Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ պապը

Մայիս 09,2014 22:54

papiՆվիրվում է Հայրենական պատերազմի վետերաններին

Պապս երեք տարի ծառայել է բանակում, այնուհետեւ սկսվել է Հայրենական Մեծ պատերազմը, ու եւս 5 տարի նա անցկացրել է ռազմաճակատում:

Նա բազմաթիվ մեդալներ ու շքանշաններ էր վաստակել, որոնք փաստում էին իր արիությունը ու նվիրումը հայրենիքին, չնայած  որ կռվել էր հսկա Սովետական կայսրության բանակի կազմում, հասել մինչեւ Բեռլին: Ի վերջո, մարդը ութ տարի ընտանիքից հեռու է եղել, իսկ դա մի ամբողջ հավերժություն է՝ 8 X 365-ը  2920 օր է անում…Իսկ տանը մայր, եղբայրների որբ երեխաներ ու մեն-միակ ինքը տղամարդ:

Պապս մասնագիտությամբ գյուղատնտես էր, ո՜նց էր սիրում նոր տեսակներ ստանալ՝ խաղողի, խնձորի, սալորի… Մի քանի տարի առաջ  հեռացավ կյանքից: Հեռացավ տղամարդավարի: Ոչ մի օր չպառկեց անկողնում: Մի օր առավոտյան արթնացավ, լողացավ, սափրվեց, հագավ նոր շորերը, պառկեց ու տատիս, որը շատ էր վախենում մեռնելուց ու մեռածներից, խնդրեց կանչել հարեւանի բուժքույր հարսին՝ իբր իր ճնշումը չափելու համար: Մինչ տատիս վերադարձը՝ նա ավանդել է հոգին, առանց որեւէ մեկին նեղություն պատճառելու:

Պատերազմից հետո թոքի մեջ  բեկոր կար՝ վիրավորվելու արդյունքն էր, Սովետի ժամանակ հրաժարվեց վիրահատվել, ասում էր. «Քանի տարի կանխորոշված է, թող էդքան  էլ ապրեմ, դանակի տակ չեմ ընկնի»: Ու ապրեց 83 տարի: Ապրեց արարելով…Բոլոր զավակների ու թոռների անունով խնձորենիներ տնկեց: Օրինակ իմ խնձորենին «Բեֆլոր» տեսակի խնձորներ էր տալիս:

Նաեւ  վարդեր էր սիրում պապս, ասում էր՝ թոռնուհիներս թող անուշ բույր առնեն ու իրենց սենյակները վարդերով զարդարեն:

Պապիս շորերից խնձորի հոտ էր գալիս, որովհետեւ գրպանում միշտ խնձոր էր պահում ու կոնֆետ, դեմ հանդիման դուրս եկած երեխային կամ ջահել հարսին խնձոր ու կոնֆետ էր հյուրասիրում: Նաեւ պատշգամբից հետեւում էր անցնող ջահել սիրունատես կանանց: Գյուղացիները կատակում էին, թե  Ռուբեն ամին ջահել ժամանակ մի քիչ կնամոլ է եղել կամ ավելի շուտ՝ կնամեծար, որովհետեւ իգական սեռի ներկայացուցիչների հանդեպ յուրօրինակ հիացում ուներ: Չնայած տարիքին, սիրում էր, որ աղջիկները մոդայիկ են հագնվում ու շպարվում: Մի անգամ նույնիսկ պատժեց քեռուս, որը նախատել էր մորքրոջս շպարվելու համար: «Շան որդի, էդ անտերը ստեղծված է, որ կին արմատը օգտագործի»,-զայրացել էր պապս ու մորաքրոջս «թեւ» տվել, թե կարող է շպարվել ու գեղեցիկ հագնվել, բայց երբեք՝ ոչ վուլգար:

Պապիս մեդեալներով երեխա  ժամանակ գյուղ գնալիս շատ էինք խաղում, նույնիսկ մի մասը կորցրինք, նվիրեցինք հարեւանի թոռներին, որոնց պապիկը Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից գերի էր ընկել, հետո վերադարձել: Ու պապս միշտ կատակում էր. «Այ Իսայի, դիտմամբ հանձնվեցիր, գերի ընկար, որ նեղություն չկրես: Համ էլ դու յոթ պետության կծառայես, ոչ մեկին հավատարիմ չես լինի»:

Շնորհավորում եմ Հայրենական պատերազմի բոլոր վետերաններին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Armenpress.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031