«Խոշտանգման գործերով քննության կազմակերպման եւ իրականացման ուղեցույց» խորագրով վերլուծական ձեռնարկը ուսանելի օրինակ կլինի ՀՀ-ում նախաքննություն իրականացնող բոլոր մարմինների համար:
Օրերս Հատուկ քննչական ծառայությունը հայերենով եւ անգլերենով մշակել եւ հրատարակել է վերլուծական ձեռնարկ՝ «Խոշտանգման գործերով քննության կազմակերպման եւ իրականացման ուղեցույց» վերտառությամբ: Ձեռնարկը հեղինակել են Հատուկ քննչական ծառայության աշխատանքների կազմակերպման կատարելագործման եւ քննության մեթոդիկայի մշակման բաժնի պետ Կարեն Կարապետյանը, բաժնի աշխատակիցներ Գրիգոր Ամիրյանը եւ Տիգրան Խաչիկյանը:
Ուղեցույցը վերաբերում է խոշտանգման վերաբերյալ քրեական գործերի քննության կազմակերպմանը եւ իրականացմանը, խոշտանգման գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումների վերլուծությանը, խոշտանգման գործերով նախաքննություն իրականացնելիս Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից ներկայացվող պահանջների էության բացահայտմանը:
Նշենք, որ վերլուծության շրջանակներում փորձ է արվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խոշտանգման հանցակազմը դիտարկել ՄԱԿ-ի «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» 1984թ. դեկտեմբերի 10-ի ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիայի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձեւավորած դիրքորոշումներով այս հանցակազմի տարրերին ներկայացվող պահանջների լույսի ներքո եւ դրանով պայմանավորված` քննարկվող հանցագործությունների վերաբերյալ գործերի քննություն իրականացնողների ուշադրությունը հրավիրել քննչական աշխատանքի կազմակերպման կատարելագործման որոշակի ուղղությունների վրա:
Կարդացեք նաև
Նմանատիպ մեթոդական ուղեցույցների հրապարակումը լայն հաշվով մեկ նպատակ է հետապնդում` նպաստել որակյալ նախաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտագործնական բազայի կատարելագործմանը:
Ուղեցույցի գիտական խմբագիր, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանը ձեռնարկի հրատարակման անհրաժեշտությունը պայմանավորում է քննչական պրակտիկայում խոշտանգման հետ կապված քրեական գործերի քննության ընթացքում հաճախակի առաջացող փակուղային իրավիճակների կամ օբյեկտիվորեն ծագող առանձին հարցադրումների շուրջ անհրաժեշտ գիտագործնական մեկնաբանություններ տալու հրամայականով:
«Ուղեցույցում արվել են նաեւ որոշակի առաջարկներ, որոնց պահպանումը քննարկվող հանցատեսակին վերաբերող քրեական գործերի քննության ընթացքում, մեր համոզմամբ, մի նոր իրավական խարիսխ կլինի որակյալ քննչական աշխատանք ապահովելու գործում»,- ասում է Վահրամ Շահինյանը եւ շարունակելով՝ նշում. «Եվ այն, որ ուղեցույցը կարող է լինել արդյունավետ կողմնորոշիչ ծագող առանձին խնդիրների պարզաբանման, տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապի ապահովման եւ հնարավորության սահմաններում քննչական պրակտիկայի միասնականացման համար, կարծում ենք, ակնհայտ է: Հենց նշված ելակետերով է, որ խոշտանգման հանցակազմի փաստով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության եւ ՀՀ քրեական օրենսգրքի հետ մեկտեղ, նաեւ սույն ուղեցույցի կիրառումը կարող է էական ազդեցություն ունենալ կայացվող դատավարական որոշումների` ՀՀ վճռաբեկ դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի հետ ներդաշնակության ապահովման առումով»:
Ձեռնարկի գիտական խմբագիր Վահրամ Շահինյանը հույս է հայտնում, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից նման բնույթի աշխատանքների հրատարակումը կդառնա բնականոն գործելաոճ:
Տեղեկացնենք, որ ուղեցույցը նախատեսված է ՀՀ-ում նախաքննություն իրականացնող մարմինների, իրավաբանական ֆակուլտետների ուսանողների, դասախոսների, ասպիրանտների համար:
«Խոշտանգման գործերով քննության կազմակերպման եւ իրականացման ուղեցույց» խորագրով վերլուծական ձեռնարկը կարող է օգտակար լինել նաեւ դատական-դատախազական աշխատողների, քրեական եւ քրեադատավարական իրավունքի հարցերով հետաքրքրվող քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների համար:
Ռ. Մ.
«Առավոտ» օրաթերթ