Վրաստանին սահմանակից Շիրակի մարզի Բավրա համայնքի գյուղացիները մոտ 3 տարի է՝ հայտնվել են անելանելի վիճակում՝ կապված իրենց համայնքի տարածքում գտնվող, սեփականության վկայականով իրենց պատկանող, սակայն օգտագործելու հնարավորություն չունեցող հողերի հետ: Նրանց խնդիրը հարեւան վրացիների հետ է, որոնք սահմանների հստակեցման ժամանակ տիրացել են բավրացիների 120 հեկտար հողատարածքին՝ փոխարենը հայկական կողմին մեկ այլ, այսպես ասած, հարակից ռուսական գյուղի հատվածի անտառային կողմից հանձնելով ընդամենը 40 հեկտար հողատարածք: Իսկ թե ո՞ւր է մյուս 80 հեկտար հողատարածքը, որը պիտի հանձնեին հավասարը հավասարի դիմաց, բավրացիներին այդպես էլ անհայտ է: Փաստն այն է, որ այժմ վրացիները չեն թույլատրում հայերին մշակելու այդ հողատարածքները, անգամ խստորեն արգելել են անասուններին այդտեղ արածեցնել:
Բավրայի նախկին գյուղապետ Կորյուն Սումբուլյանը «Առավոտի» հետ զրույցում բողոքեց, որ վիճակը գնալով վատացել է: «Իմ ժամանակ մենք մեր հողերը հնձում էինք, հիմա վրացիք են գրավել, ու վերջացել է դրանով ամեն ինչ: Եթե մենք մի քիչ պնդեինք, էլի մերը կլինեին էդ հողերը: Մեր կառավարությունն էլ տեր չի լինում, եթե մեզ չխանգարեն, էստեղ ապրելու ամեն պայման կարելի է ստեղծել: Պատկերացրեք՝ էս գյուղից անգամ արտագաղթ չկա, գնում են արտագնա աշխատանքի, աշխատում, հետ են գալիս, բայց հենց սեփական կառավարությունը աշխատողի քթից է բերում: Աշխատող մարդու մեր երկրում չեն սիրում, օրինակ` վստահ եմ, որ գյուղում սպասվող ընտրություններում բոլորը հրահանգելու են, որ ինձ չընտրեն, ես ամեն ինչ շատ արագ եմ հասկանում, ինֆորմացիաներն էլ շատ արագ եմ իմանում, դրա համար ինձ չպիտի ընտրեն. աշխատող մարդը էստեղ տեղ չունի: Ես կամ պիտի դառնամ իրենցից մեկը` ենթարկվող, համախոհ, խամաճիկ, կամ ես պիտի կռվեմ իրենց հետ մինչեւ վերջ: Ես գնում էի Վրաստանի սահմանի գլխավոր հրամանատարություն, որ իմ գյուղացին էստեղ իր արտը հնձի: Ես էդքան հնարավորություն ունեմ` թե գիտելիքներ, թե լեզու, վախ էլ չունեմ, թե ինձ որեւէ բան կլինի»,- ասաց նախկին գյուղապետը:
Ըստ նրա՝ իրենց հողերը 120 հեկտար են, սակայն 500 հեկտար էլ Գեղամ Ղարիբջանյանի կողմից է առանձին նվեր տրվել Վրաստանին: «Ես մինչեւ վերջ կռվելու եմ, որ էդ հողերը հետ գան մեր պետություն, եթե վաճառել են, ուրեմն պիտի իմացվի, որ վաճառել են, թող պատժվեն նրանք, ովքեր վաճառել են: Մի բան էլ. եթե Ազգային ժողովը չհաստատի, իմ սահմանապահին իրավունք չունեն դուրս հանել հողերի միջից, բայց Վրաստանը եկել է առաջ, մեր սահմանապահները 400 մետրով հետ են քաշվել՝ էդ մեկ: Երկրորդ՝ եթե կառավարությունը կամ Ազգային ժողովը դեռ որոշում չունեն, որ կառավարությանն առընթեր պետական գույքի կադաստրը լուծարվել է, վավերական չեն վկայականները, որոնք մենք օգտագործում ենք, ուրեմն մենք էդ հողերի սեփականատերն ենք: Մենք նաեւ հողի հարկ ենք տալիս հենց այդ նույն հողերի համար»,- ներկայացրեց գյուղապետը:
Լրագրողները, տեսնելով Բավրա ժամանած փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, հետաքրքրվեցին, թե ի վերջո՝ ի՞նչ է լինելու բավրացիների հողային խնդիրը վրացիների հետ, կառավարությունը նախաձեռնե՞լ է հանդիպել ու քննարկել վրացական կողմի հետ այս խնդիրը: Փոխվարչապետը կարճ կապեց՝ հայտարարելով. «Նման հարց չկա, ուրիշ»: Լրագրողները՝ տեսնելով ու զարմանալով, որ փոխվարչապետը անտեղյակ է այս խնդրից, սկսեցին պատմել, ավելի մանրամասն բացատրել բավրացիների բողոքը, որին ի պատասխան՝ փոխվարչապետը դարձյալ ապշեցնող պատասխան տվեց. «Ասում եմ՝ նման խնդիր չկա»: «Պարոն փոխվարչապետ, բայց չեն կարողանում, չէ՞, գյուղացիները մշակել իրենց հողերը»՝ լրագրողներից մեկի համառ այս հարցին փոխվարչապետը տվեց նույնքան համառ պատասխան. «Նորից եմ ասում՝ նմանատիպ խնդիր չկա»: Նրա հեռանալուց հետո եկեղեցու մոտ հավաքված բավրացի տղամարդիկ անմիջապես արձագանքեցին. «Որ ամաչեիր, էսպես անտեղյակ չէիր գա, հասնեիր էստեղ»:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ