Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի և ՀՀ ինքնիշխանության ոտնահարման ու Արցախի մասնատման մասին ռուսական և ամերիկյան էմիսարների հայտարարությունների վերաբերյալ
22 տարի առաջ՝ 1992 թվականի մայիսի 8-ին հայ ազատամարտիկների անձնազոհ ու գրագետ գործողությունների շնորհիվ ազատագրվեց Արցախի հին մայրաքաղաք Շուշին: Արցախի տարածքում որոշիչ ռազմավարական դիրք ու նշանակություն ունեցող Շուշիի ազատագրումն ըստ էության կանխորոշեց ազգային-ազատագրական պայքարի հայանպաստ ռազմական ելքը:
Ներկայումս աշխարհում և տարածաշրջանում տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխությունների հերթական փուլի գործընթացներ: Ըստ այդմ՝ սրվել է ուժային կենտրոնների, առաջին հերթին՝ մեր տարածաշրջանում դրանց բևեռները կազմող Ռուսաստանի և ԱՄՆ-ի մրցակցությունը, որն հետզհետե ձեռք է բերում սառը պատերազմի շրջանին բնորոշ կոշտ դիմակայության բնույթ:
Ռուսաստանը ձգտում է բառի բուն իմաստով կլանել Հայաստանը, իսկ ԱՄՆ-ն փորձում է հատկապես Արցախի խաղաքարտը շահարկելով՝ իրեն ձեռնտու իրավիճակ ձևավորել տարածաշրջանում: Նրանք այնքան են շտապում, որ չեն խորշում իրենց բարձրաստիճան դիվանագետներին որպես էմիսարներ ներկայացնելուց: Այդ մասին են վկայում մեր երկրում ըստ էության ռուսաստանյան տեղեկութային վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի և Արցախը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով ու անորոշ կարգավիճակով բանակցությունների առարկա դարձնելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի համապատասխան հայտարարությունները:
Կարդացեք նաև
Հայաստանյան ապազգային վերնախավը, որը գոյատևում է որոշակի մասնաբաժնի դիմաց ազգային շահերի հաշվին իր անձնական ու խմբային նկրտումները օտար տերերի շահերին հարմարեցնելու ու ծառայեցնելու միջոցով, գրեթե իսպառ կորցրել է ինքնուրույն որոշումներ ընդունելու կամքն ու հնարավորությունը և ի վիճակի չէ համախմբելու ազգին ու դիմակայելու առկա մարտահրավերներին:
Վերը նշվածի հաշվառմամբ Նախախորհրդարանը հայտարարում է.
1. Շուշիի հաղթանակի շնորհիվ դե ֆակտո ՀՀ մաս դարձած Արցախի հարցի վերջնական լուծման բանալին հայ ժողովրդի ձեռքում է, որն իրականացվելու է ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ Հայաստանում հայ ժողովրդի կամքի ու իշխանության վերահաստատմամբ ազգային պետություն ստեղծելուց հետո՝ Արցախում և ՀՀ-ում անցկացվելիք հանրաքվեի միջոցով նրանց դե յուրե միավորմամբ:
2. ՀՀ-ն մաս չի կազմելու որևէ վերպետական կազմակերպության, այդ թվում՝ մեռելածին Մաքսային Միության և ցնորական Եվրասիական Միության, իսկ Եվրոպական կամ որևէ այլ ինտեգրացիային մասնակցելու է այնքանով, որքանով դա չի վնասելու նրա հայակենտրոն և հայաստանակենտրոն քաղաքականության նպատակներին:
Նախախորհրդարանը շնորհավորում է հայ ժողովրդին նրա պատմական և ռազմավարական ձեռքբերման՝ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի առթիվ և կոչ է անում հավատարիմ մնալ իր զավակների արյան ու տառապանքի գնով ձեռք բերած Արցախյան հաղթանակին, համախմբվել և պետության կառավարումից հեռացնել երկիրն ու նրա շահերը հանձնող հանցավոր վարչախմբին ու ստեղծել ինքնիշխան ազգային պետություն:
ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ