Aravot.am-ի տեղեկություններով վաղը Գյումրու Վարդանանց հրապարակում կայանալիք ռազմական շքերթի կապակցությամբ մայրաքաղաքից լրացուցիչ ոստիկանական ուժեր կբերվեն Գյումրի: Պատճառը, տեղի ոստիկանների մեկնաբանմամբ, քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, հատկապես ռազմական տեխնիկայի առկայության պայմաններում: Տեխնիկան Վարդանանց հրապարակ է շարժվելու «Մայր Հայաստան»հուշահամալիրի տարածքում գտնվող Սևերսկի թաղամասում տեղակայված ռուսական ռազմաբազայից, և հայ ոստիկանները հսկելու են, որպեսզի շքերթի դուրս եկած քաղաքացիները, հատկապես երեխաները հանկարծ չհայտնվեն շարժվող տեխնիկայի մոտակայքում, չդառնան դժբախտ պատահարի զոհ:
Ըստ որոշ տեղեկությունների, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղը Գյումրի չի ժամանի, թեև, այս քաղաքում սպասում էին նրա այցին: Հայ-ռուսական համատեղ միջոցառումը կգլխավորի գեներալ Միշա Գրիգորյանը, ու այն կանցկացվի տեղի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ