Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆրանսուա Օլանդի հայկական մոտիվները

Մայիս 10,2014 14:59

Վաղը չէ մյուս օրը Ֆրանսուա Օլանդը ժամանելու է Երեւան: Ինչ-որ զարմանալի նմանություններ կան ներկայիս Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ:
Երկու երկրներում էլ ժողովրդի մի զգալի մասը խիստ դժգոհ է իշխանություններից, երկու երկրներում էլ չի ապահովվել խոստացված տնտեսական աճը, երկու երկրներում էլ կառավարությունը շաբաթներ առաջ հրաժարական է տվել: Պարզապես Հայաստանում ընդդիմությունը միայն սպառնացել էր զանգվածային բողոքներ կազմակերպել, իսկ Ֆրանսիայի ընդդիմությունը ուղղակի հաղթանակ էր տարել տեղական ընտրություններում, ինչը եւ կառավարության փոփոխության պատճառ դարձավ:
Ու էլի նմանություններ կան, բայց նախ՝ Ֆրանսուա Օլանդին առաջարկված «հայկական» միլիոնի մասին:

Խոսքը, իհարկե, կաշառքի մասին չէ: Մայիսի 24-ին Փարիզում սպասվում է «համաշխարհային իրադարձություն»՝ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ամուսնանում է իր զուգընկեր Քանյե Ուեսթի հետ: Եվ ըստ արեւմտյան լրատվամիջոցների՝ զույգը Ֆրանսուա Օլանդին է առաջարկել մեկ միլիոն դոլար, որպեսզի նախագահը թույլ տա իր, այսպես կոչված, Հանրապետական գվարդիան օգտագործել հարսանիքին ժամանող բազմաթիվ հայտնի հյուրերի անվտանգությունն ապահովելու համար:

Հանրապետական գվարդիան, որն ունի 3200 անդամ, սովորաբար ապահովում է Ֆրանսիայի ղեկավարների եւ նրանց բարձրաստիճան հյուրերի՝ տարբեր երկրների նախագահների, վարչապետների եւ այլ պետական այրերի անվտանգությունը:
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը, որոշ տեղեկություններով, ավելի հեռուն են գնացել՝ առաջարկել են իրենց ամուսնության օրը ընդհանրապես փակել Փարիզի օդային տարածքը: Այս անգամ խոսքը անվտանգության մասին չէ: Պարզապես զույգը մտավախություն ունի, որ պապարացիները ուղղաթիռներ կվարձեն եւ վերեւից կնկարահանեն հարսանեկան արարողությունը, այնինչ դրա իրավունքը ֆանտաստիկ գներով արդեն վաճառված է որոշակի ընկերությունների:

Փաստն այն է, որ Փարիզի օդային տարածքը փակելու համաձայնությանը մեկնաբանները խիստ կասկածում են, իսկ Հանրապետական գվարդիան օգտագործելու առաջարկի վերաբերյալ նախագահականից առայժմ արձագանք չկա:

Բայց վերադառնանք հայկական զուգահեռներին: Հայաստանցիներն, իհարկե, հիշում են, որ ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, որը հայտարարեց իր հրաժարականի մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծորեն խոստովանեց, որ չի կարող ապրել եւ ընտանիք պահել 250 հազար դրամ պաշտոնական աշխատավարձով: Նույն այս օրերին նույն անկեղծությամբ աչքի ընկավ նաեւ Ֆրանսուա Օլանդը: Նախագահ ընտրվելու երկրորդ տարեդարձի առթիվ ուղիղ եթերում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ 61-ամյա մի ֆրանսուհի նախագահին հարց ուղղեց՝ «Ես թոշակառու եմ եւ ամսական ստանում եմ 662 եվրո կենսաթոշակ: Դուք կկարողանայի՞ք այդքան գումարով ապրել»: Նախագահն առանց այլեւայլության պատասխանեց՝ «Ոչ»:

Ի դեպ, ֆրանսիացիների հետ այդ եթերային զրույցի ընթացքում անձնական հարցերն այնքան շատ էին, որ մեկնաբաններից մեկը սոցիալական ցանցի իր էջում հեգնեց. «Պարոն նախագահ, կահույքի խանութից մի նոր պահարան եմ գնել, եթե 4 համարի պտուտակահան ունեք, կօգնե՞ք մեր տանը հավաքել այն»:

Իսկ հեռուստահաղորդավարը Ֆրանսիայի նախագահին այսպիսի հարց ուղղեց, որ երեւի թե կարելի է ուղղել նաեւ հայաստանցի որոշ ղեկավարների. «Եթե դուք ընտրող լինեիք եւ ընտրեիք ձեզ, արդյոք դուք հիմա հիասթափված չէի՞ք լինի»: «Ես անհամբեր կլինեի, բայց ոչ հիասթափված»,- պատասխանեց նախագահը՝ առաջարկելով այժմ՝ իր պաշտոնավարության երկրորդ տարուց հետո հետեւություններ չանել, այլ սպասել մինչեւ 2017 թվականը, երբ կավարտվեն իր լիազորությունները:

Իսկապես, ֆրանսիացի ընտրողին այլ բան չի մնում, քան սպասել, որովհետեւ առայժմ սոցիալիստական իշխանությունների գործունեության արդյունքները, մեղմ ասած, անմխիթար են՝ տնտեսական աճը վերջին տարում կազմեց ընդամենը մեկ տոկոս, մինչդեռ գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ գրեթե 10 տոկոսի:
Եվ ինչպես Հայաստանի վարչապետը անցած տարվա վերջին կայացած իր ասուլիսում տնտեսության վատ վիճակը բացատրեց նախորդ իշխանությունների սխալ քաղաքականությամբ, այնպես էլ Ֆրանսուա Օլանդը բողոքեց, թե շատ ծանր ժառանգություն է ստացել, որովհետեւ «Նիկոլա Սարկոզին երկիրը հասցրել էր սնանկացման եզրին»:

Հայտնի է, սակայն, որ թե Հայաստանում, թե Ֆրանսիայում հասարակ մարդն այնքան էլ հակված չէ ընդունել իշխանությունների արդարացումները եւ բացատրությունները: Վերջին հարցումների համաձայն՝ ֆրանսիացիների 75 տոկոսը համոզված է, որ Ֆրանսուա Օլանդը ունակ չէ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Նման ցածր վարկանիշ Ֆրանսիայի նորագույն պատմության ընթացքում չի ունեցել երկրի որեւէ նախագահ…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hakob says:

    ինչ անկապ համեմատություներ է, ուղղակի թքած կպցրած անկապություն

    • Hayk says:

      Հակոբ, Քիմ Քարդաշյանի մոմենտը շատ էլ լավն էր: Էսօրվա ամենահայտնի հայն ա աշխարհում: Կատակ չեմ անում:

  2. Hayk says:

    Не 75%, а 86 %.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031