին շատ էր սիրում, շատ էր կապված նրանց հետ», -պատմում է մայրը:

2001-ին Վահրամն անցնում է զինվորական ծառայության:

«Բանակ գնալու թուղթը (զինկոմիսարիատի ծանուցագիրը- հեղ.), որ ստացել էր, ոնց որ կարմիր դիպլոմ ստացած լիներ, ուրախացած բոլորին ցույց էր տալիս, -պատմում է մայրն ու հավելում, որ որդուն ծառայակից ընկերները շատ էին հարգում, – ինքը շատ ձիգ տղա էր, իրան «Զգաստ» էին ասում: Հենց հասնում էինք զորամասի դարպասների մոտ, տղաները գոռում էին՝ «Զգաստ» արի, ձերոնք են եկել: Վահեն շատ գոհ էր ծառայությունից: Նամակում գրել էր՝ «մա՛մ ջան, մենք չկարողացանք սովորենք, գոնե այնպես արեք, որ քուրս սովորի»:

Տիկին Ալիսն ասում է, որ վերջին անգամ Վահրամի հետ հեռախոսով խոսելիս որդին ասել էր, որ լավ ծառայության համար գովասանագիր է ստանալու:
«Կանչեցին զինկոմիսարիատից, ուրախացած գնացի, մտածեցի՝ Վահեի գովասանագիրն են տալու: Գնացի, իմացա, թե ինչ ա եղել: 2003-ի մայիսին պետք ա ավարտեր զինծառայությունը, հունվարին բերեցին…»,- ասում է մայրը:

«Սովորական ընտանիք էինք: Ինքը շատ լավ, շատ խելացի երեխա էր: Դպրոց, հետո աշխատանք, հետո էլ ժամանակն եկավ ու գնաց բանակ: Բոլորն էլ ասում էին, որ ինքը լավ մարդ էր: Կարգ ու կանոն էր սիրում, շատ կոկիկ էր, հավաքված… Հուշ մնաց…»,- արցունքն աչքերին ասում է Վահրամ Մուրադյանի հայրը` Արամայիսը:
Վահրամ Մուրադյանը զոհվել է 2003-ի հունվարի 15-ին, հունվարի 12-ին ադրբեջանական կողմի դիպուկահարի արձակած գնդակից մահացու վիրավորվելու հետեւանքով: Նա 19 տարեկան էր:

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք զանգահարել 098804800:
Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031