Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական «Նուռը»՝ մայիսյան հաղթանակներին

Մայիս 09,2014 13:25

Բելգիայում 2014թ. հունվարին հրատարակված «Նուռ-La GRENADE-GRANAATAPPEL» ամսագրի առաջին համարին օրերս կհաջորդի երկրորդը՝ հայերեն, ֆրանսերեն, հոլանդերեն: «Առավոտին» հիշյալ ամսագրի գլխավոր խմբագիր Սյուզան Քանանյանը փոխանցեց, որ սա առաջին եռալեզու ամսագիրն է Եվրոպայում եւ յուրատեսակ երեւույթ՝ Բելգիայի հայ համայնքի պատմության մեջ:

«Այս համարը նվիրված է մեր հաղթանակներին (նկատի ունի Հայրենական մեծ պատերազմ, Շուշի, Ավարայր, Սարդարապատ), ինչպես նաեւ Ցեղասպանության լուսաբանմանը՝ Բելգիայի ու ընդհանրապես Եվրոպայի ընթերցասեր հասարակայնության համար՝ լուսանկարային ու պատկերային վկայություններով»,- ասաց տիկին Քանանյանը:
Դիտարկմանը, թե բոլոր լավ մտահղացումներին, գոնե սկզբում, սպասվում է «փշոտ» ճանապարհ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Անխոս,… Եվրոպայում կյանքի ռիթմը չափազանց արագ է, ու մենք էլ մեր աշխատակազմով ակամա տրվում ենք այդ կենսառիթմին ու ջանում արագ ամեն ինչ ավարտին հասցնել: Սա, իհարկե, մեզ կենսունակ է պահում, բայց աշխատում ենք որակը պահպանել, չանտեսել նրբությունները: Ամենաբարդը գենոտիպային տարբերությունների համադրումն է»:

«Նուռ»-ի գլխավոր խմբագիրը շեշտեց, թե ամսագիրը յուրահատուկ է հենց թեկուզ նրանով, որ եռալեզու է ու հավաստիացրեց. «Մեր ամսագիրը միանգամայն նոր մոտեցում է հայկական ոգին, հայոց աշխարհն ու հայոց գանձերը ներկայացնելու առումով: Այն տանում է դեպի ինքնաճանաչողություն, ձգում է ողնաշարն ու արթնացնում, միաժամանակ եվրոպացուն ներկայանալով ու հրամցնելով այն, ինչը երբեմն մեզ է անծանոթ եղել»:
Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ ամսագիր հրատարակելը իրենց նախաձեռնությունն է: «Բելգիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Լյուքսեմբուրգում բնակվող հայերը մայրենի լեզվով պարբերականների պակասի պատճառով շատ բաներից անտեղյակ են, մինչդեռ «Նուռ»-ը հնարավորություն կտա կարդալ ու հաղորդակից լինել սեփական ինքնությանը եւ եվրոպացիներին տեղեկացնելու հայերիս, մեր պատմության ու հայկական դարավոր մշակույթի արժեքների մասին»,- փոխանցեց տիկին Քանանյանը:

Հետաքրքրությանը, թե «Նուռ»-ի առաջին համարից հետո ի՞նչ արձագանքներ կան, Սյուզան Քանանյանը պատասխանեց. «Արձագանքների հեղինակները՝ թե հայեր, թե օտարազգիներ, միանշանակ ողջունում են մեր «ծնունդը», համարելով այն գեղեցիկ, բարձրորակ, ժամանակին համընթաց, գունեղ ու դրական իրողություն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Իվանյան says:

    Շնորհավորում եմ «Նուռ» ամսագրի ծնունդը և ցանկանում եմ ստեղծագործական տասնյակ և ավելի տարիների երկարակեցություն։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031