Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «ՓՄՁ-ն չի ուզում իր իրական շրջանառությունը ցույց տա»

Մայիս 09,2014 17:49

Վերջերս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը «Հարկ վճարողների ընկալման հետազոտություն» զեկույց է հրապարակել, և, ըստ որի հարցված գործարարների կամ հարկ վճարողների 58%-ը չի վստահում Հայաստանի նախագահին, հարցվածների մեծ մասը չի վստահում նաեւ Ազգային ժողովին եւ կառավարությանը:

Aravot.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այս զեկույցի և, մասնավորապես երկրի 3 կարեւորագույն ինստիտուտներին` գործարարների չվստահելու վերաբերյալ ասաց. «Կդժվարանամ ասել, թե բուն հարցադրումը որքանով է ադեկվատ եղել պատասխանին, որովհետեւ միշտ կարելի է հարցադրումներ անել, որ պատասխանը այս կամ այն կերպ լինի»:

Պարոն Մինասյանի խոսքերով` իշխանության նպատակը պետք է լինի ավելի մեծ քանակի քաղաքացիներ, այդ թվում նաեւ գործարարներ, հավատան իշխանության կողմից իրականացվող այն բարեփոխումներին. «Եվ ոչ միայն հավատան, այլեւ աջակցեն, որովհետեւ այդ պարագայում է հնարավոր հասնել արդյունքի: Մյուս կողմից էլ պետք է ընդունենք, որ ոչ բոլոր բարեփոխումներն են բոլորի համար հենց սկզբից ընկալելի եւ ընդունելի, սրա համար որոշակի ժամանակ է պետք»:

Միջազգային կազմակերպության զեկույցում հարցված գործարարների մի մասը կարծիք է հայտնել, որ իրենց կողմից վճարվող հարկերից գոյացած գումարները կառավարությունը նախ օգտագործում է անձնական նպատակներով, հետո` բանակի համար, եւ այս երկուսից հետո միայն կենսաթոշակային վճարումների համար:
Այս առնչությամբ էլ իշխող կուսակցության ներկայացուցիչն ասաց, որ Հայաստանն առաջիններից մեկն է, որ անցել է բյուջեի 100%-անոց թափանցիկության. «Նման երկրներ դուք շատ քիչ կգտնեք, հետխորհրդային պետություններից որեւէ մեկում չկա նման բան: Մենք 2013 թվականից ամեն ինչ, սկսած մատիտից ու գրիչից, այն ինչ պետական բյուջեով է գնվում, էլեկտրոնային ձեւով հասանելի դարձրեցինք հասարակությանը: Ես կդժվարանամ ասել, ինչ նկատի ունեն` անձնական նպատակներով»:

«Հարկ վճարողների ընկալման հետազոտություն» զեկույցում հարցված փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների մեծ մասը Հայաստանում հարկային բեռը գնահատել է «շատ ծանր» եւ «ծանր», նման կարծիք է հայտնել խոշոր բիզնեսի 19%-ը:

Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում եւ փոքր եւ խոշոր բիզնեսն է դժգոհում հարկային ծանր բեռից, ընդ որում, որոշ խոշոր գործարարներ նույնիսկ դժգոհում են, որ ի տարբերություն փոքրերի, իրենք լուրջ արտոնություններ էլ չունեն, պարոն Մինասյանն ասաց, որ ՓՄՁ-ին տրվող արտոնությունները մշտապես են լինելու: Ինչ վերաբերում է հարկային բեռին, ապա, ԱԺ ներկայացուցիչը բիզնեսին աջակցելու մի օրինակ բերեց, որը սակայն, ըստ պատգամավորի, մտահոգության տեղիք է տալիս. «Մենք ուզում ենք շրջանառության 3.5% հարկը ՓՄՁ-ի համար իջեցնել մինչեւ 1%, եւ պահանջում ենք, որ նախ փոքր ու միջին ձեռներեցությունը գործի բացարձակ թափանցիկ: Այս պարագայում ընդվզում է առաջանում ՓՄՁ-ի կողմից, նրանք նշում են, որ նույնիսկ այս պարագայում իրենք չեն կարող գործել բացարձակ թափանցիկ, ասում են` որքան էլ իջեցնեք, մենք թափանցիկ գործել չենք կարող: Սա խոսում է այն մասին, որ այն շեմը, որը թույլ է տալիս նրանց համարել ՓՄՁ, նրանք այդ շեմը գերազանցում են: Օրինակ`մինչեւ 58 միլիոն դրամ շրջանառության համար ասում ենք`կլինեն անսահմանափակ արտոնություններ, միայն թե ձեր շրջանառությունն ամբողջությամբ եւ փաստաթղթավորված ցույց տվեք: Իսկ իրենք ասում են` որքան էլ իջեցնեք, մենք ցույց չենք տա ամբողջական շրջանառություն:Այսինքն`խախտվում է 58 միլիոնի շեմը, իրենց ցույց տված 58 միլիոնը 58 չէ: Նրանք պետք է գոնե մեզ բացատրեն, թե ի՞նչն է խնդիրը, որ չեն ուզում ցույց տալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031