Օրական քանի՞ անգամ եք ստուգում ձեր սմարթֆոնը՝ հարցրեց Վիեննայում գումարված Եվրոպական խմբագիրների համաժողովը վարողը բանախոսներից մեկին՝ Google News-ի տնօրեն Ռիչարդ Ջինգրասին: 212՝ պատասխանեց նա: Եթե պետք լինի հրաժարվել կամ ատամի խոզանակից կամ սմարթֆոնից՝ ո՞ր մեկը կընտրեք՝ հետաքրքրվեց վարողը: Google News-ի տնօրենը հրաժարվեց ատամի խոզանակից:
Նման հեշտ ընտրության ժամանակներն ավարտվել են ԶԼՄ-ների համար: Այս համաժողովում հավաքված խմբագիրները փաստում էին՝ լրագրության ոլորտում ճգնաժամ է, եւ անցումն առցանց հարթակների քիչ բան է փոխում, քանի որ մնում են ֆինանսական խնդիրները: Խոշոր թերթեր են փակվում, պակասում է մնացածների տպաքանակը: Լրատվամիջոցներն, ընդհանուր առմամբ, ավելի քիչ են սկսել վաստակել, բայց հարկադրված են աշխատել ավելի շատ: Գովազդի վաճառքի եւ բաժանորդագրության փոխարեն՝ մեդիա ընկերություններին հարկավոր են եկամտի այլ աղբյուրներ եւս:
Ի՞նչ պետք է անեն մեդիաընկերությունները արմատական փոփոխությունների այս շրջանում: Ինչպե՞ս դիմանալ Facebook-ի եւ Google-ի մրցակցությանը: Ահա գլխավոր թեմաներից մեկը, որը քննարկվում էր մայիսի 5-6-ը Վիեննայում գումարված այս համաժողովում (գլխավոր հովանավորներն ինչպես Վիեննայի քաղաքապետարանը, այնպես էլ Japan Tobacco International-ը եւ այլ ընկերություններ էին):
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին եվրոպական մեդիաընկերությունների վեց յուրօրինակ նախագծեր՝ հաջողության պատմություններ:
Կարդացեք նաև
Ասենք, հոլանդական NRC խմբի ներկայացուցիչները պատմեցին իրենց ստեղծած հավելվածի՝ NRC Reader-ի մասին: 2013-ի փետրվարին ստեղծելուց ընդամենը ինը ամիս անց նրանք ունեցան 11 հազար բաժանորդներ: Ամիսը մոտ վեց եվրո բաժանորդավճարի դիմաց ՝ բաժանորդը ստանում է օրը 7-9 պատմություն՝ որակյալ հոդվածներ, լավ լուսանկարներ «Ավելի լավ է քիչ, բայց լավ»,- վստահ են NRC Reader-ի գործարկողները:
Շատ ուշագրավ էր նորվեգական «Hallingdólen» եռօրյայի փորձը, թե ինչպես կարելի է փոքր թիմով էլ հասնել հաջողության: Այն բաժանորդագրություն է իրականացնում ոչ միայն տպագիրի, այլ նաեւ առցանց եւ բջջային տարբերակների համար: Ունի 9460 տպաքանակ: Գրում են միայն տարածաշրջանի խնդիրների ու տեղի բնակիչների մասին: Եվ այս ամենը՝ ունենալով ընդամենը ինը լրագրող, մի լուսանկարիչ եւ երկու էջադրող:
Ճգնաժամի պատճառով շատ լրագրողներ են կորցնում աշխատանքը: Դրան գումարվում է նաեւ «ռոբոտ լրագրողների» պատճառով սկսված գործազրկությունը: Սա էլ այս համաժողովի մեկ այլ կարեւոր թեմաներից էր՝ ավտոմատիզացիան ավանդական խմբագրություններում: Ու չասեք, թե սա Հայաստանի համար այժմեական խնդիր չէ: Եղանակի տեսությունը մեզանում էլ, արդեն, շատ անգամ արդեն ստեղծվում է ավտոմատացված կերպով:
Եվրոպական հրատարակիչների համաժողովին անգամ հատուկ ելույթ ունեցավ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի սպորտային հոգեբան Հանս Դիտեր Գերմանը, որը լրագրողներին համեմատելով ֆուտբոլիստների հետ՝ խորհուրդներ էր տալիս, թե ինչպես նրանցից թիմ ձեւավորել եւ հասնել խմբագրությունում փոփոխությունների:
Եվրոպական խմբագիրների համաժողովում «de Volkskrant» թերթի ներկայացուցիչն էլ մեջբերեց այն զուգահեռը, որը դարձրել ենք վերնագիր: Այս պարբերականի գլխավոր խմբագիրն էր ասել, թե իրեն զգում է «Տիտանիկի» կապիտան, իսկ լրագրողներին համարում է նվագախումբը, որը պետք է նվագի մինչեւ վերջ՝ նավի խորտակումը:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Վիեննա-Երեւան