Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ Մեր ժողովրդին` Մայիսի 9-ի պանծալի հաղթանակների առիթով:
Մայիսի 9-ը, որ մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով, մարդկանց և ազգերի խաղաղ ու ազատ ապրելու աստվածաշնորհ իրավունքի և Հայրենիքի պաշտպանության նվիրական խորհուրդն ունի մեզ համար:
Աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակները Հայրենական մեծ պատերազմի բոլոր ռազմաճակատներում հերոսական մասնակցություն են ունեցել բռնության դեմ պայքարում և հաղթանակի ձեռքբերման գործում:
Հայրենասեր ու քաջարի նույն ոգով հայորդիք ազատագրեցին Շուշին` մեծ հաղթությամբ պսակելով արցախյան ազատամարտը: Լի ենք հավատով` Աստծու զորակցությամբ հաղթանակով պիտի պսակվի նաև արցախահայության ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքը:
Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված, որ երկնային լուսեղեն հարկերում խաղաղություն շնորհի հանուն հայրենյաց նահատակված մեր ժողովրդի հերոս զավակների հոգիներին:
Կարդացեք նաև
Հայցում ենք, որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհի ներքո զորանան խաղաղության ուղիներն աշխարհում: Թող Տերը խաղաղ ու շեն պահի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին` ի սփյուռս աշխարհի:
Օրհնությամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ