«Որևէ ընդունելի կետ, կամ որևէ օբյեկտիվ պահ այս հայտարարության մեջ ինձ համար չեմ գտնում»,-Aravot.am-ի հետ զրույցում, գնահատելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ջոն Հեֆերնը նշել էր, թե Ուորլիքի հայտարարությունը ԼՂ հարցի շուրջ նոր քաղաքականության հրապարակում չէր ու շեշտել էր. «Նա գտնում էր, որ օգտակար կլինի, որպեսզի մեկ անգամ եւս կրկնվեն այն սկզբունքները, այն վեց կետերը, որոնք Մինսկի խմբի փաստաթղթերում հիշատակվել են, որպեսզի Հայաստանում, Ադրբեջանում ժողովուրդների համար նորից թարմացվի դա եւ քննարկում ընթանա այդ հարցով: Նպատակը նոր քաղաքականության մասին հայտարարելը չէր: Նպատակը խաղաղության համաձայնագրի կետերի վերաբերյալ քննարկում սկսելն էր, որպեսզի բոլոր տարածքների երկու երկրների ժողովուրդները պատրաստ լինեն այդ պահին, երբ խաղաղության համաձայնագրի պահը գա»:
Արման Նավասարդյանը նկատեց. «Ուորլիքի հայտարարության մեջ կարելի էր գտնել ինչ-որ ռացիոնալ կետեր, որ հղում էր կատարում Հելսինկյան վերջնական ակտին, իսկ Հեֆերնն անում է ընդհանուր հայտարարություններ՝ խաղաղության համատեքստում: Ո՞վ է դեմ խաղաղությանը: Սա դիվանագիտական հայտարարություն է, պարզապես դիվանագիտական քյանդրբազություն»:
Ուորլիքի այն հայտարարության մասին, թե «մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և ես հավատացած եմ, որ մարդիկ ճիշտ կմեկնաբանեն իմ գրառումները: Տարածաշրջանում կա երկու ինքնիշխան պետություն` Հայաստանն ու Ադրբեջանը», պարոն Նավասարդյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Էլ ինչի՞ մասին է խոսքը…սա հիմքում սխալ հայտարարություն է, նաև մենք ենք մեղավոր, որ ԼՂՀ-ն տասը տարի առաջ բանակցային կողմից մի որոշ առումով շպրտեցինք մեկ այլ կողմ, դրեցինք լուսանցքի մեջ»:
Կարդացեք նաև
«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին ասաց հետևյալը. «Կարծում եմ Ջոն Հեֆերնի նշածը Ուորլիքի հայտարարության նպատակներից մեկն էր: Ուորլիքի հայտարարության մյուս նպատակն այն էր, որ նրանք կարծում են, որ հիմա ՌԴ-ն սկսելու է իր օգտին քննարկումներ ծավալել և ստեղծել որոշակի մի վիճակ, ինչը փորձում են կանխել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ