«Եթե բանակցային սեղանի շուրջ չկա գաղափար, ուրեմն որեւէ իմաստով այդ բանակցությունները դատապարտված են»,- Aravot.am-ի հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂՀ խնդրի կարգավորմանն ուղղված 6 կետերով առաջարկություններն այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նրա մեկնաբանությամբ՝ «Այդ կետերի վերաբերյալ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր շատ դիպուկ է պատասխանել, ինչի համար ես ուրախ եմ, որ անցյալի վերադարձ հնարավոր չէ»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԳՆ-ն պատասխան մեկնաբանության մեջ նշել էր, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ եւ իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որեւէ սակարկության»:
ԼՂՀ ԱԳՆ-ն առաջարկել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք, հաշվի առնելով առկա իրողությունները, պայմաններ կապահովեն ԽՍՀՄ փլուզման եւ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար:
Ըստ Թեւան Պողոսյանի, իսկապես, համանախագահները պետք է նոր պայմաններ առաջարկեն, որոնց շուրջ հրավիրեն բանակցային սեղան. «ԼՂՀ ժողովուրդը կատարել է արդեն իր ընտրությունը: Այդ ընտրությունը պետք է հաշվի առնել, այլ ոչ թե փորձել այլ գաղափարներ առաջ քաշել եւ քննարկել: Բանակցությունների միակ իմաստն այն է, որ մենք բոլորս փայլուն հասկանում ենք՝ եթե կա բանակցություն, ապա չկա պատերազմ: Այլ պարագայում բանակցությունների մերժման հակառակ գաղափարը պատերազմն է: Արդյո՞ք այն, ինչ առաջարկվում է մեզ, ընդունելի է թե ոչ, մենք պետք է առաջնորդվենք միմիայն մեր շահերով»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ համաձա՞յն եք, որ առաջին անգամ ավելի թափանցիկ ու բաց է խոսվում սեղանին դրված առաջարկների մասին՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Իրականում այդ 6 կետերը գաղտնիք չեն, առաջարկվել են ժամանակին: Դա որեւէ նորություն իր մեջ չի պարունակում, բայց խնդիրն այն է, որ այդ 6 կետերը մեզ համար ընդունելի չեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ