Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ձկնորսները կամ ձկնորսության քաղաքականությունը

Մայիս 10,2014 10:58

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի «մեծ ձկներին գլխից բռնելու» հայտնի ֆրազից հետո, Հայաստանում փոքր և միջին բիզնեսի հարկ վճարողները մեծ ուրախություն ու ոգևորություն ապրեցին: Նրանք հույսով ու հավատով ներշնչվեցին, որ վերջապես հայաստանյան շուկայում կվերանան անհավասար մրցակցությունները, կդադարեցվեն հարկային հետապնդումները, կստեղծվեն բարենպաստ պայմաններ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, կնախապատրաստվեն օրենսդրական նոր փաթեթներ այդ գործընթացները կարգավորելու համար: Բայց այդ ուրախությունը երկար չտևեց:

Նրանք երբևէ չէին պատկերացնի, որ նախագահի «մեծ ձկներ բռնելու» հրահանգը Ազգային ժողովը և Կառավարությունը այլ կերպ էր պատկերացնում: Թերևս ձկնորսությունից մի փոքր գաղափար ունեցող մարդը պատկերացնում է, որ մեծ ձկներ բռնելու համար, կամ պիտի բոբիկանաս մտնես ջուրը, կամք ու խիզախություն դրսևորելով մեծ ձկներին գլխից բռնես` եթե ջրային բիզնես միջավայրը ծանծաղ է, կամ մեծ և պինդ անցքերով ձկների գլխին համապատասխան ցանց պիտի գցես այդ միջավայր, որպեսզի փոքր ձկները անիմաստ չորսվեն: Իսկ մեր օրենսդիրներին այս մեթոդներից ոչ մեկը ընդունելի չէին: Նրանք պատրաստեցին մի կուտակաեկամտային «օրենս-դինամիտ» փաթեթ և ազգային ժողովի պատուհանից գցեցին ջուրը: Բնականաբար փոքր ձկների մի մասը վերացան, մյուս մասը քաշվեցին օտար ջրեր, իսկ մեծ ձկները իջան ջրի հատակը մինչև անցավ վտանգը:

Օրենսդիրները, հասկանալով, որ անընդունելի են ձկնորսության այդպիսի աղմկալից, պայթունավտանգ և աննպատակ մեթոդները, հիմա էլ որոշել են շրջանառության նոր հարկի տեսքով «Շեյթան» գցել հայաստանյան բիզնես ջրերը: Դրա հիմնավորումն այն է, որ ՓՄՁ-ի միջոցով հարկման դաշտ բերեն մեծ բիզնեսին: Այսինքն՝ եթե անդրադառնանք ձկնորսության քաղաքականությանը, դա նշանակում է Փոքր և Միջին Ձկներին (այսուհետև ՓՄՁ) «հագցնել կարթին» մեծ ձկներ բռնելու համար: Հարկ ենք համարում հիշեցնել որ,նրանց պետք չէ դարձնել խայծ, քանի որ առանց այդ էլ նրանց ջրից ուտում են մեծ ձկները, ցամաքից գիշատիչները, իսկ օդից ձկնկուլները: Դրա համար նրանք միշտ ձգտում են լողալ ջրի հոսանքին հակառակ, դեպի մաքրության սկզբնաղբյուր, դեպի ազատ շնչելու և վերարտադրվելու բարենպաստ միջավայր:

Ռուսաստանի գործարար հայերի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031