Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանառության հարկի նոր օրենքի ընդունումից հետո արևածաղիկ վաճառող տատիկները կդառնան պոտենցիալ հանցագործներ

Մայիս 09,2014 17:40

Նոր շրջանառության հարկի մասին օրենքի նախագծի համաձայն, տարեկան մինչև տասը միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն շրջանառության հարկից, իսկ տասից երեսուն միլիոն շրջանառություն ունեցողների համար հարկի տոկոսադրույքը կկազմի մեկ տոկոս: Սա առաջին հայացքից կարծես գայթակղիչ առաջարկ է, բայց երբ խորանում ես, նկատում ես, որ սա ՊԵԿ-ի հերթական ծուղակներից է:

Պարզաբանենք հետևյալը: Օրենքն ասում է՝ մինչև 10 միլիոն շրջանառության դեպքում տոկոսադրույքը զրո է միայն այն դեպքում, երբ ցույց կտաս այդ ապրանքների ձեռք բերման փաստաթղթերը, հակառակ դեպքում կանցնես ավելացված արժեքի դաշտ, վճարելով շրջանառության քսան տոկոսը: Տարեկան 10 միլիոն շրջանառություն նշանակում է օրական 28000 դրամ շրջանառություն: Հայաստանյան առևտրի պայմաններում՝ այդ գումարի միայն 10-15% -ն է մնում որպես շահույթ, այսինքն` միջինը 4000 դրամ, իսկ կոմունալ և այլ ծախսերը հանած՝ զուտ եկամուտը օրական կկազմի 2000 դրամ: Դա համեմատելի է արևածաղիկ վաճառող տատիկի օրական եկամուտին:

Հիմա տեսնենք, թե օրական 2000 դրամ եկամուտ ունեցող տնտեսվարող սուբյեկտը, եթե կարող ենք տատիկին այդպիսին համարել, ինչպես է դառնում պոտենցիալ հանցագործ: Դիցուք 2014թ.-ին նրա միջին օրական շրջանառությունը կազմել է 28000 դրամ և պարտաճանաչ տվել են ՀԴՄ կտրոններ, ուստի տարեկան շրջանառությունը կկազմի 28000×365օր=10.220.000: Հարկային մարմինը 2015թ. առաջին եռամսյակին գալիս է ստուգման, տեսնում է, որ սուբյեկտը ներկայացրել է շրջանառության հարկի հաշվետվություն և վճարել է դրա մեկ տոկոսը:

Հարկային մարմինը պահանջում է ծախսերը հաստատող փաստաթղթեր, որոնք տնտեսվարող տատիկը չի ներկայացնում դրանց բացակայության պատճառով: Հարկային մարմինը ստուգման ակտի արձանագրություն է կազմում և նշանակում վարչական տուգանքներ և լրացուցիչ հարկման ԱԱՀ-ի գումար, անպայման արձանագրելով, որ տնտեսվարող տատիկը պետք է ներկայացներ 2014 թ. ավելացված արժեքի հարկի եռամսյակային հաշվետվություններ, բայց չի ներկայացրել, ուստի դրա արդյունքում պետությանը չի վճարել 10.220.000 X 20%=2.044.000 դրամ գումար և այդքանով վնաս է պատճառել պետությանը: Հենց այս պահին տնտեսվարող տատիկը դառնում է հանցագործ, որովհետև ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածը ասում է՝ հաշվետվություններ չներկայացնելու կամ հաշվետվությունների մեջ խեղաթյուրված տվյալներ մտցնելու արդյունքում, եթե չես վճարել 2 մլն դրամից ավելի գումար, նախատեսում է պատիժ մինչև հինգ տարի ազատազրկում:

Իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ հարկային մարմինները տնտեսավարող տատիկների մոտ միշտ էլ «հայտնագործում» են 2 մլն-ից ավելի գումարները: Ստուգման ակտի հիման վրա տնտեսվարողի նկատմամբ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործ են հարուցում և առաջադրում մեղադրանք, մեղադրանքի հիմքով քննիչը կայացնում է խափանման միջոց կալանք ընտրելու որոշում, իսկ դատարանները հիմնականում իննսուն տոկոսով այդ միջնորդությունները բավարարում են:

Այսպիսի պայմաններում տնտեսվարող արևածաղիկ վաճառող տատիկը դառնում է հանցագործ և հայտնվում ճաղերի հետևում: Կամ բացառիկ դեպքերում, եթե տատիկը պատրաստ է հիշել, թե որ ապրանքները ումից է վերցրել, տալ նրանց անուն ազգանունները, հիշել մարմնի դաջվածքները, մեքենայի համարները, կազմել ֆոտոռոբոտ և այլ միջազգային կրիմինալ տեղեկություններ, լավագույն դեպքում՝ նրան ստորագրությամբ բաց կթողնեն, անձնագիրը կվերցնեն և կարգելեն Հայաստանի սահմաններից դուրս գալ:Իսկ եթե տատիկը փորձի իր բիզնեսը պետռեգիստրով և հարկայինով լուծարի կամ կասեցնի, ապա կհետևի մեկ այլ հանցագործության մեջ նրան մեղադրելը` քրեական օրենսգրքի 193 հոդվածով նախատեսված մեղադրանքը, այն է՝ կանխամտածված սնանկություն, այդ հոդվածով նախատեսվում է 2-ից 6 տարի ազատազրկում:

Հիմնականում ՊԵԿ քննչականում 205 և 193 հոդվածները միասին են առաջադրում, որպեսի վերջնական կործանեն տատիկին: Եթե կլինեն մարդիկ, որոնք ցանկություն կունենան ներկայացնելու հակափաստարկներ, առաջարկում եմ դրանից առաջ թող «205-րդ հոդված» բառը որոնեն համացանցի որոնման համակարգերում և դատական տեղեկատվական համակարգերում, արդյունքում կստանան բացառիկ ու զարհուրելի ինֆորմացիա:

Ռուսաստանի գործարար հայերի միության անդամ Կառլեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031