Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու չպիտի լինի Միկոյանի արձան Երեւանում

Մայիս 09,2014 14:07

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման եթերում խնդիրը
քննարկում են իրավապաշտպան Վարդան Հարությունյանը
եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արամ Աբրահամյան.- Սկսենք Միկոյանի արձանից: Ես գիտեմ՝ երկուսդ էլ դեմ եք այդ արձանը դնելուն, դրա համար ես ստիպված պետք է ասեմ դրականը, որ նրա մասին ասվում է. 30-ականների ռեպրեսիաների ժամանակ նպաստել է, որ հնարավորինս քիչ հայ գնդակահարվի, պատերազմից հետո որպես ավար ստացած սարքավորումները Գերմանիայից ուղղորդել է Հայաստան, եւ դրա շնորհիվ Վանաձորի «Քիմպրոմն» է ստեղծվել, Կարիբյան ճգնաժամի ժամանակ իրեն դրսեւորել է որպես փայլուն դիվանագետ: Արդյոք դա բավարա՞ր է արձան դնելու համար:

Վարդան Հարությունյան.- Հայաստանը իր երկարատեւ պատմության ընթացքում տարբեր կայսրությունների մաս կազմել է՝ եւ հռոմեական, եւ բյուզանդական, եւ օսմանյան, եւ ռուսական՝ կոմունիստական եւ ոչ կոմունիստական: Այդ բոլոր կայսրությունների օրոք ինչ-որ տնտեսական զարգացումներ եղել են նաեւ Հայաստանում, որովհետեւ կայսրությունները զարգացնում էին իրենց գրաված տարածքները, որպեսզի դրանցից օգուտներ ստանային: Իրականում նաեւ սովետական կայսրության ժամանակ է հայաստանյան տնտեսությունը աճել, բայց դա Միկոյանի շնորհիվ չէ, դրանք բնական երեւույթներ են, եւ վերագրել Հայաստանի զարգացումը Միկոյանին՝ ծիծաղելի է: Նա, որպես սովետական մոսկովյան կոմունիստական համակարգի վառ ներկայացուցիչ, Հայաստանից բացարձակապես կտրված գործիչ՝ Հայաստանին վերաբերվել է այնպես, ինչպես կվերաբերվեր Ուզբեկստանին: Եթե հանձնարարեին ուղարկել Ուզբեկստան, նա այնտեղ կուղարկեր: Աշխարհի բոլոր լավ եւ վատ մարդիկ, հատկապես վատերի դեպքում՝ միշտ կարելի է մի լավ բան գտնել նրա կյանքում, ենթադրենք՝ աշխատանքի գնալիս կարող է փրկել մեկին ավտոմեքենայի տակ ընկնելուց. շատ լավ արարք է, բայց դա բոլորովին չի նշանակում, որ նրա բոլոր բացասականները պետք է մոռացվեն: Ինչ վերաբերում է հուշարձանի տեղադրմանը եւ հերոս-հակահերոս խնդրին, ընդհանրապես հուշարձաններ տեղադրում են հերոսների համար, դա բնական է, որովհետեւ սերունդները պետք է փորձեն նմանվել նրան: Արդյոք Հայաստանում կգտնվի՞ 15 մարդ, ով կուզենա մարդասպանի արձան կանգնեցնել, մարդու, ով իր ստորագրությունն է դրել միլիոնավոր մարդկանց գնդակահարության տակ՝ որպես համաձայնության նշան:

Ա. Ա.- Դուք չե՞ք զգում հպարտություն, որ ազգությամբ հայ մարդը՝ որպես դիվանագետ, փրկել է, ըստ որոշ այսօրվա կոմունիստական լիդերների, մարդկությունը երրորդ համաշխարհային պատերազմից՝ Կարիբյան ճգնաժամի ժամանակ:

Արմեն Մարտիրոսյան.- Նախ սկսեմ նրանից, որ ես աքսորավայրում ծնվածի զավակ եմ, մայրս ծնվել է հեռավոր Ալթայի երկրամասում, երբ պապս 40-ականների վերջին՝ պատերազմից հետո աքսորվել է այնտեղ, ուստի այդ թեման շատ անձնական եւ զգայուն մոտեցումներ է առաջացնում ինձ մոտ: Պարզ է, որ ինձ համար ընդունելի չէ նմանատիպ մարդու արձանի կառուցումը Երեւանում: Այն, որ Միկոյանը համաշխարհային մեծության քաղաքական գործիչ է՝ ես համաձայն եմ, բայց ինքը հայկական ծագման ու քաղաքական դաշտի արդյունք չէ: Ինձ համար՝ թեկուզ այլ ժամանակահատվածի, կան այլ քաղաքական գործիչներ, որոնք օրինակելի են՝ Աղասի Խանջյան, Մյասնիկյան, որոնք հենց Հայաստանի զարգացման խնդիրներով են զբաղվել, Խանջյան, որ կարողացել է իր ուժերի ներածի չափով պաշտպանել հայկական շահերը: Հիմա կան շատ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Խանջյանին ստիպել են ազգայնական տարրեր հայտնաբերել Հայաստանում եւ դրանք վերացնել, ինչը ինքը չի արել եւ կյանքով է վճարել դրա համար: Միկոյանը Կարիբյան ճգնաժամի ժամանակ շատ կարեւոր դերակատարություն է ունեցել, ոչ միայն այդ ժամանակ, այլեւ խորհրդային ժամանակահատվածում. երբ 30-ականներին սով էր, եւ նա, որպես առեւտրի նախարար, հրաշալի կոմբինացիա է իրականացրել: Երբ Սովետական Միությունում ցորենը շատ քիչ էր, առաջարկել է, որպեսզի համաշխարհային շուկայում ցորենի գինը իջեցնեն, Սովետական Միությունից արտահանելու մասին լուր տարածել ու մի քիչ էլ արտահանեն, այսպիսով լուծել է սովի խնդիրը:

Ա. Ա.– Հայաստանում արժանի է՞, որ արձան տեղադրեն, Սանահինում կամ Մոսկվայում:

Ա. Մ.- Հայաստանում՝ ոչ, Մոսկվայում՝ թող այնտեղի բնակիչները քննարկեն, բնականաբար Հայաստանի տարածքում պետք չէ, որովհետեւ Հայաստանում ինքը ունեցել է 2 խնդրահարույց, անընդունելի մոտեցում, մեկը՝ 30-ականների բռնություններն են, որտեղ ստորագրությունը կա՝ ավելացնելու հետ կապված, մյուսը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, փաստաթղթերը վերջին օրերին հանվեցին հրապարակ, թե ինչպես է ինքը պնդում այն մոտեցումը, որ պետք է ԼՂ-ն հանձնել Ադրբեջանին: Այս ամենը նկատի ունենալով՝ կարծում եմ, որպես քաղաքական գործիչ, Հայաստանում իր արձանը տեղադրել պետք չի:

 

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031