«Նա գտնում էր, որ օգտակար կլինի, որպեսզի մեկ անգամ եւս կրկնվեն այն սկզբունքները, այն վեց կետերը, որոնք Մինսկի խմբի փաստաթղթերում հիշատակվել են, որպեսզի Հայաստանում, Ադրբեջանում ժողովուրդների համար նորից թարմացվի դա եւ քննարկում ընթանա այդ հարցով: Նպատակը նոր քաղաքականության մասին հայտարարելը չէր: Նպատակը խաղաղության համաձայնագրի կետերի վերաբերյալ քննարկում սկսելն էր, որպեսզի բոլոր տարածքների երկու երկրների ժողովուրդները պատրաստ լինեն այդ պահին, երբ խաղաղության համաձայնագրի պահը գա»,- այսօր Հաղթանակ զբոսայգում՝ լրագրողների հարցերին ի պատասխան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտնի հայտարարություններն այսպես մեկնաբանեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ հավելելով, որ հայտարարության նպատակը ոչ թե ԱՄՆ-ի՝ ԼՂ հարցի շուրջ նոր քաղաքականության հրապարակումն էր, այլ խաղաղության հաստատման համատեքստում քննարկումների վերսկսումը, որպեսզի երբ ժամանակը գա, հակամարտող կողմ հանդիսացող երկրների բնակիչները պատրաստ լինեն խաղաղության։
Ըստ դեսպանի, Ջեյմս Ուորլիքի ելույթում կրկին հավաստվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վերջին տարիներին քննարկման դրված գլխավոր սկզբունքներն ու տարրերը. «Նա համարել է, որ օգտակար կլինի մեկ անգամ եւս հրապարակայնորեն կրկնել այն 6 սկզբունքները, որոնք հիշատակվում են Մինսկի խմբի փաստաթղթերում, որպեսզի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդները քննարկումներ սկսեն խաղաղության համաձայնագրի շուրջ»,- լրագրողների հետ զրույցում նշեց դեսպանը: «Պարոն Ուորլիքը հստակ նշել էր, որ բոլոր կողմերի դիրքորոշումները գործընթացի ընթացքում էական են լինելու: Եվ կոնկրետ մասնակցությունը պետք է կողմերի միջեւ բանակցվի, բայց ոչ մեկը չի կարող պարտադրել»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք նաեւ, որ ադրբեջանական ANS TV-ի հետ զրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը եվս մեկ հայտարարություն էր արել՝ ասելով. «Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և ես հավատացած եմ, որ մարդիկ ճիշտ կմեկնաբանեն իմ գրառումները: Տարածաշրջանում կա երկու ինքնիշխան պետություն` Հայաստանն ու Ադրբեջանը, որոնց հետ մենք կարող ենք բանակցություններ վարել: Իհարկե, նաև հանձինս Լեռնային Ղարաբաղի, ադրբեջանցի փախստականների շահագրգիռ կողմեր կան, սակայն միայն այդ երկու կողմերը կարող են մասնակցել բանակցություններին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ