Լրահոս
Օրվա լրահոսը

Արջուտի միջնակարգ դպրոցի տնօրենը պահանջելու է չվճարված աշխատավարձը

Մայիս 09,2014 13:34

Նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանը պնդում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրգործը զրպարտության արդյունք է:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանն իր պաշտպանյալ, Լոռու մարզի Արջուտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Սողոմոնյանի նկատմամբ վերջերս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտը օրինաչափ է համարում:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Լ. Թադեւոսյանի նախագահությամբ, օրինական ուժի մեջ է թողել Արջուտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Սողոմոնյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճիռը:

Անդրանիկ Սողոմոնյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2012 թվականի սեպտեմբեր, նոյեմբեր ամիսների ընթացքում յուրացման եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված զգալի չափերով՝ 195. 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գույքը: «Ի սկզբանե մենք հայտարարում էինք, որ իմ պաշտպանյալի գործողություններում որեւէ հանցակազմի հատկանիշներ չկան, քրգործը հարուցվել էր զրպարտության արդյունքում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Նա տեղեկացնում է, որ թեեւ մինչդատական վարույթում արդյունքի չեն հասել, դատական քննության վերջում, արդեն, մեղադրող դատախազն ինքը հրաժարվեց առաջադրված մեղադրանքից. «Դատական քննության վերջում` իր ճառում, մեղադրող դատախազը, ճիշտ գնահատելով գործում առկա ապացույցները, հայտարարեց մեղադրանքից հրաժարվելու մասին` Անդրանիկ Սողոմոնյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով»:

Արդյունքում՝ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանն արդարացման դատավճիռ էր կայացրել, որի դեմ վերաքննիչ բողոք էր բերվել:

«Դատախազությունը վիճարկում էր ոչ թե Անդրանիկ Սողոմոնյանի անմեղությունը կամ մեղավորությունը, այլ դատական ակտի ձեւը` գտնելով, որ տվյալ դեպքում պետք է որոշում կայացվեր քրգործով վարույթը կարճելու մասին, այլ ոչ թե կայացվեր արդարացման դատավճիռ»,- ասում է փաստաբանը:

Նա տեղեկացնում է, որ վերաքննիչ քրեական դատարանի` իր նախորդի կայացրած արդարացման վճիռն անփոփոխ թողնելուց հետո պաշտպանական կողմը դիմելու է համապատասխան մարմիններին, որպեսզի արդարացվածին վճարվի այդ ժամանակահատվածում չվճարված աշխատավարձը, քանի որ վերջինիս պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցված է եղել:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031