Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Շրջանառության նոր հարկը մեծածախ սուբյեկտների վրա դուրս գալու համար է»

Մայիս 09,2014 18:01

ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը կարծում է, որ շրջանառության նոր հարկի ներմուծմամբ, համաձայն որի, տարեկան մինչեւ 10 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն շրջանառության հարկից, իսկ 10-30 երեսուն միլիոն շրջանառություն ունեցողների համար հարկի տոկոսադրույքը կկազմի 1 տոկոս, իրականում մեծածախ առեւտրային սուբյեկտների վրա դուրս գալու միջոց է: Ինչը, սակայն, պատգամավորի համոզմամբ, չի աշխատի: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մելքումյանն ասաց. «Ըստ էության փաստաթղթավորման պահանջը վերականգնելն է, սակայն խնդիրն այն է, որ կառավարությանն այդքան էլ չի հետաքրքրում փոքրի ստվերայնությունը, որովհետեւ փոքր բիզնեսի վրա ծախսած վարչարարությունը եւ դրանից ստացված եկամուտները բավականին համեստ են: Ուզում են դրանով դուրս գալ մեծածախ սուբյեկտների վրա, մեծածախների շրջանառությանը»:

Տնտեսագետը համոզված է, որ նոր շրջանառության հարկը ոչ մի օգտակար բան չի տա բյուջեին, ընդհակառակը` կտանի եւս մեծ թվով փոքր եւ միջին բիզնեսների փակման, ինչպես որ եղավ անցյալ տարի շրջանառության հարկի գործողության մեջ դնելուց հետո: Միքայել Մելքումյանի տվյալներով, անցյալ տարի, շրջանառության հարկի կիրառության պատճառով փակվել է մոտ 1500-1600 խանութ, մանրածախ օբյեկտ. «Այն ժամանակ ավելացված արժեքի հարկն ու շահութահարկը փոխարինվեցին շրջանառության հարկով, որը տարբեր ոլորտների համար շրջանառությունից սահմանեց որոշակի տոկոս: Առեւտրի եւ արտադրության համար` 3,5 %, ծառայությունների համար` 5 %, վարձակալության համար` 10 %, նոտարների համար` 20 % եւ այլն: Մինչեւ 58, 35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտները պետք է վճարեին այդ 3,5 %-ը եւ արդյունքում ստացվեց, որ առեւտրի ոլորտում կատարվեց հարկային բեռի ավելացում: Օրինակ` եթե տվյալ խանութը ամսական ուներ մեկ միլիոն դրամի շրջանառություն, մինչեւ շրջհարկի կիրառությունը նա մուծում էր 10-12 % շահութահարկ, այսինքն` 20-24 հազար դրամ: Շրջանառության հարկի ներդրմամբ, 20 հազարի փոխարեն սկսեցին մուծել 35 հազար դրամ: Այսինքն` ակնհայտ հարկային բեռի ավելացում տեղի ունեցավ եւ պատահական չէ, որ վերջին մեկ տարվա ընթացքում այդքան մանրածախ օբյեկտներ փակվեցին: Ես չեմ ասում, որ դա միայն պայմանավորված էր շրջանառության հարկով, բայց էական նշանակություն ուներ: Շրջանառության հարկի գաղափարը լավն է, բայց փաստորեն չաշխատեց»:

Պարոն Մելքումյանի կարծիքով. «Եթե այդ փաստաթղթավորման պահանջը դնում են, մեծածախը միեւնույն է չի տալու, բայց փոքրն էլ ուզում է ապրի, աշխատի եւ միեւնույն է վերցնելու է ապրանքը եւ տուգանքները կրելու է ու փակվելու է»:

Տնտեսագետը անթույլատրելի է համարում նաեւ 30-ից մինչեւ 58,35 միլիոն դրամից ավել շրջանառություն ունեցողներին ավելացված արժեքի հարկի դաշտ տանելը:
Տնտեսագետի ներկայացմամբ մոտ երկու շաբաթ առաջ, ԲՀԿ-ն կառավարությանը օրենքի նոր նախագիծ է ներկայացրել, որով շրջանառության հարկի իջեցման առաջարկ է արել: Ըստ նրա, իրենց նախագծով, ՓՄՁ-ի առաջ, ոչ միայն փաստաթղթավորման պահանջ դրված չէ, այլեւ մինչեւ 58,35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտներին, ԲՀԿ-ն առաջարկում է ընդհանրապես ազատել շրջանառության հարկից ու առեւտրի եւ արտադրության համար սահմանել 0 % հարկ:

«Մենք կողմնակից ենք ոչ թե փոքրիկ քայլերի քաղաքականության, որի արդյունքը պարզ չէ, այլ ՝ մենք կողմնակից ենք արմատական ազատություններ տալ ՓՄՁ-ին:
Մենք առաջարկում ենք այդ ոլորտի մարդկանց մի 3 տարի հանգիստ թողնել:
Եթե կառավարությունը կարողանա համարձակություն գտնել եւ ես չեմ ասում, որ
դա շատ հեշտ է, հոգեբանական խնդիրն էլ կլուծվի: Որովհետեւ, եթե մարդը գիտի մի տեղ հարկ չկա, ինքը ազատությամբ, բաց ճակատով ավելի վստահ է աշխատելու»,-համոզված է Միքայել Մելքումյանը: Տնտեսագետը հաշվարկել է ու պարզել, որ եթե
ամբողջապես ազատեն 58,35 միլիոնից պակաս շրջանառություն ունեցող տնտեսվարողներին, ապա նրանց կողմից ներկայումս պետբյուջե վճարվող
15-20 միլիարդ դրամ հարկը կկրկնապատկվի. «Եթե մենք այդ սուբյեկտներին ընդհանրապես այդ հարկից ազատել ենք, ապա յուրաքանչյուր սուբյեկտի մոտ, միջին հաշվով, մոտ 50-60 հազար դրամ կխնայվի, ինչը նշանակում է, որ մեկ լրացուցիչ աշխատատեղ կարող է այդ տնտեսվարողի մոտ առաջանալ, այսինքն` միայն նրանց համար վճարվող եկամտային հարկը կանցնի 30 միլիարդը, եկամտային հարկով երկու անգամ ավել գումարներ կմտնի բյուջե: Եվ նոր աշխատատեղերի խնդիրը կլուծվի եւ եղածները կպահպանվեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031