Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փոխարտգործնախարարը՝ Ուորլիքի հայտարարության մասին. «Ցանկությունն է, որ կարգավորում է առաջընթացը»

Մայիս 09,2014 13:36

«Այդ 6 կետը նոր չի, այդ 6 կետը այնպես, ինչպես հրապարակված է, կարող եք ծանոթանալ համանախագահների հայտարարություններից: Ուորլիքի հայտարարության իմաստն այն է՝ ցանկությունն է, որ կարգավորում է առաջընթացը: Դրա համար բոլորի համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է երկու պայման: Պայման, որը ոչ թե դնում է կողմերից մեկը, այլ որ շատ բնական ու տրամաբանական պայմաններ են, որ առաջընթաց լինի»,- այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտարարությանը:

Պայմաններից առաջինն, ըստ Շավարշ Քոչարյանի, այն է, որ կողմերի միջև պետք է լինի վստահության մթնոլորտ, քանի որ առանց վստահության, նմանատիպ բարդ հարցերում առաջընթաց չի կարող լինել: Երկրորդը՝ բանակցային գործընթացում պետք է լիարժեք ներգրավված լինի հակամարտության հիմնական կողմը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. «Քանի դեռ Բաքուն խոչընդոտում է թե վստահության մթնոլորտի ամրապնդմանը, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք ներգրավմանը, հասկանալի է, որ այդ բարի ցանկությունները, որ լինի առաջընթաց, քիչ հավանական է, որ իրականանան»: Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ է հենց այս փուլում ամերիկյան կողմը հիշեցնում վեց սկզբունքների մասին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դա միշտ օրակարգում կա: Դա ընդամենը հիշեցում է. ոչ թե հիմա է հիշեցվում, վաղուց է հայտարարվել երեք հիմնական միջազգային իրավունքի սկզբունքները, նորմերը, որոնց հիման վրա պետք է խնդիրը կարգավորվի և վեց տարրերը: Նորից հիշեցնեմ՝ այնքան հանրահայտ են այդ սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորվի՝ առաջինը, ուժից կամ ուժի սպառնալիքից հրաժարում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում»:

ՀՀ փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ երեք հիմնարար սկզբունքից Բաքուն մերժում է երկուսը. ուժի սպառնալիքից չի հրաժարվում, ժողովրդի ինքնորոշման իրավունքն, ըստ էության, մերժում է: «Բաքուն միայն շեշտադրում է անում մեկ սկզբունքի վրա՝ տարածքային ամբողջականության, այն էլ աղավաղված և ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող տեսքով: Այսքանը բավական է, որպեսզի մենք կարողանանք հանգել այն եզրակացությանը, որ այս բանակցային գործընթացում խոչընդոտը Ադրբեջանն է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Հարցին՝ հայկական կողմը նորմա՞լ է վերաբերվում Ադրբեջանին տարածքներ հանձնելու վերաբերյալ կետին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Նորմալը քաղաքական կատեգորիա չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031