Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային երաշխիքների լավագույն ժամանակները չեն հիմա»

Մայիս 10,2014 14:50

«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը՝
դեսպան Ուորլիքի հայտարարության մասին

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ուորլիքի հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման վեց սկզբունքների մասին, որին հետեւեց նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն «օկուպացված» տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու մասին:

– Հայկական մամուլում դեսպան Ուորլիքի ելույթի հրապարակումից հետո ՀՀ-ից ու ԼՂՀ-ից մի շարք արձագանքներ եղան։ Արձագանքները հիմնականում բացասական էին, թեեւ եղան նաեւ ոչ բացասական դիտարկումներ ու կարծիքներ։ Իսկ ոմանց լռությունն էլ շատ խորհրդանշական էր եւ գրեթե սահմանակից էր համաձայնության։ Այսպես թե այնպես՝ հանրությունում քննարկումներ սկսվեցին, ինչն էլ, ըստ իս, տվյալ պարագայում ամենակարեւորն է։ Չեմ բացառում, որ դեսպան Ուորլիքի նախաձեռնության նպատակներից մեկն էլ հենց դա էր։ Կարծում եմ՝ ամերիկացիներն ավելի անկեղծ են մեր նկատմամբ, քան մեր իսկ իշխանությունները։ Ժամանակին ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան էր հրապարակավ մանրամասնում բանակցային գործընթացը, այսինքն՝ այն, ինչ մեզնից թաքուն էին պահում մեր իսկ իշխանությունները։ Այնպես որ՝ մեր որոշելիք խնդիրն է՝ ուզում ենք սեպտեմբերի 3-ի օրվա նման մի օր արթնանալ այլ երկրում ու այլ իրավիճակո՞ւմ, թե՞ նախընտրում ենք մասնակցել մեր ճակատագրի որոշմանը։ Այստեղից էլ՝ մեր վերաբերմունքը նման ելույթների նկատմամբ։
Համենայնդեպս, բավականին ուշագրավ դիտարկում է արել ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Նա հանրության ուշադրությունը սեւեռել է դեսպան Ուորլիքի ելույթի մի նախադասության վրա։ Ահա այն՝ «կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է եւ ուրվագծում է համաձայնությունը, եւ ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք»:

Ուշադրություն դարձրեք՝ ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք։ Ահա այս դիտարկումից հետո պարոն Մայիլյանը հետեւյալ մեկնաբանությունն է անում. «Այս սկզբունքներն ու դրանց առնչվող տարրերը բանակցությունների սեղանին են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղյան հակամարտության կողմերից գոնե մեկի ազգային իշխանությունը չի հայտարարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումների անընդունելիության մասին»: Ըստ Մայիլյանի՝ ժամանակն է միջազգային միջնորդներին ազատել կեղծ պատկերացումներից, ինչը թույլ կտա հակամարտող կողմերին մշակել կարգավորման նոր մեխանիզմներ, որոնք կհամապատասխանեն ժամանակի իրողություններին: Այնպես որ՝ իրո՛ք ժամանակն է բարձրաձայն հայտարարելու այս մասին։ Եթե շատ հակիրճ պարզաբանելու լինենք, թե ինչու են մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի, ապա կարելի է ասել հետեւյալը՝ դրանք նպատակամիտված են Ղարաբաղյան հակամարտության ոչ թե պատճառների, այլ հետեւանքների վերացմանը։

Արցախի հանրային դաշտից վաղուց են հնչել բանակցային գործընթացի փիլիսոփայությունն ու մեթոդաբանությունը փոխելու առաջարկներ։

Բայց ես նաեւ երկու այլ հանգամանքների վրա ուշադրություն կդարձնեի։ Խոսքն այն մասին է, թե ինչ պայմաններում ու իրավիճակում է հնչել դեսպան Ուորլիքի ելույթը։ Առաջին՝ Ադրբեջանի օրավուր սաստկացող հայատյացության մթնոլորտում։ Այս մթնոլորտում ոչ միայն ցանկալի չէ, այլեւ վտանգավոր է կարգավորման ցանկացած փորձ։ Նման փորձեր պիտի ձեռնարկել բարենպաստ մթնոլորտի պարագայում, երբ կա փոխվստահության գոնե նվազագույն պաշար։ Իսկ մեր պարագայում հակամարտության կողմերի փոխվստահության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է։ Կարծում եմ՝ միջնորդների ջանքերն ամենից առաջ պետք է կենտրոնացվեն թշնամու կերպարի վերացման ուղղությամբ։

Երկրորդ հանգամանքը միջազգային մթնոլորտն է։ Երբ դեսպան Ուորլիքը կամ միջնորդները խոսում են միջազգային երաշխիքների մասին, ապա պիտի նկատի ունենան, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված եւ Յալթայում ձեւակերպված անվտանգության համակարգն այսօր ուղղակի անմխիթար վիճակում է։ Ողջ աշխարհի առաջ օրը ցերեկով բզկտվում է մեզնից շատ ավելի հզոր ու իր աշխարհաքաղաքական կշռով միանգամայն այլ քաշային կարգում գտնվող երկիր՝ Ուկրաինան։ Այնպես որ՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում ներկայումս ձեւավորված անվտանգության համակարգը վերանայելիս պիտի նկատի ունենալ, որ միջազգային երաշխիքների, մեղմ ասած, լավագույն ժամանակները չեն հիմա։ Այս պայմաններում շատ կարեւոր է չխախտել հակամարտության կողմերի ռազմական ու միջնորդների դիվանագիտական հավասարակշռությունը։

– Համարժե՞ք էր ԼՂՀ ԱԳՆ-ի արձագանքն այդ հայտարարությանը: Դուք ինչպիսի՞ն էիք այն պատկերացնում:

– Ամենակարեւորը՝ արձագանքը ժամանակին էր, ինչը խրախուսելի է, քանի որ գնալով ղարաբաղյան կողմի վերաբերմունքը կարեւորվելու է։ Այն, ինչ ասվել է այդ հայտարարության մեջ, իրո՛ք կարեւոր է։ Այդուհանդերձ, ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ հստակ ու աներկբա գնահատական չի տրվում մադրիդյան սկզբունքներին։ Սա ամենեւին էլ պատահական չէ։ Տարիներ շարունակ Ստեփանակերտից տարբեր մակարդակներով կարծիքներ են հնչել մադրիդյան սկզբունքների անընդունելիության մասին, բայց միեւնույն ժամանակ ԼՂՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ բանակցային գործընթացում լուրջ տարաձայնություններ չունեն ՀՀ իշխանությունների հետ եւ գնահատում են այն, թե ինչպես են նրանք ներկայացնում ԼՂՀ շահերը։ Իսկ ՀՀ իշխանությունները բանակցային գործընթացում քննարկում են ոչ այլ ինչ, քան մադրիդյան սկզբունքները։ Ահա այս աբսուրդն է, որ պիտի ի չիք դրվի։

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Թեմայի շուրջ այլ մեկնաբանություններին եւ պարզաբանումներին ծանոթացեք  կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031