Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նույնիսկ սայլակով են տեղաշարժվում, նրանք կարող են ամբողջովին ինտեգրվել հասարակությանը». Նարինե Մանուկյան

Մայիս 09,2014 18:20

Այսօր «Ginosi.com» ընկերությունը մանկական ուղեղային կաթված հաշմանդամություն ունեցող երեխաներին ներկայացրեց այն հնարավորությունների շրջանակը, որտեղ նրանք կարող են աշխատանք գտնել:

mailAttach

 

«Միջոցառումը կազմակերպեցինք, որովհետեւ ուզում ենք, որ երեխաները տեսնեն` կան գործատուներ, որ իրենց կընդունեն, եթե իրենք իրենց ներքին կրակը կարողանան ստեղծել եւ հասկանան, թե ինչ ուղղությունով են ուզում գնալ: Մենք ընդունում ենք, որ նրանք արդեն հասարակության անդամ են, եւ մենք ուզում ենք, որ նրանք էլ դա զգան: Երեխաները ամենակարեւոր դերակատարությունն ունեն, որովհետեւ նրանք են կառուցելու մեր ապագան: Մենք այսօրվա համար ենք, իսկ իրենք մեր ապագան են: Այս երկիրը հզոր կլինի, եթե այն իր ուժերը օգտագործի 100%-ով, եւ չի բացառվում, որ այդ ուժերը կարող են ունենալ ֆիզիկական իմիտացիաներ»,- ասաց «Ginosi.com» ընկերության տնօրեն Ամուր Ավագյանը:

Մանկական ուղեղային կաթվածը առաջանում է ներարգանդային զարգացման շրջանում, հետծննդաբերական շրջանի խաթարումներից եւ տարբեր վարակներից: Այս հիվանդությունը ունի 50 տարատեսակներ, բայց հիմնականում արտահայտվում է մկանային գերլարվածությամբ, սակայն ինչպես նշում է «Հայ մայրեր» հ/կ-ի նախագահ Նարինե Մանուկյանը «այս հիվանդության պարադոքսը նրանում է, որ երեխաների 90%-ը ունեն պահպանված մտավոր տվյալներ: Հիմա ունենք երեխաներ, որոնք ֆիզիկապես ծանր վիճակում են եւ թվում է, թե նրանք ոչինչ չեն կարող անել, սակայն նրանք գերազանց սովորում են դպրոցում: Սովորում են ներառական դպրոցներում, եւ մենք բոլորս ունենք հսկայական հաջողություններ ուսումնական ոլորտում»:

9-ամյան Նարեկը, ով ունի մանկական ուղեղային կաթված հաշմանդամությունը, այն երեխաներից է, ով գերազանց է սովորում դպրոցում: Նրա մայրը` Զառան նշում է, որ, երբ նրա մոտ նկատեցին առարկաների տարբերակման ունակությունը, սկսեցին խաղերի միջոցով սովորեցնել տառերն ու թվերը: «Շաբաթական մեկ անգամ է գնում դպրոց, քանի որ պայմաններ չկան, հատուկ նստարաններ չկան, ոչինչ կա: Հիմա տան պայմաններում է սովորում: Դասերը մենք ենք անում: Ուսուցիչը շաբաթը մեկ անգամ գալիս է եւ իր դասարանի գրավոր աշխատանքներն է բերում, որ գրենք: Նա մտավոր շատ մեծ ունակություն ունի. կարողանում է թվերը մտքով գումարել եւ հանել»,- ասաց Զառան:
«Հայ մայրեր» հ/կ-ի նախագահ Նարինե Մանուկյանը հավելեց, որ նման փոքրիկները պետք է լինեն հասարակության լիիրավ անդամներ: «Եթե նույնիսկ սայլակով են տեղաշարժվում, նրանք կարող են ամբողջովին ինտեգրվել հասարակությանը, ապրել լիարժեք կյանքով, սովորել, ամուսնանալ, տալ առողջ սերունդ: Ուղղակի պետք է աշխատատեղերը, ուսման հաստատությունները հարմարեցված լինեն: Սա հաղթահարելի է: Ուղղակի պետությունը պետք է ստանձնի որոշակի պատասխանատվություն այս փոքրիկների հանդեպ: Պետությունը տրամադրում է երկու անգամ վերականգնողական բուժում, սակայն դա շատ քիչ է»:

Ն. Մանուկյանը նշեց, որ վերջերս ծրագիր է ներկայացրել քաղաքապետարան եւ ստացել է 1 միլիոն դրամ ծրագրի առաջին փուլի համար: Գումարը հատկացվելու է 17 միայնակ մայրերի երեխաներին, որոնք մեկ տարվա մեջ վեց ամիս ստանալու են վերականգնողական բուժումներ` ձիաբուժություն, ջրաբուժություն եւ արտ-թերապիա: «Ես կարծում եմ, որ սա իրենց կողմից շատ լավ քայլ է դեպի երեխաները, դեպի այս ոլորտը: Բացի սա մենք հույս ունենք, որ քաղաքապետը այս տարի 10 ավտոբուս է տրամադրելու: Այս բոլորը գումարների հետ կապված խնդիրներ են բայց նաեւ գերանհրաժեշտ: Ինչքան կյանքը զարգանում է այնքան երեխաները ավելի շատ են ծնվում խնդիրներով: Սրան չպետք է որպես ողբերգություն նայել: Նրանք մեր բոլորի պես մարդիկ են: Մեզանից յուրաքանչյուրը ուժեղ է մի բանից. մեկը` պարելուց, մեկը` երգելուց: Նույնն էլ այս երեխաները: Պետք է գտնել նրանց ուժեղ կողմը եւ օգտագործել մեր պետության շահի համար: Իհարկե, կան շատ ծանր տեսակը, երբ երեխաները պառկած են եւ ընդհանրապես չեն շարժվում, բայց այն երեխաները, որոնք, որ շարժունակ են եւ մտավոր խնդիրներ չունեն, ես կարծում եմ, որ իրենց պետք է օժանդակենք»,- ասաց «Հայ մայրեր» հ/կ-ի նախագահ Նարինե Մանուկյանը:

 

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031