Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:
Այսօրվա դատական նիստի ժամանակ դատարանը շարունակեց հրապարակել քրգործում առկա գրավոր ապացույցները, որից հետո անցավ դատարան հրավիրված փորձագետների պարզաբանումներին:
Դատաբժշկական փորձագետ Վարուժ Սաքանյանը, անդրադառնալով իր կողմից կատարված դատաբժշկական փորձաքննությանը, դատարանում հայտնեց, որ փաստաբան Սամվել Շարբաթյանի մահը կարող էր վրա հասնել նաեւ մեկ հարվածի արդյունքում:
«Քթի հիմքի շրջանում ստացած ուժգին հարվածի հետեւանքով, որի արդյունքում վնասվում է նաեւ գանգի հիմի ոսկրերը եւ ուղեղանյութը, կարող էր բերել մահվան եւ կարող էր լինել մեկ հարվածի հետեւանք»:
Կարդացեք նաև
Նա մանրամասնեց նաեւ, որ փաստաբանի մահվան անմիջական պատճառ է հանդիսացել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումը,
«Շարբաթյանի մահվան անմիջական պատճառն է հանդիսացել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումը, ինչը պայմանավորված է գանգուղեղային փակ, բութ տրավմայի, քթի հիմքի շրջանի արյունազեղման, զույգ ակնակապիճների շրջանների արյունահավաքների, թքի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքների, գլխուղեղի կարծրենու, փափուկ թաղանթի, գանգի հիմի ոսկրերի գծային կոտրվածքի հետ»,-նշեց Վարուժ Սաքանյանը:
Փորձագետը հավելեց, որ Սամվել Շարբաթյանին հասցված վնասվածները պատճառվել են ոչ միաժամանակ, սակայն դրանք հասցվել են ժամանակի կարճ միջակայքում:
Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը, սակայն, դեմ արտահայտվեց վերոնշյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքներին` նկատելով, որ եղբայրը չէր կարող մեկ հարվածից մահանալ:
«Դեմ եմ Ձեր եզրակացությանը, եղբայրս մեկ հարվածից չէր կարող մահանալ, այս վնասվածքները կարող էին հասցվել բազմաթիվ հարվածների հետեւանքով»,-եզրափակեց Հասմիկ Մանուչարյանը:
Մանրամասները`տեսանյութում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ