Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը զինվորի կնոջը ութ անձով վտարելու որոշում է կայացրել

Մայիս 09,2014 14:19
iravunq

Վարդուհի Գեւորգյանն այսօր Հաղթանակի տոնը չի նշի. նա կանգնել է իր բազմանդամ ընտանիքի հետ վտարման փաստի առաջ, եւ մտադիր է բողոք բերել ՀՀ վճռաբեկ դատարան:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթում էր գտնվում պատասխանող Վարդուհի Գեւորգյանի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանի բողոքը: Ներկայացուցիչը պահանջում էր բեկանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Խոսքը Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ՝ Մելինե Սարգսյանի հայցով կայացրած վճռի մասին էր: Մ.Սարգսյանը պահանջել էր տնից վտարել Վարդուհի Գեւորգյանին, նրա հարսին, որդուն՝ իրենց զավակներով՝ Հեղինե, Քրիստինե, Գևորգ, Ռուզաննա, թոռնիկներին՝ Վարդան եւ Արտյոմ Ղարբազյաններին: Դատարանը հայցը բավարարել էր:

Վ.Գեւորգյանի ներկայացուցիչը մինչ գործի քննությունը, խնդրել էր կասեցնել այս վտարման գործի վարույթը, քանի որ Շենգավիթ համայնքի դատարանում առկա էր մեկ այլ քաղգործ՝ Մելինե Սարգսյանի դեմ Վարդուհի Գեւորգյանի հայցը:

Վ.Գևւորգյանն իր հերթին պահանջել էր դատարանից, Մադոյան փողոցի 24 տան եւ տնամերձ հողի, նրանց ընտանիքի կողմից 1988 թ. հունվարից փաստացի զբաղեցրած մասով սեփականության իրավունքը ճանաչել, Մ.Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչել:

Ըստ պաշտոնական փաստաթղթերի, գործում առկա էր նաեւ անշարժ գույքի նկատմամբ նվիրատվության պայմանագիր, որն անվավեր ճանաչելու պահանջ նույնպես բարձրացրել էր Վ.Գեւորգյանը:Նվիրատվության պայմանագրով նախկին տանտերը՝ Անդրանիկ Սարգսյանը,նշյալ տունը նվիրել էր երեք դստրերից՝ Մելինե Սարգսյանին:

Այս վիճելի տան՝ սեփականության գործի հետ կապված դատարան էր ներկայացվել նաեւ 2013թ. հոկտեմբերի 17-ի դատախազության կողմից հաստատված, դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունը, համաձայն որի, Մ.Սարգսյանը, մոր եւ քրոջ հետ կատարել էր հանցավոր արարք, որը նախատեսված էր Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: 6 տարվա ազատազրկման դատապարտված Մ.Սարգսյանը, ըստ գործի նյութերի, 2013թ. մայիսի 2-ին մտել էր իրենց հարեւանությամբ գտնվող Մադոյան փողոցի 24 հասցե, որտեղ «կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցույց տալով հարեւանների նկատմամբ, շուրջ 40 րոպե տեւողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Լիլիթ Պետրոսյանի հասցեին (գործով պատասխանողի հարսը-Ռ.Մ.), ապակյա տարայով հարվածել էին Լիլիթի գլխին, իսկ դստեր հետ, հրելով պահարանը, առկա փայտը գցել են Լիլիթի գլխին՝ նրա առողջությանը պատճառելով գագաթային քերծվածքների ձեւով առողջության թեթեւ վնասվածքներ չպատճառող վնասվածքներ»:

Վերաքննիչ դատարանը օրեր առաջ ուժի մեջ է թողել վտարման վճիռը, եւ մերժել զինվորի կնոջ բողոքը:

Վերաքննիչը հաշվի չի առել նաեւ այն, որ պատասխանողի ամուսինը՝ հանգուցյալ Վարդան Դարբազյանը, որը 1993թ. զինվորական ծառայության էր անցել ՀՀ ՊՆ զինված ուժերում, եւ մասնակցել էր մարտական գործողություններին, մարտադաշտում 1994թ.փետրվարին վիրավորվել է, մինչ մայիս ամիսն ապաքինվել է զինվորական հոսպիտալում, մահացել է 1995թ.՝ 40 տարեկանում, եւ չի հասցրել ըստ էության օգտվել ՀՀ նախագահի 1992թ. հունիսի 21-ի թիվ 116 հրամանագրով նախատեսված արտոնություններից: Վիճելի բնակարանը գնել էր նա նախկին տանտիրոջից՝ Անդրանիկ Սարգսյանից, սակայն մարտադաշտ գնալու հետ կապված նա չի կարողացել բնակարանի ձեւակերպումներն անել:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդուհի Գեւորգյանն ասաց, որ վերաքննիչ դատարանը իրենց վկայակոչած փաստերը հաշվի չի առել: Հաշվի չի առել այն, որ 1988թ.-ից վիճելի տանը բնակվում է իր ընտանիքը, մինչ օրս տան կոմունալ վճարները կատարել են իրենք:
Իսկ դատարանն արձանագրել էր. «Տվյալ դեպքում բողոք բերած անձը չի ապացուցել վիճելի բնակարանը սեփականատիրոջից՝ Ա.Սարգսյանից գնելու, այնպես էլ հաշվառված լինելու փաստերը, մինչդեռ, որպիսի պարտականությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրված է վերջինիս վրա»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031