Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները ժամանակ չունեն ազատամարտիկի թափած արյունը գնահատելու». ազատամարտիկ

Մայիս 09,2014 17:57

Զովունի համայնքի բնակիչները Հաղթանակի օրը, ինչպես նաև Շուշիի ազատագրման օրը նշեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված զովունցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:

Շնորհավորելով ներկաներին՝ Զովունի համայնքի ղեկավար Սերժիկ Ավետիսյանը ցավով նշեց, որ մի քանի տարի առաջ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն այս օրը իրենց հետ են անցկացրել, մինչդեռ այսօր նրանցից և ոչ մեկը չկա: «Հայրենականին վեց հարյուր հազար հայ է մասնակցել,- ասաց համայնքապետը,- բայց նրանց ուղիղ կեսը տուն չվերադարձավ: Իսկ Շուշիի ազատագրման ժամանակ վեց հազար երիտասարդներ իրենց կյանքը տվեցին այսօրվա համար, որ մեր երեխաներն իրենց կյանքը շարունակեն Հայաստանում, ամուր կանգնած լինեն իրենց հողի վրա, ոչ թե տեղից տեղ փախչելով՝ չարքաշ կյանք վարեն»:

Միջոցառմանը մասնակցող պատմաբան Արմեն Կարապետյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում, կարծես զարգացնելով պարոն Ավետիսյանի վերջին միտքը, ասաց. «Այսօր առաջնահերթ խնդիր է, որ հայ ժողովրդին կարողանանք պահել մեր հայրենիքում, որովհետև այս սոսկալի արտագաղթը պոկում է մեր հայրենակիցներին իրենց հողից ու նետում անորոշության գիրկը: Այսօրվա արտագաղթի ծավալներն ավելի վտանգավոր են, քան Շուշիի գրավումից առաջ ստեղծված իրավիճակը, երբ չգիտեինք՝ ինչ է լինելու»:
Արտագաղթի թեման մտահոգում է նաև արցախյան ազատամարտիկներին:
«Այսօրվա իշխանությունները, հավանաբար, ժամանակ չունեն ազատամարտիկի թափած արյունն ու նվիրվածությունը գնահատելու,- ասում է ազատամարտիկ Մարտին Բաղդասարյանը:- Այսօր ազատամարտիկը պետությունից ոչինչ չի ստանում իր արածի դիմաց: Նա թաղված է հարկերի ու վարկերի մեջ և հաճախ է խռոված լքում իր երկիրը: Դրա մասին է պետք մտածել, նրա, թե ինչպես կանխել արտագաղթը, ինչ անել, որ ազատամարտիկը կառչի իր հողից»:

Պարոն Բաղդասարյանը շատ ազատամարտիկների է ճանաչում, որոնց ընտանիքները օրվա հացի կարիք ունեն: «Պետությունն ազատամարտիկին պիտի թոշակ նշանակի, հարկերից ազատի, ազատամարտիկը պիտի անվճար բուժում ստանա, բայց նա, մի ոտքն արդեն կորցրած, գնում է հիվանդանոց՝ մյուս ոտքը բուժելու, ասում են՝ դա էլ թող այստեղ, գնա: Այս պայմաններում ինչպե՞ս ապրի հաշմանդամ ազատամարտիկը»,- վրդովվում է Մ. Բաղդասարյանը:

Նա բարկանում է նաև, որ այսպես վարվողները չեն գիտակցում, որ իրենց արածը վատ օրինակ է այսօրվա սերնդի համար: «Նրանք տեսնում են՝ ինչ պայմաններում է ապրում ազատամարտիկը, և ասում են՝ նրանք գնացել-կռվել են ու այսօր սոված մեռնում են, վաղը որ կռիվ լինի, ես ինչո՞ւ պիտի գնամ, որ ե՞ս էլ սոված մեռնեմ: Իսկ եթե նրանք տեսնեն, որ պետությունը հոգում է իրեն պաշտպանողների կարիքները,- ասում է Մ. Բաղդասարյանը,- ավելի կոգևորվեն, կմտածեն՝ հայրենիքը մեզ է պահում, մենք էլ նրան կպահենք, բայց հայրենիքը քեզ ոչ միայն չի պահում, այլև ասում է՝ արի, ինձ ծառա դարձիր»:
Aravot.am-ը զրուցեց նաև արցախյան ազատամարտիկ Սարգիս Ղազարյանի հետ, որը նույնպես մասնակցում էր միջոցառմանը: Ազատամարտիկը նախ խոսեց պատերազմի մասին, որը, նրա համոզմամբ, դեռ չի ավարտվել. «Դա «ժուռնալն» էր,- ասաց նա՝ հավելելով, որ մենք միշտ պետք է արթուն լինենք, որովհետև, նրա բնորոշմամբ, գործ ունենք գայլերի ոհմակի հետ:

«Պատերազմը սարսափելի բան է,- շարունակեց մեր զրուցակիցը:- Երբ մտովի վերադառնում ես այն ժամանակները, սարսռում ես՝ արդյոք այդտեղ դո՞ւ ես եղել այդ պահին: Ես կռվել եմ, որովհետև մեջս դեռ մանկուց նստած վրեժ կար: Այն ժամանակ պապս հաճախ էր պատմում թուրքերի վայրագությունների մասին, և հետո, երբ շարժումն սկսվեց, առանց վարանելու մտա կռվողների շարքերը: Ես փառքի կամ գումարի համար չեմ կռվել, ես իմ վրեժի, իմ երկրի համար եմ կռվել»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև, թե պետությունն այսօր որքանով է կանգնած ազատամարտիկի կողքին. «Այնքանով է կանգնած, որ զրկեց նրան իր բոլոր իրավունքներից, արտոնություններից: Պետական որևէ աջակցություն, մոտեցում չկա ազատամարտիկին կամ նրա ընտանիքին,- ասում է Ս. Ղազարյանը:- Մի ժամանակ մենք նույն արտոնություններն ունեինք, ինչ Հայրենականի հաշմանդամները, բայց հետո չգիտեմ՝ ում ձեռքով հանվեցին այդ արտոնությունները: Առաջ ես մտածում էի, որ մեր պետությունը երիտասարդ է, նորաստեղծ է, բայց ախր աշխարհում չկա հաղթանակած որևէ պետություն, որի՝ պատերազմ անցած զինվորն այսքան վատ ապրի: Ինչի՞ մասին է խոսքը, երկրորդ կարգի հաշմանդամ եմ, 70.000 դրամով ինչպե՞ս կարող եմ երկու երեխա պահել»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031