Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ հոդվածները շատ լիրիկական-հուզական էին, որովհետև պատերազմի արյունը դեռ չէի տեսել». Վարդան Դևրիկյան

Մայիս 08,2014 19:35

Վերահրատարակվել է ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Երկրապահ կամավորական միության անդամ Վարդան Դևրիկյանի «Չսկսված և չավարտված պատերազմը» հոդվածների ժողովածուն, որը հեղինակը նվիրել է զինադադարի հաստատման 20-ամյակին:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Դևրիկյանն ասաց, որ գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2004 թվականին և նվիրվել է զինադադարի հաստատման տասնամյակին: «Տասը տարի հետո ես որոշեցի վերստին տպագրել այս գիրքը և առաջին հրատարակության մեջ ընդգրկված հոդվածներին ավելացնել նաև նորերը»,- ասաց հեղինակը:

Կառուցվածքային առումով գրքում երեք շերտ է առանձնացնում Վ. Դևրիկյանը. «Նախ բերվում են զինադադարի հաստատումից քսան տարի անց գրված հոդվածները: Այսինքն՝ սա հայացք է պատերազմական իրադարձություններին քսան տարվա հեռվից: Հետո բերվում են զինադադարի հաստատումից տասը տարի անց գրված առաջին հրատարակության նախաբանը և, վերջապես, պատերազմական տարիներին գրված հոդվածներս, որոնք հրատարակվել են մի շարք պարբերականներում»:

Պարոն Դևրիկյանը, ի դեպ, նշեց, որ հոդվածները գրքում զետեղվել են առանց լրացուցիչ խմբագրման, այնպես, ինչպես ժամանակին տպագրվել են մամուլում:

Վ. Դևրիկյանը հավելեց նաև, որ գրքի երկու երրորդը կազմում են այն հոդվածները, որոնք նա գրել է պատերազմի տարիներին: «Ընդ որում, ես հաշվել եմ, որ 5-6 տարվա ընթացքում մոտ 150 հոդված եմ գրել, բայց այս գրքում դրանց շատ փոքր մասն եմ ներառել, որովհետև տասը տարի հետո, երբ ուզում էի տպագրել հոդվածներս և մտածում էի, թե ինչ հսկայական հատոր է լինելու, կարդացի գրածներս, ու դրանց մի մասն ինձ պրիմիտիվ կամ սենտիմենտալ թվաց,- ասում է հեղինակը:- Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ամենաիսկական դատավորը ժամանակն է: Ու այդ դատավորը գրածներիս մի զգալի մասը խոտանեց: Հատկապես չեմ ներառել 1989-91թթ. գրված հոդվածները, որոնք շատ լիրիկական-հուզական էին ստացվել: Այդ ժամանակ պատերազմի արյունը դեռ չէի տեսել»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031