Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հին սերմի ճակատագիրը

Մայիս 09,2014 14:12

Արեւի լույսն այդ օրը լուսնային գունատությամբ էր հայտնաբերում աշխարհը, քանի որ լեռն Արարատ սկսել էր ծխալ:

– Եկել է ժամանակը, եւ հասունացել է պահը, քանզի արթնացել է Սրբազան լեռը,- հավաքված զինականների եւ ժողովրդի դեմ կանգնած՝ կարմիր բլուրի վրայից խոսում էր Արի-ան-ար Քուրմ Թագավորը: Նրա մազերը ճերմակ էին, եւ ճերմակ էր մորուքը: Մունետիկները բլուրի չորս կողմը կանգնած՝ բարձրաձայնում էին Քուրմ Թագավորի խոսքերը, որ բոլորը լսեն: Իսկ լեռը ծխում էր խաղաղ, ինչպես թոնրատնից ելնող ավետաբեր ծուխ:

– Դուք բոլորդ գիտեք մեր հայրերի թողած մեծ պատգամը, որն ասում է, թե՝ երբ Լեռը նորից ծխա, մենք պիտի ճամփա ընկնենք,- Քուրմ Արքայի ձայնը մունետիկների բերանից թավալվելով, կանգնածների գլխների վրայով՝ մարմրելով հասնում էր մինչեւ ամենահեռվում կանգնած վերջին մարդը,- եւ այսօր ես ձեզ հավաքել եմ ասելու, որ ձեզանից շատերը ճամփա պիտի ելնեն եւ գնան դեպի աշխարհի չորս կողմերը՝ մեր խոսքը, մեր սերմն ու գիտությունը տարածելու անտեղյակ ցեղերի մեջ: Ասված է, որ մենք, մեր ցեղը եւ մեր Աստծուն պետք է ճանաչելի դարձնենք օտարներին, եթե իրենց հոգիներում մեր Աստծու համար տեղ կա: Իսկ եթե չկա՝ մի՛ փորձեք ոչնչացնել նրանց, որովհետեւ ցեղերն այդ սարսափում են անհայտից, իսկ դուք նրանց կյանքում հայտնվելու եք որպես անհայտ, քանի որ շատ եք հայտնի:

Քուրմ Թագավորը մի պահ լռեց՝ ուղղելով ուսից իջնող ծիրանին, եւ շարունակեց խոսել.
– Երբեք արյուն չթափեք եւ չստեղծեք ձեզ համար թշնամիներ, քանի որ ձեր թշնամիները կսկսեն ղեկավարել ձեզ, այնինչ՝ ձեր առաքելությունն Արարատյան է. դուք կլուծվեք նրանց մեջ՝ ինչպես մեղրը կենդանի ջրում, դուք կփոխեք նրանց խղճուկ կյանքը, կդարձնեք ձիավորներ, բրոնզե սուր կշնորհեք նրանց եւ աստղերը ճանաչելու գաղտնիքին կծանոթացնեք, դա՛ է մեր արիական սերմի ճակատագիրը: Իհարկե, դուք կմեռնեք, ինչպես մեռնում են բոլորը, բայց ձեր զավակները նոր թագավորությունների եւ նոր պետությունների հիմնադիր կդառնան:

Քուրմ Թագավորի ձայնն արդեն լսվում էր առանց մունետիկի, եւ այն հնչում էր այսպես՝ ձեր քաղաքներն ու մեհյանները կառուցեք կենդանի ջրերի ափերին՝ հիշելով, որ ձեր ազնվացեղ ձիերը պղտոր ջրեր չեն խմում…

Արի-ան-ար Քուրմ Թագավորը շարունակում էր խոսել, իսկ Լեռը ծխում էր, եւ ժողովուրդը՝ սպասում…

Այո՛, Լեռը ծխում էր, իսկ ժողովուրդը՝ սպասում:

– Ես ձեզ՝ գնացողներիդ հանձնում եմ մեր հայրերի թողած բանավոր գիտությունը, հանձնում եմ նաեւ մեհենագրերը, որպեսզի դուք չմոռանաք Արիական տասներկու պատվիրաններից ոչ մեկը եւ տարածեք այլազան ցեղերի մեջ,- շարունակում էր խոսքը Թագավոր Քուրմը.
– Սիրե՛ք ձեր Աստծուն, ում անունը Հայ է, եւ ում ուսերից իջնում են երկու կենդանի գետեր:
– Մեր Աստծուն մի՛ դարձրեք կուռք, քանի որ նա Կենդանի է եւ Հավերժական, եւ չլինի այնպես, որ Աստծու անունից հալածեք ձեզանից հետո եկողներին:
– Մի՛ վախեցեք, քանզի վախն է բոլոր արատների սկիզբը:
– Մի՛ սպանեք:
– Մի՛ շնացեք:
– Մի՛ երդվեք Աստծո անունով, եթե ստիպված եք սուտ վկայություն տալ:
– Աստծո անունը անտեղի մի՛ հնչեցրեք, եթե ձեր սիրտն ու հոգին ներդաշնակ չեն ձեր խոսքին:
Արի-ան-ար Քուրմ Թագավորի ձայնը այնքան հանդիսավոր էր, որ մունետիկները այլեւս չէին բարձրաձայնում, քանզի լսելի էր ամենահեռվում կանգնած մարդուն, ով ուզում էր լսել:
– Օգնեցե՛ք ձեր թշնամուն, որ ձեզ չատի:
– Մի՛ նախանձեք ձեր ընկերոջ ունեցվածքին, այլ փորձեք հավասարվել նրան:
– Սիրեցե՛ք ձեր հորն ու մորը եւ ձեր խոսքն ու ունեցվածքը փոխանցեք ձեր զավակներին:
– Ունեցած մարգարիտները շաղ տվեք նույնիսկ խոզերի առաջ՝ հավատալով, որ նրանք էլ մի օր կմարդեղանան:

Թագավոր Քուրմը մի պահ լռեց եւ ասես հազարամյակների խորքից եկող հայացքով նայեց իր դիմաց խոնարհաբար կանգնած արիներին.
– Ես հնչեցնում եմ վերջին պատվիրանը մեր հայրերի.
– Մի՛ մոռացեք, որտեղ էլ լինեք, մի՛ մոռացեք Արարատ լուսավոր լեռը, որի սրբազան ձյուների պահապանը ձեր հավերժ հայրերն են: Եվ մի՛ մոռացեք ձեր եղբայրներին, որ ինձ հետ մնալու են հայրենիքում՝ մաքուր պահելու արիական աշխարհաստեղծ սերմի բագինը:
Թագավոր Քուրմը լռեց, եւ մի պահ կարծես քամի անցավ բոլոր կանգնածների վրայով՝ խոնարհելով նրանց գլուխները.
– Ձեզ բարի ճանապարհ,- մի տեսակ օտարացած ձայնով շարունակեց Թագավոր Քուրմը,- ձեզ սպասում են տրտում ժողովուրդներ, որոնց դուք պետք է արթնացնեք մոռացության քնից: Ասված է, որ դուք այլեւս չեք վերադառնալու ձեզ սնած երկիրը, քանի որ ձեր հայրենիքը այլեւս կդառնա աշխարհը, իսկ ձեր սերմը՝ աշխարհի լուսատուն:
Եվ դա մեր տեր Հիսուս Քրիստոսի ծնունդից տասը հազար տարի առաջ էր, երբ արթնացել էր Սրբազան լեռը, եւ հավերժական ձյուների պահապանը ճանապարհ էր դնում իր զավակներին, որոնք այլեւս չէին վերադառնալու:
Իսկ Լեռը շարունակում էր ծխալ…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այսպես ասաց Արքայից Արքան .
    …Կռվել եմ ես էլ
    ու գրավել եմ
    շատ ու շատ հողեր,
    Բայց չեմ ստրկացրել
    պարտված աղգերին….
    Թող ամեն մի ազգ
    Աստծո պարգևած
    իր երկում ապրի
    խաղաղ , ապահով.

    Մ.Բ-Խ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031