Այսօր Հաղթանակ զբոսայգում, լրագրողների հետ զրույցում պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂՀ խնդրի կարգավորմանը վերաբերվող վեց կետերին առնչվող հարցին, ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը դեմ է նմանաբովանդակ հայտարարություններին: «Ամեն դեպքում դա իր անձնական դիրքորոշումն էր, ես կոնկրետ դեմ եմ այդ մոտեցումներին, որ պետք է վերադարձնենք տարածքները եւ այլն, հստակ պետք է բոլոր քայլերը լուծում ստանան, եւ այս խնդիրը պետք է լուծում ստանա երեք սկզբունքների հիման վրա»,- ասաց վարչապետը:
Լրագրողներից մեկի հարցին, որ շատ են հնչում տեսակետներ, որ իր կաբինետի անդամների մեծ մասը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերն են, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ դա ինչ գնահատական է՝ Քոչարյանի կադր, Սերժ Սարգսյանի, կամ Լեւոն Տեր- Պետրոսյանի կադրեր: Ուղղակի կառավարության ձեւավորման համար ինձ համար եղել է հստակ մի սկզբունք, որ բոլորը պետք է լինեն փորձառու: Ես քիչ առաջ ասացի, որ մենք ժամանակ չունենք դանդաղելու: Նման մոտեցում դրա համար ինձ մոտ չի աշխատելու: Մարդուն մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի նա աշխատի եւ կարողանա իր հայրենիքին, իր ժողովրդին օգնել, եթե ոչ՝ ապա նորից եմ կրկնում՝ մեր ճանապարհները բաժանվում են»:
Մեկ այլ հարցի՝ ի՞նչ է լինելու Հովիկ Աբրահամյանի բիզնեսների հետ, վարչապետը՝ դիմելով հարցի հեղինակին՝ հումորով հակադարձեց. «Նվիրելու եմ ձեզ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև