Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի «բարեկամ» խոշոր պետությունների քաղաքականությունը հայերի նկատմամբ

Մայիս 09,2014 13:15

Սկսենք առակով.
Ռուսն ու հայը զբոսնում են գետափին, որպես ազնիվ ընկերներ. զրուցում, հրճվում, վայելելով բնության շնորհները: Աննկատ, իբր անզգուշորեն, ռուսը հրում է հային, ով ջուրն է ընկնում եւ փրկություն աղերսում: Ռուսը «օգնեցեք, օգնեցեք» է գոռում եւ ինքն էլ դժվարությամբ ջրից հանում է հային եւ դառնում ազատարար, փրկիչ: Որոշ տարբերությամբ՝ նույնը եւ թուրքը. տուժողը հայն է:

Կյանքն իր հունով ընթանում է. առակի առաջին մասն անտեսվում, մոռացվում է. երկրորդը հրապարակորեն փառաբանվում` «ռուսը չլիներ, հայը չկար»… եւ պարանը հայի վզին՝ շարժվել թելադրանքով: Ազատ գործունեություն չիք:
Եվրոպան էլ հեռու չէր այդ ամենից, դա իշխողների ստոր քաղաքականությունն է, ոչ ժողովուրդների: Քանզի «ժողովուրդն ավելի իմաստուն է, քան նրա ղեկավարները» (Կոմիտաս):

Եվրոպան բառացիորեն ընդօրինակած Ռուսաստանը իր տարածքում ապրող ազգերի, ժողովուրդների նկատմամբ անբարյացակամ էր, նրանց համարում էր ցածրակարգ ժողովուրդներ, մոռանալով իր պատճենահանված ոգին: Մեջբերենք Ֆ.Դոստոեւսկուն` «Ինչու Եվրոպան մեզ վրա, ով էլ, ինչպիսին էլ մենք չլինենք, ունի այնպիսի ուժեղ, կախարդական, զգալի ազդեցություն: Չէ որ ամենը, վճռականորեն համարյա ամենը ինչ կա մեզնում` զարգացումը, գիտությունը, արվեստը, քաղաքացիականությունը, մարդկայնությունը… ամենը, ամենը փաստորեն այնտեղից է, հենց այդ սուրբ հրաշքների աշխարհից…» («Ձմեռային նոթագրություններ՝ ամառային տպավորությունների մասին»): «Ռուսաստանում չի ասվել, չի արվել մի բան, որ Եվրոպայում արդեն ասված, արված չլինի» (Պլեխանով):

«Վերեւները» չեն ցանկանում տեսնել ցածի ակտիվությունը, կրթությունը, մշակույթը. եթե այն կա, պետք է արմատախիլ անել:

Եվրոպան, Ռուսաստանը՝ հայերի մասին

Վաղ ժամանակներից, իսկ 19-րդ դարասկզբից մեր «դաշնակիցներ-բարեկամները» արդյոք կային եւ ովքեր էին …եւ, եթե կային, հեռու էին…եւ, որ ցցուն նկատելի էր` չկամ…
Եվ մեծն Աբովյանը, ով գովերգում եւ բարձրաձայնում էր`«Օրհնվի էն սհաթը»…կարճ ժամանակ անց գրում է` մեզ պետք չէ
«Ոչ բուք դառնաշունչ մղյալ ի հյուսսո,
Ոչ տոթ կենսախարշ ի ջերմ հարավո»:

Աբովյանը ճիշտ էր, սկսվեց ժողովրդի հալածանքը, հատկապես մշակույթի դպրոցի նկատմամբ:

Եվ այդ քաղաքականությունը շարունակվեց մինչեւ վերջին ցարը:

Նիկոլայ 2-րդի հանձնարարությամբ, Կ. Պոլիսի դեսպան Նելիդովը սուլթան Համիդին` «Ջարդեցեք, նորին մեծություն, վեհափառ սուլթան, ջարդեցեք»:

«Մենք Հայաստանը կուզենք առանց հայերի» (Լոբանով). այս միտքը նաեւ այլ ռուս ու եվրոպացի գործիչների ցանկությունն էր:

1901թ. Նախարարական ժողովում Գոլիցինի ելույթից. «Կովկասը ռուսացնելու եւ հայկական վտանգավոր անջատողականությունը մի անգամ ընդմիշտ արմատախիլ անելու միջոցը` գաղթեցնել հայերին Սիբիր եւ նրանց տեղը վերաբնակեցնել ուղղափառ գաղթականներին»: Սիբիր գաղթեցնելու կողմ էր նաեւ բռնակալ Ստալինը, ով հայերին կրկնակի, եռակի տարածք էր տրամադրում Սիբիրում: Կաթողիկոս Գեւորգ Չորեքչյանի պատասխանը`«Անգամ, եթե բռնությամբ էլ հայերին գաղթեցնենք իրենց հայրենիքից…իսկ Արարատը ինչպես տեղափոխենք»: Հասկացողի համար սա շառաչուն ապտակ է:
1914թ. պետ. դումայում դեպուտատ Մարկովի ելույթից. «Ինչու համար Ռուսաստանը պետք է Կովկասի սահմանագլխին ստեղծի Մեծ Հայաստան: Դա ավելի վատ կլինի, քան Մակեդոնիան, դա կստեղծի երկրորդ Լեհաստան: Հայերը լավ են ապրում, թե վատ, դա նրանց գործն է, իսկ եթե մենք օժանդակենք ստեղծելու հայկական պետությունը, նշանակում է օժանդակենք կորցնել ամբողջ Կովկասը» («Երեկոյան Երեւան», 23.04.90):
01.08.1906թ. Նիկոլայ 2-րդի Վորոնցով Դաշկովին գրած գրությունից. «Իմ անձնական վաղեմի կարծիքով՝ հայերի հանդեպ ոչ մի վստահություն չի կարելի տածել: Անշուշտ, նրանք են գլխավորում խռովության ամբողջ դավադրությունը Կովկասում: Ամենանվիրյալները մինչեւ այժմ մուսուլմաններն են» (Հերոսական պայքարի վավերագրեր, Երեւան,1984թ., էջ 333):

Եվ հակառակը`
«Դարեր ի վեր հայերը Օսմանյան կայսրության…ամենեն քաղաքակիրթ եւ ամենեն ճարտարարվեստ ցեղը հանդիսացած են…անոնք իմացականապես եւ բարոյապես անչափ գերազանց են թուրքերեն» (Հենրի Մորգենթաու):
Հինգերորդ դարից սկսած՝ հայերը դարձել են եվրոպական քաղաքակրթության առաջապահը Հարավային եւ ամբողջ Կենտրոնական Ասիայի կողմերում (Անտուան Մեյե):
Չպետք է մոռանալ «այն կարեւոր ավանդը, որ մտցրել է եվրոպական եւ համաշխարհային կուլտուրայի մեջ այնպիսի երկիր, ինչպիսին է Հայաստանը» (Ջեկ Լինդսեյ. անգլ. գրող):
Միայն Արեւմուտքին չպետք է վերագրել մշակույթի ծնունդը, զարթոնքը, այդ տեղերից մեկը պատկանում է անտիկ Հայաստանին…Հայ ժողովրդի համար խորթ էր մշակույթի պատճենահանումը…նա ստեղծել է միայն բնօրինակներ (Մեժելայտիս):
Թերեւս անհավատալի թվա, եթե ասեմ, որ Հայաստանը Ասիայի ամենանշանավոր ակադեմիան է եղել…9-13-րդ դարերում Հայաստանը կարող էր այդ աշխարհամասի (մեծագույն մասի) ուսուցիչը լինել (Գալիելմուս Ֆիլֆրուա, ֆր. արեւելագետ, հայագետ):
Կովկասում ռուսական քաղաքականությունը ուղղված է հայերի դեմ: Նրանք մեղավոր են, որ խելոք են: Խելքը վախեցնում է բռնակալներին: Ռուսաստանը հայերի դեմ գրգռում է թաթարներին, որոնց ինտելեկտուալիզմը կասկածելի է: Հուզումների մեղքը գցում են հայերի վրա (ֆրասիացի գրող Կլոդ Անե):
1903թ. ցարի հրամանով կողոպտեցին Էջմիածինը: Վեհափառ Խրիմյան Հայրիկը ոտքի տակ գցեց ցարի գրություն-հրահանգը: Այս միջադեպը պատկերել է Վ. Սուրենյանցը: Այդ ամենի պատճառը հայերի ակտիվ գործունեությունն էր տարբեր բնագավառներում, որը վախեցնում էր Ռուսաստանին. հայերին ամեն ինչից զրկելով, մնացել էր Էջմիածինը: Նրան պետք էր լռեցնել:
Հայերի խելքը եւ ակտիվ գործունեությունը դուր չէր գալիս հզորներին՝ Թուրքիա, Ռուսաստան եւ եվրոպական այլ երկրներ: Զորեղները բացառում էին անկախ Հայաստան այդ տարածքում:
Եվ ստացվում էր՝ «Առանց հողի մարդկանց մասին եւ առանց մարդկանց հողի մասին, որն Աստված անվանեց Հայաստան» (Բ. Ա. Գեմբարսկի):

Ռուսաստան
եւ Թուրքիա

Հայկական բարձրավանդակը քաղաքական մեծ շահերի տարածք է եղել եւ կա: Նույնը եւ Եվրոպայի համար: Արեւմուտքն էլ մի բան չէ, բայց գոնե «ճանկերը ձեռնոցի մեջ է պահում»:

Ռուսն ու թուրքը ձեռք ձեռքի տված խորտակեցին մեր ազատությունը. «Ռուսը անկախությունը կխեղդե, Թուրքիա` հայությունը» (Շահան Նաթալի): Մեզ հրամայված է գործադրել միայն, բայց ոչ ստեղծագործել. ռուսը կմտածե, կթելադրե, հայը կընդօրինակե:
Եվ ինչու աշխարհը հանգիստ քննարկում էր, բայց ոչ քննադատում, ահազանգում, միջոցներ ձեռնարկում…

Տարածքն՝ առանց հայերի, այլ պետությունների էլ էր հետաքրքրում: «Թյուրք ժողովուրդը խաղաղ տարր է եւ միշտ էլ հարեւան կը մնա, եթե նրան վերեւից չգրգռեն» (Ն. Աղբալյան, Ամբողջական երկեր, հ.4, էջ 120, Պեյրութ, 1970թ.):

-Հայ ժողովրդի սխալը դյուրահավատ լինելն է, հենց մի փոքր շոյում են, անցյալի դժբախտությունները մոռանում է, իզուր սպասում եւ վերջում անցյալը կրկնվում է:
-Թե Ռուսաստանում, թե Թուրքիայում բոլոր ժամանակներում եւ այսօր էլ կյանքն ընթանում է եսի թելադրանքով: Մեջբերենք ռումին Պանաիտ Իստրատիի մտահանգումը` «Ուր հավաքվում են երեք գերմանացի, կազմում են քառյակ. ուր հավաքվում են չորս ռուս, հիմնում են հինգ կուսակցություն»: Մեկը դառնում է առաջին, ապա ղեկավար, հետո առաջնորդ եւ վերջում բռնակալ, եւ ցավոք, միշտ հայատյաց, եւ մենք հնազանդ աշակերտի պես սերտել ենք մեր դասը… որովհետեւ տարբեր կողմերից յաթաղանը մեր գլխավերեւում էր:

Հավանաբար Բալզակը մեզ է նկատի ունեցել գրելով` «Դժբախտությունը մեր մեծագույն ուսուցիչն է»:

Ռուսական ցարերի քաղաքականությունը, հաճախ աննկատ, շարունակվեց եւ 1917թ.-ից հետո: Խորհրդայնացումը ձեւավորեց նոր տարածքային, ազգային հանրապետություններ, բայց Ռուսաստանի քաղաքականությունը չփոխվեց: Նորից թելադրող, կարգադրող, պարտադրող էր…կյանքը ռուսականի պատճենումն էր: Քարոզում էին «ձեւով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական». դե եզրակացրեք, եթե ազգային բովանդակություն չկա, դա ինչ կյանք, ինչ մշակույթ է: Ձեւն առանց բովանդակության ոչինչ է: Դրանով ռուսականացման քաղաքականություն էր քարոզվում եւ ներկայացվում էր որպես կամավոր ձգտում:

Պատերազմից հետո, երբ Արեւմտյան Ուկրաինայի տարածքները «կամավոր» միավորվեցին Ուկրաինայի հետ, ժողովրդի մտածելակերպը զգալիորեն ազգայնացավ, բայց այն չհարատեւեց, Ռուսաստանը արթուն էր: Օրինակ` 1946թ.-ին Ուկրաինայում լույս է տեսել 106 անուն բուհական-ուսումնական գրականություն` 90-ը ուկրաիներեն, 16-ը`ռուսերեն. արդեն 1980թ.-ին 400, որից ուկրաիներեն` …միայն 38-ը: Այս իրեն զգացնել էր տալիս գրեթե բոլոր հանրապետություններում: Մեկնաբանության կարիք չկա:
Լենինը, հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի, գումարով օգնեց եւ զինեց Թուրքիային՝ հայերին կոտորելու: Նա ցինիկորեն ասում էր՝ «հեղափոխությանը թեկուզ եւ զոհ գնա մեկ միլիոն հայ… դա արդարացված է»: Նույնանման տեսակետ ուներ նաեւ ռուս ժողովրդի մասին: Քծնելով Թուրքիային՝ Լենինը հեղափոխության հաղթանակով նպատակադրում էր ստեղծել երկիր, ուր կիշխեն ազատությունը, հավասարությունը, արդարությունը՝ սոցիալիզմի սկզբունքով, բայց կյանքը ապացուցեց, որ դա բոլշեւիզմ էր, ինքնիշխանություն, բռունցք, սով, հալածանք, Սիբիր, գնդակահարում:
Բոլշեւիզմը Հարավային Կովկասում հաստատուն հենակետ ունենալու նպատակով ստեղծեց մի արհեստական պետություն եւ ազգություն՝ Ադրբեջան եւ ադրբեջանցի: Եվ հայկական տարածքները բռնակցեց այդ նորաստեղծ հանրապետությանը. անգամ եղբայրական Թուրքիայի հետ սահման ունենալու պատրվակով ծնվեց եւ «ադրբեջանական Նախիջեւանը»: Հայաստանը՝ արդեն մասնատված, նորից մասնատեցին: Արեւմտյանը Թուրքիայինն էր, Արեւելյանի մի զգալի մասը նվիրեցին Թուրքիայի «ախպեր» Ադրբեջանին: «Դժբախտ եղավ հայ ժողովուրդը՝ խառնվելով եվրոպական դիվանագիտությանը» ( Ֆ. Նանսեն):

Իրավացի էր Անդրանիկը, գրելով` «Եթե ռուսական հեղափոխությունը մեկ տարի ուշանար, Թուրքահայաստանը փրկված էր» (Սեւրի դաշնագիրը):

Բայց եւ Թուրքիայի «Մեծ Թուրանի» գաղափարը առհավետ տապալվեց. քանզի «սեպի պես» դրա մեջ խրված Հայաստանը պայքարեց, պայքարեց ու գոյատեւեց: «Հայերի հերոսական դիմադրությունը խանգարեց այդ ծրագրի իրագործմանը» (Լյուդենդորֆ, «Իմ հիշողությունները պատերազմի մասին», Մոսկվա, 1923թ. ռուսերեն): «Հայկական աղետին պատասխանատվությունը ամենամեծ մասամբ կը ծանրանա դաշնակիցներու դավաճանական դիվանագիտության վրա» (Ա. Չելեպյան, «Զորավար Անդրանիկ», Երեւան, 1990թ., էջ 629):

Այսօր էլ Ռուսաստանը Հարավային Կովկասում հենակետը չկորցնելու համար Հայաստանի հետ է… բայց զինում է Ադրբեջանին. զգուշացիր…
Եվ ստացվում է՝ Հայաստանը Ռուսիայի ծայրամասային նահանգ է, քանզի չունենք հաստատուն պետական ինքնուրույնություն. գործում է թելադրանքը: Ասվածին ապացույց՝ Հայաստանի առանցքային բնագավառները Ռուսաստանինն են:
Եվ «ցարը» այցի է գալիս Գյումրիի ռազմական բազա, ստուգելու սահմանների իրավիճակը: Հանդիպումներ, բանակցություններ. զգալով ժողովրդի «մի փոքր չոր» ընդունելությունը, որ ոչ մի կերպ չէր նմանվում ադրբեջանական ջերմությանը, Հայաստանում մնում է ոչ թե երկու օր, այլ ընդամենը 12-14 ժամ: Դե ծայրամասային նահանգին այդ էլ շատ էր:
Սպասենք կյանքի ընթացքին:

Տարբեր իրադրություններում կողմնորոշումն էլ թվում է՝ տարբեր պետք է լինի. եւ ճկունորեն աջ-ձախ, ետ- առաջ պետք է նայել ու գործել:
Հավանաբար հիշում եք խորհրդային մի կինոնկար. քաղաքացիական պատերազմի տարիներն են. անորոշություն. ով, երբ, ինչու, ինչպես… եւ քաղաքի բնակիչները պահում էին պայքարող կողմերի դրոշները. ով մտնում էր քաղաք՝ նրա դրոշն էին բարձրացնում ու ծածանում… եւ սպասում պայքարի ավարտին:
Այսօր փոքր, թույլ պետությունները Ա-ի թիկունքին են կանգնած, վաղը իրավիճակի թելադրանքով՝ Բ-ի: Եթե չունես բռունցք ու գրպան, նայիր դրոշին: Ցավալի է, բայց դա կյանքի պահանջն է:

Ց. ՍԻՄՈՆՅԱՆ
պատերազմի վետերան,
95 տարեկան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Օրինակ ինչու եք տպագրել այս հոդվածը?? Ինչ նպատակով?? Ես կարող եմ հարյուրավոր ուրիշ մեջբերումներ անել, գրվածին 180 աստիճանով հակառակ: ՈՒմ պատվերով եք գրել? Ինչու եք կախվել փրփուրներից? Այ Առավոտ օրաթերթ!! Խուսափել եք հեղինակին նշել? Ինչու? Հասկացել եք, որ անպետք, անազնիվ բան եք անում: Դա էլ է հուսադրող(((((((((

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031