Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Շիրակի մարզի ամենաակտիվ ու ամենապասիվ պատգամավորները

Մայիս 08,2014 19:04

«Մանդատ» հ/կ անդամները, որոնք 5 տարի շարունակ ԱԺ մոնիթորինգ են իրականացնում, ուսումնասիրում են պատգմավորների ակտիվությունը, նրանց`օրենքների նախագծերին  կողմ ու դեմ քվեարկելու քանակը, հաճախումները, հայտարարագրված ունեցվածքը և այլն, այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում վերլուծեցին նաև Շիրակի մարզից ընտրված պատգամավորների գործունությունը:

«Մանդատ» հ/կ անդամ Մարիամ Բարսեղյանը, որը նաև խորհրդարանական լրագրող է, այսպես բնութագրեց շիրակցի պատգամավորներին. «Բացակայող պատգամավորների թոփ տասնյակում Ձեր մարզից պատգամավորներ չկան, սակայն միայն բացակայությունը բավարար ցուցիչ չէ պատգամավորի դրական, արդյունավետ գործունեության համար: Դուք թվարկեցիք մարզի պատգամավորներին, ես, որ խորհրդարանական լրագրող եմ, և լուսաբանում եմ բոլոր քառօրյաները, դժվարությամբ կարողացա մտաբերել, իհարկե, կարողացա դեմքը հիշել այդ պատգամավորներից մեկ-երկուսին: Շիրակի 5 պատգամավորները շատ քիչ են երբևէ եղել ԱԺ ամբիոնի մոտ,  կարելի է ասել միայն Սուքիաս Ավետիսյանը, որը հաշվիչ հանձնաժողովի նախագահ է, և վերջին շրջանում հաշվիչ հանձնաժողովի հետ կապված քննարկումների պատճառով  անընդհատ ամբիոնի մոտ է: Արման Սահակյանը ընդամենը մեկ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, ընդ որում ինքը չի ներկայացրել նախագիծը, այլ ընդամենը համահեղինակ է: Մուշեղ Պետոյանը երբևէ ամբիոնին չի մոտեցել, երբևիցե որևէ հարց չի տվել, ելույթ չի ունեցել: Աշոտ Աղաբաբյանը դարձյալ որևէ հարց, որևէ ելույթ, որևէ նախագիծ չի ներկայացրել, իհարկե միջանցքներում ինքը լինում է, քանի որ քվեարկության խնդիր կա, դահլիճ միշտ գալիս է:

Իսկ Մարտուն Գրիգորյանը զուտ պայմանավորված այն հանգամանքով, որ ինքը գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, անընդհատ մոտենում է ամբիոնին տեսակետներ հայտնելու:

Շիրակից ընտրված պատգամավորներից ամենաակտիվը, թերևս, Հովհաննես Մարգարյանն է, և կարծում եմ, ՕԵԿ-ի ընդդիմադիր դառնալու հետ կապված ավելի ակտիվ կլինի»:

«Մանդատ» հ/կ նախագահ Լուսինե Վասիլյանն էլ հավելեց, որ Հովհաննես Մարգարյանի անունը կա իրենց կողմից կազմած ակտիվ պատգամավորների թոփ տասնյակում (տես` կայքը ):

Ի դեպ, Լուսինե Վասիլյանը նաև ներկայացրեց ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի քվեարկության պատկերը չորս նստաշրջանների ընթացքում. նրա կողմ քվեարկությունները կազմել են 73,46 տոկոս, բացակայությունները մոտ 22 տոկոս, դեմ քվեարկությունները չեն հասնում 1 տոկոսի, ձեռնպահը` 3,4 տոկոս է: Պատգամավորը մեծամասամբ չի մասնակցել կամ դեմ է քվեարկել մի քանի թեժ օրինագծերի քննարկմանը, օրինակ` Սևանից հավելյալ ջրառ նախատեսող օրենսդրական փոփոխության քվեարկմանը չի մասնակցել, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման օրինագծի քվեարկմանը թեև ներկա է գտնվել, սակայն չի քվեարկել, գազային հանձնաժողովի ստեղծմանը կողմ է քվեարկել, Նաիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին դեմ է քվեարկել:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031