Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում հայկական ու ռուսական զորքերի համատեղ մասնակցությամբ անցկացվեց ռազմական շքերթ, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ ամյակին ու Շուշիի ազատագրմանը:
Երկրաշարժից հետո, հետխորհրդային տարիներին նման զորահանդես առաջին անգամն էր կազմակերպվում Գյումրիում: Այն Վարդանանց հրապարակ էր բերել գյումրեցիների մեծ մասին, որոնցից շատերը կարոտախտով էին հիշում նման տոնակատարությունները ու մեզ հետ զրույցում նշում էին, որ այն բացարձակապես նման չէր «սովետական պառադներին»: Այն ժամանակ, ըստ մեր զրուցակիցների, ժպիտ, ուրախություն կար մարդկանց դեմքերին:
Այդուհանդերձ, մեծ մասի կարծիքով, բարձր մակարդակի կազմակերպված զորահանդես էր, որը պարտավոր էին անցկացնել, քանի որ մեծ թվով հայեր են մասնակցել Հայրենական մեծ պատերազմին:
Զորահանդեսը երկլեզու էր. հնչում էր հայերեն և ռուսերեն:
Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաներից ու ռուսական 102-րդ ռազմաբազայի պատասխանատուներից բացի, դրսից հյուրեր չկային: Վերջիններս հատկապես ոգևորվեցին, երբ անցկացվեց այսպես ասած դեֆիլե (զենքով վարժություն) ՀՀ զինված ուժերի պահպանման գնդի պատվոպահակային վաշտի կատարմամբ և ՀՀ զինված ուժերի նվագախմբի նվագակցությամբ:
Կարդացեք նաև
Տոնական ուղերձով հանդես եկավ ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբավորման և ուժերի հրամանատար, գեներալ լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը: Նա հիշեցրեց Բեռլինը գրաված հայկական դիվիզիայի սխրանքները, ասաց, որ շուրջ 600 000 հայորդիներ են մեկնել ռազմաճակատ , որոնցից տուն են վերադարձել 300000 -ը, հիշեց նաև հայ 4 մարշալներին, ծովակալներին, հերոսներին ու գեներալներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ