Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը նախօրեին իրենց 9 ակտիվիստին բերման ենթարկելու եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարության մեջ կապ է տեսնում:
Հիշեցնենք, որ դեսպանը հայտարարել էր, թե անհրաժեշտ է համարում Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների չեզոքացումը, որոնք սեպ են խրում ռուս – հայկական հարաբերություններում:
Հիշեցնենք նաեւ, որ Նախախորհրդարանը մայիսի 16-ին մեծ հանրահավաք է նախատեսել` քաղաքական ստեղծված իրավիճակի, Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու հարցերի շուրջ քաղաքացիների հետ խոսելու ու քննարկելու համար:
«Թեեւ մենք հ/կ չենք, բայց հասկանում ենք` հ/կ նշանակում է միտք, խոսք, որը հաճելի չէ Ռուսաստանի դեսպանատանը, քանի որ նա հանդիսանում է Հայաստանի միանձնյա նախագահ, վարչապետ, խոսնակ, մշակույթի նախարար եւ այլն: Մենք այսուհետեւ գործ ենք ունենալու Ռուսաստանի դեսպանատան ու նրա տեղական մասնաճյուղերի հետ, որոնցից է, օրինակ, ոստիկանությունը»,- ասաց պարոն Խզմալյանը:
Կարդացեք նաև
Մեր հարցին, այսինքն` դուք ձեզ համարում եք դեսպանի մատնանշած հայ-ռուսական հարաբերություններում «սեպ խրողների՞ց», պարոն Խզմալյանը պատասխանեց. «Եթե բռնատիրության հաստատումը նախկին խորհրդային տարածքում եւ երկրների ստրկացումը համարվում է հայ-ռուսական հարաբերություններ, ապա մենք սեպ ենք խրում»:
Նրա կարծիքով, դեսպանի հայտարարությունը խոսում է Ռուսաստանի վատ կանխատեսումների մասին.« Կանխատեսում են հակառուսական որոշ տհաճ զարգացումներ եւ փորձում են կանխարգելիչ միջոցառումներ նախատեսել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Երդվել ես Երևանում ամեն գնով «մայդան» սարքել?? Հիացմունքդ ֆաշիստների նկատմամբ չի նահանջում ոչ մի կերպ?? Քեզ թվում է,թե կողքիդ նորմալ մարդիկ պիտի կանգնեն: Արդեն հարյուր անգամ փորձել ես, չձանձրացար? Մենք ձանձրացանք: Ավելի լավ է, քո կինոյով զբաղվիր, չնայած էնտեղ էլ ես ձախողել: