Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆԴԱՆԻ ՄԱՏՅԱՆ

Մայիս 09,2014 10:58

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ հիսուներկուերորդ

ԿԵՆԴԱՆԻ ՄԱՏՅԱՆ

Չնայած որոշ թերթեր ու պարբերականներ երգիծանք ու հումոր տպագրելով՝ դրանց գլխին կամ դրանց տակ դրանց հեղինակների անունները տպագրում են, մենք ոչ միայն էդ հեղինակների անուններն ու ազգանունները չենք հիշում, այլեւ դրանց բստրած էդ հումորները՝ ոչ միայն էն պատճառով, որ սովորաբար դրանք հիշելու բաներ չեն, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ դրանք չենք կարդում, ավելի ճիշտ՝ մի քանի անգամ փորձելով ու չկարողանալով դրանք կարդալ, շուտով վերջնականապես դադարեցնում ենք էդ անիմաստ ու անհեռանկարային ընթերցանությունը, եւ որ դրանք հումոր են, ոչ թե դրանց բովանդակությունից ու էությունից ենք ենթադրում, այլ դրանց գլուխներին մշտապես կախված խոշորատառ խորագրից՝ ԵՐԳԻԾԱՆՔ ԵՎ ՀՈՒՄՈՐ, եւ չնայած դրանք հիմնականում Ազգային ժողովի մեր որոշ պատգամավորների վարքուբարքին են վերաբերում, մշտապես պակաս ծիծաղելի են, քան՝ Ազգային ժողովի մեր էդ որոշ պատգամավորների վարքուբարքը, եւ մինչ էս բաները գրում եմ, Հայոց աշխարհում մարտի 31-ի՝ լույս ապրիլի 1-ի գիշերն է, եւ հոգեբան Աղուզումցյանն «Արմենիա» հեռուստաընկերության դահլիճում իրար գլխի է հավաքել երգիծանքի մեր նորագույն վարպետներին, եւ համարյա բոլորն են ներկա՝ Հայկոն, Մկոն, Հովոն ու մնացած բոլորը՝ ում անունները չգիտենք, բայց իրենց շատ լավ գիտենք մեր երգիծական հեռուստահաղորդումներից, ու էդ բոլորին գումարած՝ Մնացականյան Լալան, եւ զարմանում եմ, որ հոգեբան Աղուզումցյանը հաջողացրել է իրար գլխի հավաքել էդ բոլոր հանրահայտներին, որովհետեւ դրանցից մեկին ստուդիա բերելն արդեն իսկ բարդ գործ է, բայց մի քիչ մտածելուց հետո հասկանում եմ, որ դրանցից մեկին կամ բոլորին ստուդիա բերելը գրեթե նույն դժվարությունն է ներկայացնում, որովհետեւ եթե իրենցից ընդամենը մեկին՝ Մկոյին կամ, ասենք, Հովոյին հաջողացնես համոզել, ինքը մնացածներին կհամոզի ու հետը կբերի, եւ, ըստ ամենայնի, Աղուզումցյանը հենց էդպես էլ արել է, եւ Աղուզումցյանի մասին մտածելով՝ մտածում եմ նաեւ, որ հոգեբան Աղուցումցյանը շատ էլ ճիշտ է արել, որ ամեն ինչ մի կողմ թողել ու հեռուստալրագրող է դառել, եւ, ըստ ամենայնի, լավ էլ վարձատրվում է, մանավանդ որ՝ իր էս չափազանց աշխատատար հաղորդումն ամենօրյա է, եւ իր էս ամենօրյա հաղորդումներն ինձ ապշեցնում են՝ մանավանդ կազմակերպչական տեսանկյունից, եւ էս բանը միանգամայն հասկանալով ու պատկերացնելով եմ ասում, որովհետեւ ինքս էլ եմ մոտ մի տարի հեռուստատեսությունում աշխատել՝ Հ1-ով ամենօրյա «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդումն էինք անում, եւ ռեժիսոր Մարինեի համառ ջանքերի շնորհիվ մեծ դժվարությամբ հաջողացնում էինք շաբաթական մի անգամ իրար գլխի հավաքվել, որպեսզի մեր էդ մի քանի րոպեանոց հաղորդման ամբողջ շաբաթվա բաժինը մի քանի ժամում տեսագրեինք, եւ ռեժիսոր Մարինեի ջանքերի շնորհիվ Նազենիին ճարում ու ամբողջ շաբաթվա հաղորդումների տեսագրությունը մի քանի ժամում անում ու պրծնում էինք, եւ հիմա հեռավոր ու տանջալից էդ օրերը հիշելով պատկերացնում եմ՝ էս Աղուզումցյանն իր էս հաղորդման հետ կապված ինչքան է տանջվում ու չարչարվում, եւ երբ երեկ իրիկուն էս կապակցությամբ «Տրիումֆում» զարմանքս հայտնեցի, Օրթախն ու մյուսներն էլ իրենց զարմանքը հայտնեցին Աղուզումցյանի էս աշխատատար ու կազմակերպչական չարչարանքների առիթով, եւ մինչ Աղուզումցյանի ու նրա կազմակերպչական շնորհքի մասին մեր զարմանքն էինք արտահայտում, Անանիան, ինչպես միշտ, հերթական անգամ իր տրամաբանության հստակությունն ու ճկունությունը շողշողացրեց՝ ներկաներիս բացատրելով, որ Հայկոն, Մկոն, Հովոն, Վիպոյանն ու մյուսները ռիսկ չեն անի հրաժարվել «Արմենիայով» հեռարձակվող Աղուզումցյանի էդ հաղորդմանը մասնակցել, որովհետեւ իրենց սերիալներն «Արմենիայով» են հեռարձակվում,- եւ ես, Օրթախն ու մյուս ներկաները, որ բոլորին հակաճառելու սեր ու լիքը փորձ ունենք, Անանիայի էդ քարե տրամաբանության դեմ որեւէ առարկություն չգտանք, եւ Անանիայի էդ պողպատյա տրամաբանության դեմ որեւէ առարկություն չգտած՝ հիմա մտածում-մտածում ու չեմ դադարում զարմանալ Աղուզումցյանի էդ «Կենդանի մատյան» կոչվող հեռուստատառապանքի վրա, բայց էդ մասին մտածելով՝ հընթացս հասկանում եմ, որ Աղուզումցյանինը ոչ թե տառապանք է, այլ՝ հաճույք, եւ առավել զարմանալին իմ, Օրթախի ու մյուսների զարմանալն է, եւ հատկապես ու առանձնապես իմ զարմանալն է զարմանալի, որովհետեւ ուրիշներն էլ իմ վրա են զարմանում՝ իմ էս բազմահատորանոց վեպը տառապանք ու չարչարանք համարելով, մինչդեռ էս վեպս ոչ միայն տառապանք ու չարչարանք չի պատճառում ինձ, այլեւ գերագույն հաճույք է պատճառում, եւ չնայած վեպս արդեն «Առավոտի» մեջտեղի էջերում չի տպագրվում, ինտերնետի միջոցով էլ կարդացողներ կան, եւ հիմա, երբ էս բաները գրում եմ, արդեն հազար ութ հարյուր հոգի վեպիս վերջին գլուխը կարդացել են, եւ էս ցուցանիշն անձնական ռեկորդս է, եւ մինչ էս ամենավերջին դատողություններս թղթին էի հանձնում, անձնական ռեկորդս երկու հազարից էլ անցավ, եւ դա սպասելի էր, որովհետեւ վեպիս էս գլխի վերնագիրն է՝ «Վանոն եւ մյուսներս», եւ ենթադրելի էր, որ Վանոյի խաթեր վեպիս ամենավերջին գլուխը շատերին էր հետաքրքրելու, եւ չնայած «ամենավերջին եմ ասում», էդ գլուխն առնվազն տարիուկես առաջ եմ գրել, եւ ահագին հետաքրքիր է ստացվել՝ ոչ միայն էն պատճառով, որ Վանոյի մասին է, այլեւ ու առաջին հերթին էն պատճառով, որ վեպիս էդ հերթական գլուխը գրելիս դեռեւս չգիտեի, որ հատուկենտ ընթերցողներս էդ հերթականն «Առավոտի» մեջտեղի էջերում կարդալու հնարավորություն չեն ունենալու, եւ հիմա, երբ արդեն գիտեմ, որ հետայսու էս վեպս միայն համակարգիչ ու ինտերնետ ունեցողներն ու դրանցից օգտվողներն են ի վիճակի լինելու կարդալ, ահագին դժվարություններ եմ քաշում՝ հենց թեկուզ ստեղծագործական իմաստով, որովհետեւ հիմա, երբ արդեն գիտեմ, որ վարպետ Հակոբ Հակոբյանը, հորաքույրս եւ այլ կարեւորագույն մարդիկ «Առավոտում» էս վեպս չեն կարդալու, մի տեսակ դժվարանում եմ մտածել ու ինքնաբացահայտվել:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031