ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փիլիսոփայորեն է վերաբերվում միջազգային տարբեր կառույցներից հնչող այն հայտարարություններին, թե ոստիկանները տարատեսակ ակցիաների ժամանակ բռնի ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետը:
Նա «Հաղթանակ» զբոսայգում էր եռատոնի առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակներում:
«Որոշ դեպքերում ինձ մեղադրում են դրա մեջ, որ ես օրենքի… բայց փիլիսոփայորեն եմ մոտենում, որովհետեւ երիտասարդներ են, եւ ամբոխավարության ժամանակ որոշակի էմոցիաներ են առաջանում, որոշակի զգացմունքային են դառնում, բայց ոստիկանությունը պետք է ավելի սառնասիրտ լինի, որպեսզի բախումներ չլինեն»,- մասնավորաբար ասաց ոստիկանապետը՝ անդրադառնալով «Դեմ եմ» նախաձեռնության անդամների եւ ոստիկանների միջեւ ակցիաների ժամանակ պարբերաբար տեղի ունեցող «բախումներին» եւ ակցիայի մասնակիցների՝ բերման ենթարկվելու դեպքերին:
Հարցին՝ իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, ՀՀ ոստիկանապետն ասաց. «Անկեղծ ասած՝ զբաղված եմ եղել կրիմինալով եւ դեսպանի հայտարարությանը ծանոթ չեմ եւ ծանոթ չլինելով՝ չեմ կարող մեկնաբանել»:
Կարդացեք նաև
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արած այն հայտարարության մասին, որ առաջիկա համապետական ընտրությունների հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը, որտեղ ՀՀԿ գրասենյակն է տեղակայված, Վլադիմիր Գասպարյանն իրեն հատուկ հեգնական տոնով նկատեց. «Գագիկ Ծառուկյանը հավանաբար նկատի է ունեցել այն, որ այնտեղ՝ այդ փողոցում (նկատի ունի Մելիք-Ադամյան փողոցը- Ն. Գ.) գծանշաններ պետք է արվեն, փակ կլինի՝ ուրիշ կողմով կգնան»:
Իր պաշտոնանկությանը վերաբերվող հարցին եւ դիտարկմանը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հետ աշխատել չի ցանկանում, Վլադիմիր Գասպարյանը նույնպես հեգնանքով արձագանքեց. «Ոնց տեսնում եք՝ համապատասխանում է ճշմարտությանը, ես պաշտոնանկ եմ եղել»: Ոստիկանապետը գտնում է, որ նման խոսակցությունները շրջանառության մեջ են դնում հենց լրագրողները. «Լրատվությունը կարող է հիմարություններին արձագանքել, որովհետեւ դա լրատվություն է, եւ աշխատանք է, եւ այդ ամենը պետք է գնա, բայց ոստիկանապետը այդ հիմարություններին չի արձագանքում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ