Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ գիտակցում ես անմեղ զինվորի թափված արյան գինը՝ ավելի զգոն ես լինում

Մայիս 10,2014 14:40

«Հենակետում ավելի մեծ պատասխանատվությամբ ենք լցվում, քանի որ ամբողջ պաշտպանական գործողությունները մեզանից են կախված, եւ որքան մենք պատրաստված եւ զգոն լինենք՝ այնքան ամուր կլինեն մեր դիրքերը: Կարեւորը հենակետերը պաշտպանված լինեն, քիչ բան չենք արել ծառայության ընթացքում՝ պետք է ամեն կերպ պահել մեր ունեցածը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մեր երկրի հյուսիսարեւելյան զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Ռուբեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով. «Դժվար է հենակետում, հատկապես գիշերով. երբ երկար մի կետի նայում ես, աչքիդ շարժվող բան է երեւում, որը իրականում չկա, պետք է խուճապի չմատնվել եւ ուշադիր լինել, քանի որ այդ պահին քեզանից է կախված նաեւ ընկերներիդ կյանքը»:
Զինվոր Մարտիրոսյանը ծառայության վայրում է հատկապես հասկացել, որ պապերի սխրանքները հայրենիքի պահպանության համար անգնահատելի են. «Երբ զինվորը զգում է, թե ինչպես են իր պապերը, հայրերը պահել հայրենիքը եւ ինչեր են արել հայրենիքի համար, այսօր այդ ամենը զգացող զինվորը չի կարող հայրենասեր չլինել: Հիմի էլ մենք ենք պահում մեր հայրենիքը, մենք ենք տեր կանգնում մեր հողերին, ու այդ ամենը այն դեպքում, երբ թշնամին մի կիլոմետր շառավղով հեռու է մեզնից. ինչպե՞ս անտարբեր լինես հայրենիքիդ հանդեպ»:

zinvor-1

Նշենք, որ լրագրողների այցը զորամաս կազմակերպել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը:
Մեզ հետ զրուցած Ռուբենի եւ իր զինծառայող ընկերների խոսքերով՝ հայրենասիրությունը առավել ընդգծվում է հատկապես այն զորամասերում, որոնք սահմանամերձ են. «Դու անմիջապես տեսնում ես թշնամուդ 30 մետրի վրա, գիտակցում անմեղ զինվորի թափված արյան գինը՝ որոնք էլ ստիպում են քեզ հենակետը ամուր պահել»,- պատմում էր Արմենը, որին զորացրվելու համար ընդամենը մեկ ամիս էր մնացել:

Սահմանի գլխին կանգնած ու արդեն հայրենիքի սիրո համը ճաշակած զինծառայողները պատմում էին, որ ծառայելուց առաջ այլ հայացքներ են ունեցել հայրենիքի, կրոնի նկատմամբ, եւ միայն այնտեղ, որտեղ առավել մոտ են զգում թշնամուն, ձեռք են բերել արժեքային նոր համակարգ: Ըստ նրանց՝ ծառայելուց հետո, զինվորի որպես տղա, մտածելակերպը շատ է փոխվում. «Ձեւավորվում է մի գաղափար, որ ծառայելուց առաջ չէիր էլ պատկերացնի դրա մասին՝ լինում ես ավելի հավասարակշռված, հասուն, խելացի, միայնակ ապրելու կարողություն ես ձեռք բերում: Իմ բանակային ձեռքբերումներից կարող եմ առանձնացնել հավատը, որ չնայած մինչ ծառայության գալն էլ ունեի, բայց այստեղ, հատկապես հենակետերում աղոթքը շուրթերիս է լինում, որ Աստված խաղաղ պահի մեր երկիրը, սահմանները, եւ բոլոր զինծառայողներն անփորձանք տուն վերադառնան»,- ասում է Ռուբենը՝ նկատելով, որ բանակում շատ կարեւոր է զինվորի՝ նաեւ հոգեւոր կյանքով ապրելու հանգամանքը. «Ամեն անգամ, երբ Տեր հայրը ամբողջ գումարտակի համար աղոթում է, եւ նոր ուղարկում են հենակետեր՝ զինվորն իրեն առավել պաշտպանված է զգում»:

Նրա խոսքերով. «Իմ հողն ու ջուրն է՝ իմ պահած սահմանները, չեմ ցանկանա հեռանալ երկրիցս, բայց երբ պահած հողիդ վրա չեն թողնում ապրել, բնականաբար, մտածում ես այլ երկիր գնալու մասին»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031