Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկայի «հայկական խաղերը»

Մայիս 09,2014 13:57

Ուորլիքի հայտարարության մեջ իրական վտանգներ կան

«Այն, որ ամերիկացի համանախագահը Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ներկա փուլի իր առանձնահատկությունները ներկայացրեց կարծես թե Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի կողմից իր հասցեին հնչեցրած սուր, դիվանագիտական առումով նույնիսկ ոչ կոռեկտ բանաձեւումներին ի պատասխան՝ ուշադրության արժանի հանգամանք է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակի նրբերանգները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ներկայացուցիչ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂ խնդրի կարգավորման վեց կետանոց առաջարկներին: Ի դեպ, դրանց հետեւեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ «Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»: Քանի որ Ուորլիքն ինքն էլ փաստեց, որ դա իր տեսակետն է եւ համաձայնեցված չէ խմբի մյուս համանախագահների հետ, հետեւաբար պետք է ենթադրել, որ դրանք ԱՄՆ-ի մոտեցումներն են: Թեպետ ամերիկացի համանախագահի վեց առանձնացրած կետերն, ըստ էության, ծաղկաքաղ են «մադրիդյան սկզբունքներից», այն էլ հաջորդականություն չենթադրող շարադրանք են, հայտարարություններ, որոնք քանիցս արված են համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից՝ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականության սկզբունքի եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների համատեղում, այնուհանդերձ՝ Խոսրով Հարությունյանը նկատում է. «Սատանան մանրուքների մեջ է: Առաջին անգամ խոսելով այն մասին, որ այսօր ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, կոնկրետ հավելում է արվում՝ հստակ խոսվում է Լաչինի միջանցքի մասին եւ նույնիսկ բանաձեւ է տրվում, թե ինչ բան է միջանցքը: Ես կարծում եմ, որ մինչեւ հիմա որեւէ փաստաթղթում այդպիսի մանրամասնություն գրված չի եղել: Ապա խոսում է հանրաքվեի մասին՝ երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված կամարտահայտության ժողովրդավարական ինչ-որ մեխանիզմ ենթադրելով: Այսինքն՝ Ադրբեջանը միշտ էլ կարող է ազդել՝ ասելով, որ մոդելը, որ դուք առաջարկում եք, ինձ չի բավարարում: Իսկ մենք տեղյակ ենք, որ Ադրբեջանը հանրաքվեին պատրաստ է միայն այն պարագայում, երբ դա լինի Ադրբեջանի ողջ հանրապետությունում: Հետեւաբար երբեւէ չի կարող խոսք գնալ կամարտահայտության ժողովրդավարական ինստիտուտի՝ որեւէ մեկի քաղաքական քմահաճույքով ձեւավորման մասին: Մինչդեռ սա փաստվում է՝ թեպետ տողերի մեջ, բայց շատ էապես»:

Խոսրով Հարությունյանը գտնում է, որ պարոն Ուորլիքի մոտեցումներում, առողջ եւ բանական սկզբունքներից զատ, իրենց մեջ նաեւ ստորջրյա խութեր են պարունակում՝ կապված եւ անվտանգության, եւ խաղաղապահ ուժերի հետ: Ամերիկացի համանախագահողի՝ սեփական պատկերացումների այս բարձրաձայնումը մեր զրուցակիցը չի կարծում, որ շատ օգտակար դերակատարում կարող է ունենալ: Նա գտնում է, որ անհամեմատ ավելի արդյունավետ կլիներ, եթե համանախագահողները ոչ թե խոսեին իրենց անզորության մասին, այլ այն մասին, որ իրենց ոչ մի կերպ չի հաջողվում դիպուկահարներին հեռացնել, որ չի հաջողվում գործուն մեխանիզմ ստեղծել՝ բոլոր տեսակի ռազմական ընդհարումների միջադեպերը մինչեւ վերջ ուսումնասիրելու վերաբերյալ: «Վերջին հաշվով փաստը մնում է փաստ՝ բացակայում է վստահության մթնոլորտը: Այդ մասին արձանագրում է նաեւ Ուորլիքը: Այսօր շատ ու շատ բանական առաջարկներ մերժվում են, որովհետեւ չկա վստահություն: Հետեւաբար՝ չի կարելի խոսել կարգավորման քիչ թե շատ կայուն մեխանիզմների մասին, եթե մենք քայլեր չենք կատարել փոխադարձ վստահությունը վերականգնելու ուղղությամբ: Ես համոզված չեմ, որ միայն հանրապետությունների դեմքերի դերակատարությամբ խնդրի կարգավորումն արդարացված է»:

«Առավոտի» հարցին՝ չե՞ք կարծում, որ ամերիկացի համանախագահի հայտարարությունը ՌԴ-ի դեմ ընթացող աշխարհաքաղաքական խաղի մասնիկ է, Խոսրով Հարությունյանն ասաց, որ չի կարծում, թե նման նախաձեռնությունները որեւէ հեռանկար կարող են խոստանալ, այդ թվում նաեւ՝ դրանց հեղինակներին, մանավանադ, որ քաղաքական բանականությունը հուշում է, որ նման իրավիճակներում արկածախնդրություններից պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ, ու հավելեց, որ իր դիտարկումն այն մասին, որ հայտարարությունը եղավ Ազիմովի մեղադրանքներից հետո, հենց այդ տողատակը նկատի ուներ. «Ըստ էության, նպաստավոր պայմաններ կարող են ստեղծվել, որ այս մեկնաբանություններով ադրբեջանական կողմն ավելի ոգեւորվի: Եվ, ըստ էության, ընդհուպ մինչեւ սկսի սադրել: Որովհետեւ եթե դուք այդքան անզոր եք, չեք կարողանում որեւէ խնդիր լուծել, ադրբեջանցիներն էլ վաղուց էին ասում այդ մասին, որ Մինսկի խումբը վաղուց իրեն սպառել է, ապա այս դեպքում կասեն, որ մեզ իրավունք ենք վերապահում, ասենք, սեփական ազգային անվտանգության խնդիրները լուծելու համար ամենատարբեր քայլերի դիմել: Այս սպառնալիքը նկատվում է: Ես շատ կցանկանայի, որ սխալվեի, բայց սա կարող է եւ իրականություն լինել»:

ԼՂՀ ԱԳՆ-ի արձագանքն Ուորլիքի հայտարարությանն այսպիսին է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք, հաշվի առնելով առկա իրողությունները, պայմաններ կապահովեն ԽՍՀՄ փլուզման եւ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար: Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ եւ իրավական կամարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որեւէ սակարկության»: Իսկ պաշտոնական Բաքուն այսպես է արձագանքել. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ, եւ եթե, առաջին հերթին, Հայաստանի զինված ուժերի զորքերը դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից, բոլոր խնդիրները կլուծվեն»: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի խոսքով, որը փոխանցում է APA գործակալությունը, Ուորլիքի վեց դրույթները նոր չեն եւ հնչել են նախկինում: Նա նշել է, որ ադրբեջանական կողմն իր համաձայնությունն է տվել՝ սկսելու Ղարաբաղյան հակամարտության լուծման խաղաղ համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները. «Առկա ստատուս քվոն անընդունելի է: Մենք հայկական կողմին կոչ ենք անում հարցը համատեղ լուծել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ տարածվեց Ուորլիքի եւս մեկ հայտարարություն. «Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ես հավատում եմ, որ մարդիկ սխալ են թարգմանել իմ խոսքերը: Այս հակամարտության մեջ ներգրավված են միայն երկու անկախ պետություններ` Հայաստանն ու Ադրբեջանը: Իհարկե, կան նաեւ Ղարաբաղի ժողովուրդն ու ադրբեջանական համայնքի փախստականներն ու ներքին տեղահանվածները»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Էդ նոր հայտարարության առիթը որն էր????? Ալիևը թազա փոխանցում արեց հաշվեհամարին, թե նաֆթի վիշկաներից մեկը նվիրեց????!!!!!!!??????!!!!!!?????

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031