Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովի համատեղ բանաձև

Մայիս 09,2014 17:45

Մայիսի 8-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովը ընդունել է համատեղ բանաձև ի սատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ և անկախ պետություն կառուցելու ջանքերի: Ստորև բերվում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը:

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք՝ ճնշող մեծամասնությամբ բնակեցված հայերով, և որը 1921 թ. անօրինական անջատվել է Հայաստանից Խորհրդային Միության կողմից և բռնակցվել նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանին, ինչպես նաև
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է դրվել ազգային-ազատագրական շարժմանը, որը ոգեշնչել է Խորհրդային Միության ժողովուրդներին՝ ընդդիմանալու բռնապետությանը և տեր կանգնելու սեփական իրավունքներին ու ազատություններին՝ նպաստելով ժողովրդավարության տարածմանը միլիոնավոր մարդկանց համար ու խաղաղության հաստատմանը ողջ աշխարհում, ինչպես նաև
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության օրինական ձգտումներին և 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի օրենսդրական մարմինը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն, ինչպես նաև
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է հօգուտ անկախության, և 1992 թ. հունվարի 6-ին ժողովրդավարական ճանապարհով ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարել է անկախության մասին, ինչպես նաև
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության կառուցման գործում, ինչը լավագույնս դրսևորվել է վերջերս՝ 2012 թ. հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ և թափանցիկ:
Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովը և Սենատը համատեղ որոշել են, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը սույնով հավանություն է տալիս և սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ազատ և անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին՝ երաշխավորելու համար իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը:
Այնուհետեվ որոշել են, որ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմինը կոչ է անում ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարևորություն ունեցող այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:
Այնուհետեվ որոշել են, որ Վեհաժողովի Գլխավոր Քարտուղարը սույն Բանաձևի պատճենը կփոխանցի Միացյալ Նահանգների նախագահին, Սենատում մեծամասնության ղեկավարին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Կալիֆորնիայի պատվիրակության յուրաքանչյուր անդամին և Կալիֆորնիա նահանգի պետական քարտուղարին։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031