Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի պատասխան «Առավոտ» օրաթերթում 2014թ. մայիսի 7-ին լույս տեսած քաղաքագետ Գ.Համբարյանի կարծիքի

Մայիս 08,2014 18:30

Ի պատասխան «Առավոտ» օրաթերթում 2014թ. մայիսի 7-ին լույս տեսած հոդվածի, որում քաղաքագետ Գ.Համբարյանը կարծիք է հայտնում ՀՀ սփյուռքի նախարարության վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նախարարության գործունեության և կատարած աշխատանքների վերաբերյալ գնահատականներ տվել են ՀՀ Նախագահը, որի նախընտրական ծրագրից էր բխում նախարարության ստեղծումը, և այն համահայկական կառույցները, որոնց հետ ամենօրյա անմիջական կապի մեջ է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սփյուռքի նախարարության 5-ամյա գործունեության ամփոփման ժամանակ, խոսելով նախարարության առջև դրված խնդիրների, անցած ուղու և ձեռքբերումների, կառույցի առաքելության ու նրա կողմից իրականացվելիք հետագա ծրագրերի մասին, մասնավորապես նշել է. «Սփյուռքի նախարարությունը ոչ միայն կայացել է, այլև դարձել է զարգացող և հեռանկարային կառույց, որը լծված է հայության օրակարգային խնդիրների լուծմանը: Այս կառույցն է այն շաղախը, որ կապում է Սփյուռքը Հայրենիքին, ամրացնում և ուղղորդում է այդ կապը: Նախարարությունն իր 5-ամյա գործունեությամբ ապացուցեց Սփյուռքի հետ հարաբերությունների համակարգման և պետության հետ առնչությունների կենտրոնացման նպատակահարմարությունը։ Այս տարիների աշխատանքի արդյունքում ստեղծվել է փոխըմբռնման, վստահության և համագործակցության բարենպաստ մթնոլորտ համայն հայության ներուժը մեկտեղելու, Հայաստան հայրենիքը հզորացնելու և Սփյուռքը հայ պահելու համար»:
Գ.Համբարյանը, թերևս, տեղյակ չէ, որ համահայկական կառույցները, որոնց հետ համագործակցում է ՀՀ սփյուռքի նախարարությունն իր ծրագրերի իրականացման համար, իրենց գնահատականներում նույնպես փաստում են նախարարության գործունեության արդյունավետությունը և կառույցի կայացած լինելը: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը նշել է. «Գնահատանքով կարելի է նշել, թէ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը այս փորձանաւոր տարիներուն աշխատեցաւ դառնալ զգալի ներկայութիւն մը աշխարհի տարածքին գտնուող սփիւռքահայ համայնքներուն համար: Հաղորդակցական կապերը զարգացնելու ձգտող այցելութիւններով, ազգասիրական կարգախօսերով և տունդարձի կոչերով, համագումարներով ու սփիւռքահայ պատանիներու և երիտասարդներու հայրենիք այցելութիւններով: Անցնող երկու տարիներուն յատկապէս, Նախարարութիւնը օրինակելի նախանձախնդրութիւն ցուցաբերեց հայրենիք ապաստանած Սուրիահայերու կարիքներուն հասնելու և անոնց բնակեցման, աշխատանքային, առողջապահական և առօրեայ հարցերուն լուծումներ ապահովելու ճիգին մէջ»: Ահավասիկ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության նամակում, մասնավորապես, նշված է. «Արդարև, անցնող հինգ տարիներու ընթացքին, Ձեր նորահաստատ նախարարությունը՝ կարևոր ներդրում ունեցավ Սփյուռք-Հայրենիք կապերու զարգացման և հայապահպանման վսհեմ գործին մեջ: Միշտ սատար հանդիսացաք մեր կրթական և մշակութային, մարզական, երիտասարդական ու հասարակական կազմակերպություններուն: Առանձնապես շնորհակալ գործ կտանիք Սուրիահայ գաղթականներուն շտապ օգնություն ցուցաբերելու օգտաշատ աշխատանքին մեջ»:

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր խոսքում ասել է. «Սփյուռքի նախարարության ստեղծմամբ Հայաստան-Սփյուռք կապերը դարձան ավելի ինստիտուցիոնալ, հարաբերությունները ձեռք բերեցին առավել նպատակային և դինամիկ բնույթ: Ողջունելի և բարձր գնահատանքի է արժանի, որ ամեն տարի Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հայկական համայնքային և կրոնական կառույցների ներգրավմամբ Հայաստանում անցկացվող բազմաթիվ միջոցառումների արդյունքում կանոնակարգվում են և էլ ավելի են ամրապնդվում Հայրենիք-Սփյուռք կապերը: Այսօր վստահաբար կարելի է ասել. Հայրենիքն այլևս դարձել է աշխարհասփյուռ հայության համախմբման հիմնական աշխարհագրական, քաղաքական ու հոգևոր առանցքը, ինչը վկայում է Սփյուռքի հիմնախնդիրների նկատմամբ պետության բացառիկ ուշադրության մասին»:

Իսկ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր օրհնանքի խոսքում ավելացրել է. «Մշակութային, կրթական, մարմնամարզական, գիտական և ճանաչողական բազմաբնույթ միջոցառումներով ու ծրագրերով հազարավոր մանկավարժներ, գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, երիտասարդներ ու պատանիներ ճանաչեցին ու սիրեցին Մայր Հայաստանը և նույնիսկ շատերն իրենց կյանքը կապեցին հայրենի երկրին: Սփյուռքի նախարարությունը խնամատար ուշադրություն դրսևորեց հատկապես վիրահայության նկատմամբ: Նախարարության միջոցներով Վրաստանում սկսեցին գործել մեկօրյա հայկական դպրոցներ, նախակրթարաններ, արվեստի խմբակներ, գործում են լրատվական կայքեր, տպագրվում են պարբերականներ, ուշադրություն դարձվեց Թբիլիսիի հայ մեծերի պանթեոնի խնամքին, ապահովվում է նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը համայնքային միջոցառումներին»:

«2008 թուականի Հոկտեմբերին կեանքի կոչուեցաւ Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութիւնը: Կարեւոր դեր խաղալու սահմանուած նախարարութիւն մը, որուն նպատակներն են զարգացնել Սփիւռք-Հայաստան գործակցութիւնը, օժանդակել Սփիւռքի մէջ հայապահպանումի եւ ազգային ինքնութեան արմատաւորման ճիգերուն, աջակցել Սփիւռքի համայնքներու զարգացման ճիգերուն, հայրենիքը ծանօթացնել աշխարհասփիւռ հայութեան, հայրենադարձութիւնը քաջալերող ծրագիրներ մշակել, ինչպես նաեւ օգտագործել Սփիւռքահայութեան ներուժը միացեալ ջանքերով համազգային խնդիրներ լուծելու եւ հայկական պետականութիւնը ամրապնդելու ուղղութեամբ: Այս յոբելեանին առիթով պէտք է արձանագրել, որ Սփիւռքի նախարարութիւնը իր գոյութեան առաջին հնգամեակին ընթացքին ունեցաւ շատ աշխուժ եւ մեծապէս գնահատելի գործունէութիւն»,- նշել է Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Վաչէ Փափազեանը:
Գ.Համբարյանի՝ «Արի Տուն» ծրագրի վերաբերյալ արտահայտած մտքերին ի պատասխան ներկայացնում ենք նաև Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, Լինսի հիմնադրամի փոխնախագահ, «California Courier» թերթի խմբագրապետ Հարութ Սասունյանի կարծիքը հենց նույն ծրագրի և մեր նախարարության գործունեության վերաբերյալ. «Այս շատ կարճ ժամանակամիջոցին դուք բազմաթիւ ծրագիրներ իրագործել, որոնցմէ կուզեմ առանձնացնել «Արի տուն» ծրագիրը, որ անմիջականօրէն կը կապէ սփիւռքի մեր երիտասարդները իրենց մայր հայրենիքին հետ: Դուք նաեւ յաջողեցաք նոր օրէնքներ առաջադրել Ազգային ժողովին, դիւրացնելու համար սփիւռքահայերու Հայաստան այցելութիւնն ու կեցութիւնը: Սփիւռքի նախարարութիւնը նաեւ դարձաւ շատ կարեւոր կամուրջ մը սփիւռքի եւ հայրենիքի միջեւ: Սփիւռքահայը հիմա գիտէ, թէ Հայաստանի մէջ կեդրոն մը կայ ուր կրնայ իր բոլոր հարցերը ներկայացնել եւ լուծումներ կամ օգտակար առաջարկներ ստանալ իր բազմազան դժուարութիւններուն վերաբերեալ»: Իսկ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանը նշել է. «Սփիւռքի նախարարութեան հիմնադրութեան հնգամեակին յետադարձ ակնարկը կ՛ընդգծէ այն հսկայական տարողութեամբ աշխատանքը, որ տարուեցաւ պետական մակարդակի վրայ Սփիւռքի թէ՛ մասնագիտական եւ թէ՛ հասարակական ներուժը համախմբելու եւ նպատակուղղուած աշխատանքը համակարգելու առումով։ Պետական այս գերատեսչութեան ստեղծումը աւելի քան անհրաժեշտ էր մեր համահայկական ներուժի օգտագործման եւ Հայրենիք-Սփիւռք հորիզոնական յարաբերակցութեամբ համագործակցութեան դաշտ ձեւաւորելու առումով»:

Չենք դժվարանում բերել մի քանի հատվածներ «Արի Տուն» ծրագրի մասնակիցների նամակներից: Քրիստինա Դավթյանը Դոնի Ռոստովից գրել է. «Ես շատ ուրախ եմ, որ այս ամառ ուղևորվեցի Հայաստան ոչ միայն հյուրընկալվելու բարեկամներիս մոտ, այլ «Արի տուն» ծրագրով բառացիորեն տեսնելու Հայաստանը ներսից: Էլ երբ կընձեռնվեր նման հնարավորություն. լինել Հայրենիքիդ գրեթե բոլոր անկյուններում և այսքան կարճ ժամանակահատվածում գտնել ընկերներ գրեթե ամբողջ աշխարհից»: Իսկ Լիբանանի Ազգային Եղիշէ Մանուկեան քոլեջի սան՝ 16-ամյա Գէորգ Ասատուրեանը իր հղած նամակում գրել է. «Խօսքերը անկարող են բացայայտելու զգացումներս, զորս ունեցայ այս այցելութիւններուն ատեն: Նկարագրութիւնները շատ ժլատ են արտայայտելու մեր հիացմունքն ու երջանկութիւնը: Որպէս վերջաբան՝ կուզեմ շնորհակալութիւն յայտնել սփիւռքի նախարա¬րութեան՝ այսպիսի ծրագիր մը կազմակերպելուն եւ իրագործելուն համար: Շնորհակալութիւն, որ ընդունեցիք, գուրգուրացիք, փայփայեցիք ու աչալուրջ կերպով հսկեցիք մեզի, ներեցիք մեր չարութիւնները… Վերջապէս մեզի տուիք մեր հայրենիքը ճանչնալու այս բացառիկ կարելիութիւնն ու առիթը»:

Արմեն Հարեյանը՝ Հարություն Հարեյանի հայրը, Հյուսիսային Կարոլինայից գրում է. «Նախ ուզում եմ խոնարհում և շնորհակալություն հայտնել հայ հասարակությանն ու սփյուռքի նախարարության թիմին, որ միջոցներ ու ջանքեր են տրամադրում այսպիսի ազգանվեր գործի համար: Մենք այսպիսի ծրագրերի օգուտները ազգովի կզգանք մի 10-20 տարի հետո: Մեր տղան՝ Հարութը, արդեն տանը հարցեր է տալիս Տիգրան Մեծի, Հայոց ցեղասպանության, հայ-պարսկական ու հայ-ռուսական հարաբերությունների մասին: Նա իր ապագան տեսնում է Հայաստանում: Միանշանակ: Ես՝ որպես ծնող, արցունքն աչքերիս եմ գրում այս տողերը»:

Եվ այսպես հարյուրավոր նամակներ…

Համահայկական կազմակերպությունների գնահատականը, որոնք աշխարհասփյուռ մեր ժողովրդի հայապահպանության հիմնասյուներն են, ՀՀ սփյուռքի նախարարության կարևորագույն ձեռքբերումներից է: Անցած ժամանակաշրջանում նախարարությանը հաջողվել է Սփյուռքի կառույցների և կազմակերպությունների հետ հաստատել փոխվստահության գործուն հարաբերություններ, ինչն ամուր հիմք է հետագա արդյունավետ աշխատանքի համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031