Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք ազատ ապրել, ինչ եք ուզում մեզանից»

Մայիս 10,2014 14:30

Ասում է երկրից արտագաղթած գիտնականը

Հայաստանում ստեղծված «գաղջ մթնոլորտի» պատճառով վերջերս երկիրը լքած՝ 25 տարվա գիտնական, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Ղույումչյանի խոսքերով՝ արտագաղթի հիմնական պատճառը մարդկանց սոցիալական վիճակը չէ, ավելի մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը: Ինքը՝ Վահան Ղույումչյանը, հնարավորություն ունեցել է ավելի վաղ հեռանալու՝ մասնագիտական վերապատրաստումների առիթներով, բարեկամների հրավերներով, բայց չէր լքում երկիրը՝ հավատալով, որ մեր ժողովրդի ոգին բարձր է, եւ նա ձգտում է անկախ պետականություն կերտել, ու դա նաեւ իր երազանքն էր: Բայց երբ հասկացավ, որ ժողովուրդն իրեն կամավոր ստրկության է մատնել, երկրից հեռանալը գիտնականի համար դարձավ անխուսափելի:

«Եթե ես զգայի, որ ժողովուրդը ինքը չի ուզում ստրուկ լինել, ես էլի կմնայի, էստեղ սոցիալական խնդիրները էդքան կարեւոր չեն, չնայած հետո, երբ դու զգում ես, որ պայքարդ արդեն անիմաստ է դառնում, բնականաբար սոցիալական խնդիրներն են առաջ գալիս, որ ասում ես՝ լավ, վերջիվերջո ես էլ ընտանիք ունեմ, երեխաներ ունեմ, սենց հո չի կարելի շարունակել: Բայց եթե զգայի, որ ժողովուրդը ինքը ուզում է պայքարել, չի հարմարվում էդ ստրուկի վիճակին, ես հաստատ չէի գնա՝ թեկուզ օրվա հաց չունենայի ուտելու: Բայց տեսնում էի, որ իմ միջավայրը, իմ շրջապատը ուրախանում է իր ստրկությամբ, ես հոգեբանորեն արդեն շատ խորը դիսկոմֆորտ էի ապրում»,- ասում է նա:
Հոգեբանը տարբերակում է ֆիզիկապես ստրկացվածին հոգով, գիտակցությամբ ստրուկից. «Մարդիկ ստրուկներ են, բայց սրանցից մեկը հոգով, գիտակցությամբ ստրուկ չի, իսկ մյուսը գիտակցությամբ էլ է ստրուկ: Ի՞նչ են ուզում նրանք. արտաքինից թվում է, թե երկուսն էլ ազատություն են ուզում: Բայց ինչի՞ են ուզում ազատություն, որ ի՞նչ անեն, ինչպես կասեր մեր «ասողը»: Ստրուկը, որը որ ազատ է հոգով, ուղղակի ազատությունն ուզում է, որ ազատ ապրի, այ, գնալու է սարի գլխին վրան դնի եւ էդ վրանի մեջ ապրի, իսկ ստրուկը, ով գիտակցությամբ է ստրուկ, նրա միակ ցանկությունը ստրկատեր դառնալն է: Այսինքն՝ իրեն դուր է եկել, որ իրեն ծեծել, ջարդել են, ու ինքը երազել է, ասել է՝ երանի ես էլ ստրուկներ ունենայի: Էսօր մեր իշխանությունը էդ ստրուկներից է կազմված: Ամենամեծ դժբախտությունը, որ հենց էդ ստրուկին է բախտ վիճակվել դառնալ ստրկատեր, ու ինքն էլ չի հասկանում՝ ազատ մտածող մարդը ինչ է ուզում: Ուզում ենք ազատ ապրել, ինչ եք ուզում մեզանից: Բայց ազատ մարդը գիտի՝ իր ազատության սահմանը չի անցնելու, չի էլ թույլ տալու, որ իր ազատությունը սահմանափակեն: Իսկ ստրուկը ազատության ձեռը կրակն է ընկնում: Հիմա մեր ժողովրդի շատ մեծ հատված, հսկայական հատված, նույնիսկ 60-70 տոկոսը էդ ստրուկի հոգեբանությունից չի կարողացել ազատվի: Էն որ լկտիաբար կարմիր լույսի տակով էլ են անցնում, կողքերը նայում, թե հո միլիցիան չտեսավ. էս ամեն ինչը… սրանք ստրուկներ են»:

Վահան Ղույումչյանն էլ «գիտակցությամբ ազատ» մարդ է, Հայաստանում ի՞նչն էր սահմանափակում նրա ազատությունը: Հարցին պատասխանում է. «Իմ ազատությունն արդեն սահմանափակում էր ստրուկների մեջ ապրելը, ես էլ չէի կարողանում, անտանելի էր տեսնել, թե ինչ մեծ հաճույքով ենք մեր երկիրը տալիս օտարին: Գիտեք, ռուսին մեղադրել չի կարելի, եւ ոչ էլ անգլիացուն: Նժդեհն ասում էր՝ հաշմանդամի պահանջկոտությունը եւ մուրացկանի եսամոլությունը դարձրել ենք մեզ համար հոգեբանական զենք եւ մեր դժբախտությունների չնչին մասն անգամ զլանում ենք վերագրել ինքներս մեզ: Այսինքն՝ բոլորը մեղավոր են, մեղավոր էր թուրքը, որ մեզ մորթեց, ռուսը, որ դավաճանեց, անգլիացին, որ իր նավերը մեր սարերը չբարձրացան, բայց մենք ինչ մեղավոր ենք: Շատ կներեք, ոչխարն էլ կարող է մեղադրի, որ ինքը խաշլամա է դառնում: Էդ երկրները իրենց պետություններն են սարքում, իրենց ազգային շահերը ունեն, դուք էլ ձերը պահեիք, մենք էլ մերն էինք պարտավոր պահել: Կամ՝ էլի ազգային գիտակցության հետ կապված՝ մեր երգերը նայեք՝ «Զարթի՛ր լաո, մըռնիմ քըզի, սուլթան կուզե ջնջել մըզի». ինքը ոչ մի բան չի ուզում անել, բայց աչքը օրորոցի վրա է: Հետո նա է մեծանում, նա է աչքը գցում էլի օրորոցի վրա, ինչքան կարելի է էս ձեւով: Մեր ժողովուրդը էպոսի պառավի նման մինչեւ կորեկը չես ոչնչացնում, ձեն չի հանում: Տեսեք կուտակայինի պատմությունը. ինչ ասես իշխանությունը կարող է ժողովրդի գլխին բերի՝ կարող է պետությանը դավաճանի, կարող է երկիրը վաճառի, իշխանությունը կարող է ամեն ինչ անել, ինքը ձեն չի հանի, բայց հենց կուտակային ինչ-որ մի երկու կոպեկի կպավ, կորեկին կպավ, պառավը ձեն հանեց»: Վահան Ղույումչյանն իր վերաբերմունքն է արտահայտում նաեւ ժամանակ առ ժամանակ երկրում ծավալվող ընդդիմադիր քաղաքական եւ քաղաքացիական շարժումների, գործընթացների մասին: «Ընդդիմությունը հսկայական մեղք ունի, որովհետեւ ընդդիմությունը իշխանությունից ոչ մի բանով չի տարբերվում: Նախ ճշմարտություն է Չերչիլը, որ ասում էր՝ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, բայց այստեղ կա եւ օբյեկտիվը, եւ սուբյեկտիվը: Օբյեկտիվորեն, աստվածաշնչյան ճշմարտություն է, Մովսեսը, որ հրեաներին առաջնորդում էր Ավետյաց երկիր, 40 տարի պահեց անապատում ու երբ որ գնաց Աստծո պատվիրանները ստանալու, եկավ տեսավ՝ նորից շրջվել են՝ կուռքեր են սարքել: Մենք էլ ենք էլի անընդհատ ասում՝ 2.20-անոց երշիկը սովետի ժամանակվա: Հիմա 40 տարի էդ մարդն էլ անելիք չուներ, խնդրեց Աստծուն, որ մանանա իջացնի, կերակրի, բայց եթե քարտեզը նայեք, 11 օրվա ոտքի ճանապարհ է ընդամենը դեպի իրենց նախանշած Ավետյաց երկիրը: Բա ինչի՞ չէր տանում Մովսեսը էդ ժողովրդին եւ ի՞նչ ասեց, երբ որ հարցրին, ասեց՝ մինչեւ վերջին հրեան, ով ծնվել է գերության եւ ստրկության մեջ, իր մահով չմեռնի, ես էս ազգը չեմ տանի Ավետյաց երկիր: Բայց մի քանիսը էլի հայտնվեցին էդ Ավետյաց երկրում, ու էդ ժողովուրդը էլի կորցրեց իր պետությունը 2000 տարով: Այսինքն՝ նախ սերունդ պիտի փոխվի: Բայց մի ձեւի կախարդական շրջան է դարձել, մարդիկ կան, որոնք կոմսոմոլի քծնանքի ու էդ ամեն ինչի դպրոցը չեն անցել, 18-20 տարեկան անկախության սերունդ են, բայց ոչ մի բանով չեն տարբերվում 70-ական թվականների կոմսոմոլից. սա ինչ-որ փոխանցում է գնում ժառանգական, ինձ համար լրիվ անհասկանալի է: Մենք մի շատ լուրջ խնդիր էլ ունենք. չենք կարողանում տարբերել պետություն-հայրենիք- իշխանություն հասկացությունները:

Իշխանությունից դժգոհ է ժողովուրդը, սկսում է պետությանը հայհոյել: Պետությունը սրբազան է, պետությանը հայհոյել չի կարելի: Կամ լսել եք, չէ՞, ասում են՝ «էս պետությունը», ուշադիր եղեք՝ սա ասում են իշխանավորները, պատգամավորները, չինովնիկները, «էս պետությունը», այսինքն՝ դա իրենց պետությունը չի, չեն ասում «մեր պետությունը», սա օտար է իրենց գիտակցության մեջ: Պետությունը, հայրենիքը սրբազան են, իսկ մեր ժողովուրդը չի կարողանում սրանք տարբերակել: Օրինակ, պաշտոնյաներից մեկը ասում էր՝ ես պետականամետ մարդ եմ, եղել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, Ռոբերտ Քոչարյանի հետ, հիմա էլ Սերժ Սարգսյանի հետ եմ, ու ինքը շատ լավ է ապրում՝ բնականաբար եւ էն ժամանակից շատ լավ է ապրել, ես իրեն, իհարկե, ուղղեցի, ասեցի՝ դուք իշխանամետ եք: Պետությունը մենք ենք: Հայրենիքն ինչ է վերջիվերջո, հայրենիքը հոգեբանական կատեգորիա է, մեզ՝ ինձ, քեզ, մյուսներին տալու ոչ մի բան չունի, բայց ընդհուպ ինձնից կարող է պահանջի իմ կյանքը: Իմ հայրենիքում, որ հայկական բարձրավանդակն եմ ես համարում, հայրենիքի մի հատվածում ես ստեղծել եմ պետություն, որն արդեն իրավական խնդիր ունի: Մենք հավաքվել ենք, ստեղծել ենք պետություն, գրել ենք պետության օրենքը, որ կոչվում է Սահմանադրություն, որտեղ ֆիքսել ենք իմ, ձեր իրավունքներն ու պարտականությունները: Օրինակ, ես դասախոս եմ, ժամանակ չունեմ, դրա համար ընտրում եմ նախագահ, որ գնա էդ խնդիրներով զբաղվի: Նախագահն իմ ծառան է, ոչ թե իմ թագավորը, բայց տեսեք՝ ժողովուրդը նախագահին թագավոր է համարում: Նախագահին էլ է դուր գալիս, որ ինքը թագավոր է, չի հասկանում, որ ինքը իմ ծառան է եւ ինքը ինձ հաշվետու է իմ առաջ: Չորս տարի կգնա ուրիշ պայմանագրերի մասին կխոսի, մի օրվա մեջ ուրիշ բան կանի, բայց դեռ ոչ մի հաշվետվություն ինձ չի տվել, թե ինչի է արել էդ քայլերը: Ու մեր ժողովուրդը սկսում է հայհոյել պետությանը: Ինչի եք պետությանը հայհոյում, մեր հազարամյա երազանքն է պետությունը: Հեշտ է պետությանը հայհոյել, իշխանության մասին ոչ մի բան չխոսել: Պետությունը, իրավական կատեգորիա լինելով, պարտավոր է հարգել իմ իրավունքները, եւ իմ պարտականություններն էլ ես կատարեմ: Բայց տեսեք, պատերազմական վիճակների ժամանակ ասում են հանուն հայրենիքի, ինչի, որովհետեւ եթե ասեն հանուն պետության, կասեն՝ պետությունը պիտի կատարեր իր պարտավորությունները՝ սկսած իմ ապրելու իրավունքից, մինիմալ սպառողական զամբյուղից, ինչի չի կատարել, դատարանները ինչի նորմալ չեն աշխատում, իրավապահ մարմինները կամ քո պաշտոնյաները ինչի նորմալ չեն աշխատել. էս հարցերը կարող են տալ, չէ: Իսկ եթե ասում են՝ հանուն հայրենիքի, հայրենիքից ինչ պիտի ուզես: Լյուդովիկոս 14-րդի պատմությունն է դառել՝ պետությունն այդ ես եմ, եթե մարդը իշխանության դեմ խոսում է, շատ ձեռնտու է, ասում են՝ դու պետության դեմ ես, ինչի ենք պետության դեմ, դո՛ւք եք պետության դեմ, ի՛մ պետության դեմ: Սերժ Սարգսյանն ասում էր՝ գաղջ մթնոլորտ եք ստեղծել, զարմանալիորեն ճիշտ է ինքը մեկնաբանում իրավիճակը, բայց առավել զարմանալիորեն՝ ինքը չի հասկանում, որ ինքն է դրա հեղինակը»:

Ո՞րն է ստեղծված «գաղջ մթնոլորտից» դուրս գալու ելքը` ըստ Վահան Ղույումչյանի: «Կարծում եմ, որ Աստված մեր ազգին շատ է սիրում: Բացատրեմ միտքս, իհարկե, մեջը մի քիչ կատակ կլինի. ոչ մի ուրիշ ժողովրդի 6-7 անգամ հնարավորություն չի տվել անկախ պետություն ունենալու Աստված, բայց հայերիս տվել է: Երբ որ Աստված աշխարհը ստեղծեց, առաջինը հային վերցրեց դրեց լեռան գագաթին, ասեց՝ ձեռքդ ինչքան հասնում է՝ վերցրու, ու քանի որ մեկ դարը երկրի վրա երկնքում մեկ օր է, շրջվեց մի քանի ուրիշ գործերով էլ զբաղվեց, այսինքն՝ անցավ մի քանի դար, շրջվեց տեսավ՝ հայերն էլի նույն կարգավիճակում են, զարմացավ, ջղայնացավ, մեզ պատժեց: Բայց պատժելով, պատժելով՝ էլի տվեց հնարավորություն, վերջում տեսավ՝ էլ ելք չկա, ասեց՝ լավ, իմ դրախտի մի մասը տամ հայերին, թող ապրեն, տարավ դրեց Կիլիկիա: Մինչեւ շրջվեց՝ մի քանի ուրիշ գործեր արեց, էս հայերը կորցրեցին էդ պետությունը, ու էսպես կամաց-կամաց քչացնելով, քչացնելով, բայց վերջում՝ 15 թվականին, կարծում եմ՝ էնքան զայրացավ, որ որոշեց ոչնչացնի մեր ժողովրդին: Հիշեց, որ էս ժողովուրդը ունի Նարեկացի, պահեց էլի: Փոքր հնարավորություն տվեց էլի փորձելու, 2 տարվա մեջ՝ 18-20 թթ.-ին, էդ էլ կորցրինք, հետո Խորհրդային միության կազմում մի քիչ պահեց, մտածեց, որ հասունացել ենք, ու մի հատ էլ հնարավորություն տվեց պետություն ունենալու: Բայց սա վերջին հնարավորությունն է, եթե սա կորցրինք, կորցնելու ենք ամեն ինչ ու, կարծում եմ, վերանալու ենք: Պարսիկին մի անգամ տվեց պետություն ունենալու հնարավորություն, առաջին պետական միավորումն է մարդկության պատմության մեջ, առայսօր ունեն, էն մյուսներն էլ, ում տվեց, ունեն, ում էլ չտվեց, չունեն: Օրինակ, քրդերը մեզնից 4-5 անգամ ավելի շատ են, բայց պետություն չունեն: Ու շատ-շատ ազգերի չի տվել պետություն ունենալու հնարավորություն: Մենք հիմա սա էլ ենք կորցնում: Ու սա վերջինն է, կորցրինք, էլ չենք ունենալու: Գիտակցությունը պետք է փոխվի. ստրուկների համար անկախ լինելը շատ դժվար գործ է: Պատկերացնում եք մեր իշխանության մակարդակը, եւ նրանք հանկարծ պետության մասին մտածեն ու պետական հոգս կրեն: Դժվար բան է պետական հոգսը, դրա համար պիտի գիտելիք ունենաս, նվիրված լինես քո ժողովրդին, ազգիդ նվիրված լինես, խելք ունենաս վերջիվերջո, որ խելացի մարդկանց հավաքես նաեւ քո շրջապատը, միջավայրը պիտի փոխես, խնդիրները պիտի դնես ճիշտ. սրանք շատ ծանր բաներ են, իսկ շատ ավելի հեշտ չի՞ պետության բեռը գցել ինչ-որ մեկ այլ պետության վրա ու շատ հանգիստ պայմաններում ապրել հարուստ, կուշտ ու երջանիկ»:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. մարգար says:

    Ցավալի փաստի ենք ականատես՝ – մեզ բախտ վիճակվեց հաղթանակ տանելու եւ պետություն ունենալու, սակայն այս անգնահատելի արժեքները մենք դարձրինք «խոզերի ոտքի կոխան» (Աստվածաշունչ), քանի որ տկարամիտ ագահներն ու անձնասեր չարամիտները մեր մեջ ավելի շատ գտնվեցին, քան գիտակիցներն ու նվիրյալները: Արդ՝ որին հայհոյենք եւ ումից նեղսրտենք՜:

  2. Տիգրան says:

    Ինչքան ճիշտ ա արտահայտվել մարդը ու ինչքան ցավ, սեր, մտահոգություն կա նրա խոսքում: Բայց ոնց անենք, որ մեր գիտակցությանը հասնի այս ամենը:

  3. Նազիկ Ղազինյան says:

    Բայց հիմա էլ կան ստրկության դեմ պայքարողներ,երբ փորձեց միանալ նրանց

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031