Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը «ցավացնելու է» շատ մերձավորների՝ սկսելով իրենից

Մայիս 09,2014 12:22

Ինչպիսի՞ն է լինելու կառավարության ծրագիրը, ի՞նչ նորություններ է պարունակելու եւ ինչո՞վ է իրատեսական լինելու՝ այս հարցերին այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նկատելով. «Ես, երեկ, կառավարության նիստի ժամանակ հնչեցրել եմ եւ շնորհավորել եմ իմ գործընկերներին, քանի որ երեկ ամբողջովին կազմավորվեց կառավարությունը: Առաջինը՝ ծրագրում իրականացվող փոփոխությունները չեն լինելու ինքնանպատակ, մենք աշխատելու ենք, որպեսզի հնարավորինս լինի իրատեսական, եւ դա մեզ համար շատ կարեւոր է՝ ասել այն, ինչ կարող ենք անել: Մենք մեծ փոփոխություններ չենք ակնկալում, քանի որ հիմա քննարկումների փուլում է, բայց ես նորից եմ ուզում ասել, որ հստակեցվելու է ծրագրում բոլոր դրույթները, եւ իմ նպատակն է, որպեսզի ծրագրում այն, ինչ արտացոլվի՝ իրականացվի»:

Վարչապետը նկատեց, որ այսօր այլեւս «հնարավորություն չունենք դանդաղելու», պետք է փորձենք հնարավորինս լուծել ժողովրդի ու պետության առջեւ ծառացած խնդիրները: «Իհարկե, դա բոլորին է հայտնի, որ միանգամից չենք կարող, չունենք կախարդական փայտիկը, որ բոլոր խնդիրներին տանք լուծում, բայց պետք է տանք ժամանակ, եւ հանրությունը պետք է հասկանա, որ այդ ծրագիրը պետք է իրականացվի»,- ասաց վարչապետը:

Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ կա անվստահության մթնոլորտ: Թե հանրությունը կոնկրետ ո՞ւմ եւ ինչքա՞ն չի վստահում, վարչապետն ասել չի կարող, բայց որ իրենք փորձելու են իրենց ծրագրերով եւ ոչ ստանդարտ լուծումներով վստահության մակարդակը բարձրացնել՝ քննարկման առարկա չէ: «Իհարկե, մենք նաեւ ունենք մեծ խնդիր տնտեսական ոլորտում, տնտեսական աճը մեր կառավարության համար պետք է լինի առաջնային, տնտեսական ոլորտում մենք անելիքներ շատ ունենք: Օրինակ՝ ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի ստեղծենք հավասար դաշտ, որ յուրաքանչյուր ներդրող հասկանա, տեսնի իրականում, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են լինելու: Իհարկե, դա դժվար է լինելու, շատ- շատ մեր մերձավորներին փորձելու ենք ցավացնել, նեղացնել, բայց գնալու ենք այդ քայլին, մենք այլընտրանք չունենք, բայց բոլորը հասկանան՝ իմ մերձավորները, ես ինձնից եմ սկսելու, եւ դա ինձ համար լինելու է սկզբունքային»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ Հաղթանակի օրը ինքը այդ ուղերձն է հղում իր մերձավորներին:Վարչապետը, սակայն, այդպես էլ չմանրամասնեց, թե «մերձավոր» ասելով՝ ո՞ւմ նկատի ուներ: «Հավասար պայմաններ բոլորի համար»,- հարցին այսպես պատասխանեց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031