Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպանի «ցինիզմը» և խոսքերից ետ չկանգնելը՝ հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրել

Մայիս 09,2014 13:52

«Ես չեմ պատրաստվում իմ խոսքերը հետ վերցնել… երբե՛ք»,-այսօր ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը շարունակել է պնդել իր այն հայտարարությունը, որը մեծ աղմուկ բարձրացրեց հայաստանյան հասարակության մեջ:

Հիշեցնենք, «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում դեսպանն ասել էր, որ պետք է զբաղվեք Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս–հայկական հարաբերությունների մեջ՝ օրինակ բերելով Ռուսաստանում ՀԿ-ների գործունեությունը կարգավորելու մասին նոր ընդունված օրենքը։

Այս հայտարարությանն ի պատասխան ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասերյանը նշել էր, թե «դեսպանն ազատ է իր գործունեության մեջ, եթե խոսքը Հայաստանում տեղակայված կազմակերպությունների մասին է, չեմ կարծում, որ դա միջամտություն կարող է գնահատվել: Դեսպանը հայտնեց իր կարծիքը, որի պատասխանը ստացավ»:

Political scientist Hrant Melik-Shahnazaryan is guest in Henaran press clubAravot.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում դեսպանի նման համառությունը, նա պատասխանեց. «Իհարկե, լավ կլիներ, որ դեսպանը սահմանափակվեր իր լիազորություններով և ՀՀ-ում ներկայացներ իր պետության շահը և չփորձեր միջամտել ՀՀ հասարակական և մեդիա դաշտի կարգավորմանը:

Միանշանակ անընդունելի է և անգամ ստանալով ՀՀ արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը՝ նա շարունակում է պնդել իր նախկին ասածները: Դա անթույլատրելի է և որևէ կերպ չի կարող նպաստել հայ-ռուսական հարաբերությունների ավելի լավացմանն ու զարգացմանը: Նման հայտարարություններ անելով՝ օտար երկրների դիվանագետները հայ հասարակությանը տրամադրում են իրենց իսկ պետության դեմ»:

Մեր հարցին՝ գուցե ՀՀ-ի պատասխանը համարժեք չէ՞ր, պարոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Այն, որ հայկական կողմի արձագանքն ավելի քան համարժեք էր, որևէ կասկած չունեմ: Միգուցե ավելի շատ էր, քան պետք էր, քանի որ այսօր մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք»:

Եզրափակելով՝ քաղաքագետը նշեց. «Պարոն դեսպանն այդպես էլ չհասկացավ հասարակության դժգոհության պատճառը և փոխանակ փակի թեման, նա շարունակում է: Եթե շարունակում է պնդել իր առաջարկը, իսկապես խնդիրը պետք է որոնել նրա մոտեցումների մեջ, ոչ թե մեր հասարակությունում»:

AVetiq_Ishkhanyan
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, դեսպանի պահվածքի վերաբերյալ գնահատականներ տալով, նշեց, որ եթե ունենայինք իսկապես անկախ պետություն և արժանապատվություն ունեցող իշխանություն, ապա որևէ երկրի դեսպան նման հայտարարություն չէր անի մեր երկրում:

Պարոն Իշխանյանը նշեց. «Եթե մեր իշխանություններն իսկապես ունենային արժանապատվություն, ապա, եթե որևէ դեսպան նման հայտարարություն բերանից թռցներ, այդ երկրի իշխանությունը միանգամից այդ դեսպանին պերսոնա նոն գրատա կհայտարարեր և կպահանջեր այդ երկրից դեսպանին ետ կանչել: Ցինիզմ է, երբ օտար դեսպանը երկրում նման բան է ասում, բայց հիմնականում դա ցույց է տալիս ՀՀ-ի՝ որպես պետության թուլացած վիճակը, որ որևէ երկրի դեսպան թույլ է տալիս իրեն նման հայտարարություն անել»:

ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը պարոն Իշխանյանը ոչ համարժեք է անվանում ու նշում. «Դա պատասխան չէր, դա մի երկու խոսք էր, որով ուզեցին մեր հասարակության առաջ արդարանալ: Համարժեք պատասխանը պետք է լիներ ՌԴ-ից պահանջել իր դեսպանին ետ կանչել»:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրողների թեմային՝ պարոն Իշխանյանն ասաց. «Հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրողները և թշնամանք հրահրողները Հրաչյա Հարությունյանին խալաթով դատարան բերողներն են, մեր հակառակորդին մեկ միլիարդից ավելի զենք վաճառողներն ու ՀՀ-ի հասցեին սպառնալիք տեղացողներն են, ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացել թելադրողներն են և հատկապես վերջին շրջանում ՌԴ-ի դեսպանն է՝ իր հայտարարություններով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ինչու եք հիստերիա սարքում չեղած տեղից?? Ինչ սխալ բան է ասել դեսպանը? Հակա-ռուսական պրոպագանդա չկա մեր երկրում? Ինչ եք միամիտ ձևանում? Շատ լավ էլ կա, ու շատ վտանգավոր, առաջին հերթին, հենց մեր հայերիս համար: Ինչու եք խառնվել, եթե դուք դրանով չեք զբաղվում?? Եթե ՀԿ-ն հակա-գործունեությամբ չի զբաղվում, ինչ ունի մտածելու, ով պիտի իրենց մեղադրի? Իսկ եթե փող է վերցնում Պետությանը վնասելու համար, ուրեմն պիտի չեզոքացվի: Ինչ է, մի քանի հոգու գրպանի պարունակությանը հո պատանդ չի դառնալու անբողջ հասարակությունը? ոնց որ էսօր ՈՒկրաինայում է—–ամբողջ 45 մլն ազնիվ մարդիք կրակն են ընկել մի քանի հազար ավանտյուրիստների ձեռքը: Թե պետք է ձև անենք,որ չենք հասկանում??? …………………………….. P.S. Պ Իշխանյան, Հ Հարությունյանին խալաթով բերողն էլ նույն սերիայից է, նա էլ Ռուսաստանում է զբաղվում նույն սադրիչ գործով: Դրանք հիմա ամենուր են:

  2. մարգար says:

    Իհարկե, ուրիշ դեսպաններ հրապարակում բուտերբրոդ են բաժանում «սեպ խրողներին» (որ ավելի լավ խրեն) իսկ սա ասում է – «չեզոքացրեք» դրանց! Է լավ, իսկ որ հակառակն ասեր հանկարծ, այսինքն՝ խրախուսենք «խրողներին» – հետաքրքիր է՝ այս դեպքում ինչ կասեինք? Ըստ տրամաբանության` պիտի ողջունեինք? Կամ, մի քիչ զոռ տանք չգործածվող ուղեղներին ու մտածենք – օվկիանոսի այն կողմից ՀԿ – ներին ու ԶԼՄ – ներին կոպեկ են տալիս որ ինչ անեն? Իսկ որ հրապարակով խոսում ու դաս են բացատրում դեբիլոիդներին, դա պիտի նորմալ համարել – իմ կարծիքով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031