Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան՝ լուսացույցների հավելյալ սեկցիաների մասին (Տեսանյութ)

Մայիս 09,2014 17:55

Վերջերս «Հետք»-ում հրապարակվել էր մի հոդված ճանապարհային լուսացույցների մասին: Ավելի ճիշտ՝ լուսացույցի վրա հավելյալ սեկցիայի մասին, որը բազմաթիվ վարորդների համար, հեղինակի գնահատմամբ, «թակարդ» է հանդիսանում: Ըստ հոդվածի հեղինակի՝ այդ լուսացույցները «սխալ են», քանի որ դրանցում երթեւեկությունն արգելելու դեպքում կարմիր լույս չի վառվում, այն դեպքում, երբ հենց կարմիր գույնն է արգելող նշան: Այս նույն խնդրի առաջ բազմահազար վարորդներ են կանգնել, քանի որ իսկապես այն դեպքերում, երբ տեղյակ չես, որ այդ խաչմերուկի լուսացույցի վրա կա հավելյալ սեկցիա, գիշերային ժամերին, մթության մեջ չես նկատի այն եւ, տեսնելով կանաչ լույսը, առանց իմանալու, որ դա վերաբերում է միայն կոնկրետ ուղղությամբ՝ միայն ուղիղ կամ միայն ձախ գնացողներին, կկարծես, թե ճանապարհը բաց է եւ կգնաս: Եվ… տուգանքդ պատրաստ է:

Այս կապակցությամբ «Առավոտը» հետաքրքրվեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից, թե որքանո՞վ է ճիշտ առանց կարմիր լույսի՝ համարել, որ երթեւեկությունն արգելված է, նա հարցը փոխանցեց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանին:

Ոստիկանության գնդապետը ասաց, որ հիմնական լուսացույցի վրա ուրվագծվում է գծանշանը, թե որ ուղղությունն է բաց, որի համար է այդ կանաչը, եւ, հետեւաբար, անգամ մթության մեջ պարզ պետք է լինի վարորդին, որ մյուս ուղղությունը փակ է: Մեր նկատառմանը, որ եթե վարորդը տեղյակ չէ այն մասին, որ այդտեղ կա հավելյալ սեկցիա եւ մթության մեջ նա հեռվից տեսնում է միայն կանաչ լույսը, նա չի կարող կռահել, որ մյուս ուղղությունն արգելված է, պարոն Սարգսյանը պատասխանեց, որ 15-20 մետրից այդ ուրվագիծը տեսանելի է: Մեր հարցին՝ իսկ հնարավոր չէ՞ հավելյալ սեկցիայի վրա կարմիր լույսը վառվի, որպեսզի ակնհայտ լինի, որ այդ ուղղությամբ փակ է ճանապարհը, ոստիկանության գնդապետն ասաց, որ դա կխանգարի վարորդին:

Մանրամասները՝  տեսանյութում:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031