Լրահոս
Օրվա լրահոսը

Հայհոյում են ՀՀ-ում ՌԴ դեսպանին եւ ոչինչ չասում ԱՄՆ դեսպանի մասին, կամ հայհոյում են ԱՄՆ դեսպանին եւ ոչինչ չասում ՌԴ դեսպանի մասին. «Հայկական ժամանակ»

Մայիս 09,2014 11:41

Դեսպաններին հայհոյողները, զարմանալի զուգադիպությամբ, հստակ երկու խմբի են բաժանվում։ Առաջին խումբը հայհոյում է ՀՀ-ում ՌԴ դեսպանին եւ ոչինչ չի ասում ԱՄՆ դեսպանի մասին, իսկ երկրորդ մասը հայհոյում է ԱՄՆ դեսպանին եւ ոչինչ չի ասում Ռուսաստանի դեսպանի մասին։

Տպավորությունն այնպիսին է, որ Ռուսաստանի դեսպանին հայհոյողների մեջ քիչ չեն նրանք, ովքեր ոչ մի պարագայում չեն քննադատի ԱՄՆ դեսպանին, ինչ էլ նա ասի, իսկ ԱՄՆ դեսպանին հայհոյողների մեջ քիչ չեն նրանք, ովքեր որեւէ դեպքում քննադատական ծպտուն չեն հանի ՌԴ դեսպանի հասցեին, ինչ էլ նա ասած լինի։ Սա վատ է նրանով, որ մեր հանրությանը բաժանում է ամերիկամետների եւ ռուսամետների, կամ տվյալ դեպքում՝ ճիշտ կլինի ասել ամերիկահպատակների եւ ռուսահպատակների։

Եվ ըստ էության, այս եւ այսօրինակ իրավիճակներն ակնհայտ են դարձնում հայկական ասելիքի չձեւավորված լինելը՝ առնվազն արտաքին աշխարհի հետ հարաբերություններում։ Հայ-ռուսական հարաբերությունների մասին Հայաստանում երկու պատկերացում կա. առաջինի համաձայն՝ մենք պետք է պառկենք Ռուսաստանի տակ, իսկ երկրորդի համաձայն՝ կռիվ տանք Ռուսաստանի դեմ։ Երկու տեսակետներն էլ հավասարապես վտանգավոր են, որովհետեւ երկուսն էլ խորքում կրում են հակապետական տրամաբանություն։ Առաջին դեպքում պետականության անկումը ենթադրվում է Ռուսաստանի մեջ ներծծվելու, երկրորդ դեպքում՝ Ռուսաստանի դրբի տակ մնալու տարբերակով։ Իսկ արդյունքը, մեծ հաշվով, նույնն է։ Ընդ որում, Ռուսաստանը առաջին տարբերակի կողմնակիցներին չի ուզում լսել, որովհետեւ նրանց համարում է սեփական փալասը, իսկ երկրորդ տարբերակի կողմնակիցներին չի ուզում լսել, որովհետեւ նրանց համարում է ամերիկյան շպիոն ու թշնամի։ Այսօրինակ իրարանցումները կանխելու համար պետք է ոչ թե հայհոյել ՀՀ-ում ՌԴ դեսպանին, այլ հստակ եւ հասկանալի ձեւակերպել, թե ինչ ենք մենք ակնկալում հայ-ռուսական հարաբերություններից, որն է այդ հարաբերությունների մասին մեր այլընտրանքային պատկերացումը, որ տարբերվում է թե պրոռուսական եւ թե՛ պրոամերիկյան սցենարից։

Նույնը վերաբերվում է Ղարաբաղի հարցին։ Ոչ թե պետք է հայհոյել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, այլ պետք է ԼՂ հարցի կարգավորման միջազգային հանրության համար ընկալելի հայկական այլընտրանք առաջարկել։ Դեռ բավարար չէ ասել, որ մեզ համար անընդունելի է ԼՂ հարցի կարգավորման այս կամ այն սցենարը։ Հարկավոր է միջազգային հանրության համար հասկանալի կերպով բացատրել, թե որն է կարգավորման՝ մեզ համար ընդունելի սցենարը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031